կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-29 10:33
Տարածաշրջան

12 տարի անց. Մարտի 1-ի գլխավոր հարցերը մնում են անպատասխան. Ովքե՞ր են սպանել 10 խաղաղ ցուցարարներին. «Ժողովուրդ»

12 տարի անց. Մարտի 1-ի գլխավոր հարցերը մնում են անպատասխան. Ովքե՞ր են սպանել 10 խաղաղ ցուցարարներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վաղը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի 12-րդ տարելիցն է: Իհարկե, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1»-ի գործի քննությունը վերսկսվել է, եւ առաջին անգամ ունենք իշխանություն, որն ունի քաղաքական կամք՝ բացահայտելու 12 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը:

Այժմ՝ գործի վերաբացումից 1.5 տարի հետո, այն ժամանակ իշխանությունում գտնվող մարդիկ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար: Այսինքն՝ մեղադրյալի աթոռին են այնպիսի մարդիկ, որոնց երբեք չէինք կարող պատկերացնել այդ կարգավիճակում:

Սակայն գլխավոր հարցերը այդպես էլ մնում են անպատասխան. ովքե՞ր են սպանել 10-ը խաղաղ ցուցարարներին: Եվ պետք է արձանագրել, որ այս գործի արդար քննությունը հրամայական է իշխանությունների համար, եւ դա պետք է այնպես անել, որ որեւէ մեկը չփորձի կասկածի տակ դնել իրավապահների գործողությունները կամ փորձի քաղաքական երանգներ տալ դրանց: Սակայն այս ամենի փոխարեն ականատես ենք լինում իրավապահ համակարգի սայթաքումներին:

Օրինակ՝ 2019 թվականի հունիսին այս գործի շրջանակներում սպանության մեղադրանքով կալանավորվել էր ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, որը, սակայն, երկու ամիս անց ազատ արձակվեց։ Եվ ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գեղամ Պետրոսյանի քրեական գործն առաջիկայում կարող է կարճվել:

Այսինքն՝ մեղադրանք առաջադրեցին, սակայն չկարողացան ապացուցել: Բացի այդ, 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հանդես եկավ մի աղմկահարույց հայտարարությամբ՝ ասելով, թե Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ի դեպքերի ժամանակ սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Մինչ օրս, սակայն, այս հայտարարությունն էլ ոչ մի կերպ չի հիմնավորվել:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայություն՝ հասկանալու համար՝ որեւէ տեղաշարժ առկա է Տիգրան Աբգարյանի կամ մյուս սպանությունների մասով, սակայն ՀՔԾ-ից որեւէ մեկնաբանություն չտվեցին: Եվ ստացվում է՝ 12 տարի անց ունենք փաստ, որ ոչ մի սպանության դեպք բացահայտված չէ:

Ի վերջո, 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի բացահայտումը չի ենթադրում միայն սահմանադրական կարգի տապալման հոդվածով մեղադրանքներ առաջադրելով բավարարվել, ինչն էլ այս ընթացքում փորձում են հրամցնել հանրությանը: Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի ամբողջովին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում