Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ֆրանսիայում հասարակական-քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետյանը հարցազրույց է տվել 168.am-ին՝ անդրադառնալով Փարիզի քաղաքապետի ընտրություններում որպես թեկնածու առաջադրված Ռաշիդա Դաթիի՝ Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապեր ունենալու թեմային:
Yerkir.am-ը ներկայացնում է լրատավամիջոցի հետ զրույցն ամբողջությամբ.
«Փարիզի քաղաքապետի ընտրություններում որպես թեկնածու առաջադրված Ռաշիդա Դաթին սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխանությունների հետ. 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայում հասարակական-քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետյանը:
«Այո, ճիշտ են այս լուրերը, բայց սա նորություն չէ: Շուրջ տասնամյակ ի վեր Ռաշիդա Դաթին այս ընթացքի մեջ է, և առաջին իսկ օրից ՀՅԴ Հայ Դատի Հանձնախումբը պայքարում է նրա դեմ՝ մերկացնելով սերտ կապերն Ադրբեջանի հետ: Փարիզի քաղաքապետական ընտրություններում ևս Ռաշիդա Դաթիի դեմ պիտի պայքարենք ամեն գնով: Ադրբեջանի իշխանությունները, ինչպես Եվրոպայի ամբողջ տարածքում, նաև Ֆրանսիայում, վարում են իրենց խավիարային և նավթադոլարային դիվանագիտությունը»,- նշեց Վարժապետյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ազդեցություն ունենալ Ֆրանսիայի թե քաղաքական, ակադեմիական, տնտեսական, և թե այլ ոլորտների վրա՝ որսալով անվանի կամ ազդեցիկ անձնավորությունների, որոնցից մեկն էլ Դաթին է:
«Նա Նիկոլա Սարկոզիի օրոք Ֆրանսիայի արդարության նախարարն էր, այժմ Փարիզի 7-րդ թաղամասի քաղաքապետն է, և հիմա Փարիզի քաղաքապետի թեկնածու է՝ աջակողմյա կուսակցության (հանրապետական) կողմից: Ընտրությունները տեղի կունենան երկու հանգրվանով՝ մարտի 15-ին և 22-ին: Պետք է ընդունել, որ Դաթիի ընտրվելու հավանականությունն անտեսելի չէ, սակայն ՀՅԴ Հայ Դատի Հանձնախումբը, ինչպես նաև ամբողջ հայ համայնքը միասնական ջանքերով պիտի պայքարի և ձախողի նրա ընտրությունը՝ զորակցելով ներկա քաղաքապետ ձախակողմյա Անն Հիտալկոյին, որը դարձյալ թեկնածու է և Հայ Դատի ջերմ բարեկամը: Հայտնեմ նաև, որ Դաշնակցական երիտասարդությունը` ՀՅԴ «Նոր Սերունդն» արդեն իսկ երկու ակցիաներ է կազմակերպել նրա դեմ, և պիտի շարունակվեն ակցիաները մինչև ընտրություն»,- հայտնեց հասարակական գործիչը:
Իսկ թե կոնկրետ ի՞նչ վտանգներ է պարունակում Դաթիի ընտրությունը, Հրաչ Վարժապետյանը նշեց՝ նա պրոադրբեջանական և պրոթուրքական դեմք է, և երբ հասնի պաշտոնի, դա ինքնին բնական վտանգ է համայնքային շահերի և Հայ Դատի լոբբիստական աշխատանքների համար ընդհանրապես, ինչպես նաև՝ արցախյան կարգավորման գործընթացի համար, հատկապես, երբ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ խմբի եռանախագահներից մեկն է:
«Հետաքրքրական է նաև այն, որ նույնինքը՝ ֆրանսիական շրջանակները, մտահոգ են Ադրբեջանի հետ Դաթիի կապերով: Ֆրանսիական հեղինակավոր «Մարիան» թերթը այս շաբաթ ծավալուն հոդվածով անդրադարձել էր այս վտանգին՝ հատկապես ընդգծելով Ադրբեջան-Թուրքիա եղբայրակցությունը, իսկ այս օրերին հայտնի է Եվրոպայի մեջ Թուրքիայի նկատմամբ վերապահությունն ու դժգոհությունը` գաղթականների թղթածրարի և Իդլիբի օրակարգով: Էրդողանի սպառնական ոճը հաշտ աչքով չի ընդունվի Ֆրանսիայում, նրա եղբայր Ալիևի տեսակը՝ նույնպես: Բոլորի համար գաղտնիք չէ, որ Անկարան կգործի նաև Բաքվի շահերից, ոչ միայն սեփական, հետևաբար՝ հակաթուրքական և հակաադրբեջանական մեր պայքարը Ֆրանսիայում լեգիտիմ է: Մենք այդ պայքարը պիտի շարունակենք թափով, համոզումով՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի արդար իրավունքների»,- եզրափակեց Հրաչ Վարժապետյանը: