Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական դրամը 30 տարեկան է
Հիշում եմ 30 տարի առաջ այս օրը։ Շատ ցուրտ էր, շատ․․․ Ցուրտ ու մութ տարիներն էին։ Օրերով հոսանք չկար։ Գազ, ջեռուցում ու տաք ջուր արդեն մի քանի տարի չկար։ Մարդու մարմինը չէր հասցնում տաքանալ, միշտ ցուրտ էր։ Տաքանում, ճաշ էինք եփում ու լողանալու համար ջուր էինք տաքացնում փայտի վառարանով, տունը լուսավորում նավթի լամպայով։ Ցուրտ ու մութ տարիներն էին, Արցախյան ազատամարտի ու պետականության կերտման հերոսական տարիներն էին։
Նոյեմբերի 22-ին փողը փոխվեց։ 50,000 սովետական ռուբլու դիմաց 250 դրամ տվեցին։ Ահագին փող էր։ Հայրս բանկից 1,000 դրամով տուն եկավ։ Այդ օրը երեկոյան լույս ունեինք մի քանի ժամով։ Հավաքվել էինք էլեկտրական պլիտայի մոտ ու հայկական փողն էինք ուսումնասիրում։ "Դրամ" բառը խորթ էր, լուման՝ էլ ավելի։ Ձեռքիցս 25-անոցն ընկավ պլիտային, եզրից մի փոքր, շատ փոքր մաս մոխրացավ։ Ինձ թվաց առաջին մազս այդ պահին սպիտակեց։ Ցուրտ ու մութ տարիներ էին, ոչինչ չկար, ինչ էլ կար՝ թանկ էր։
Մի տեսակ հպարտություն կար սրտումս։ Ցուրտ էր, մութ էր, բայց դե արդեն սեփական փող ունեինք։ Իհարկե դրամի ներդրման շուրջ բազմաթիվ հարցեր կան։ Օրինակ՝ ինչու՞ Հայաստանը, ով Ալմա Աթայի արձանագրության վավերացման մեջ դեռևս 1992 թվականի փետրվարին էր վերապահում արել՝ նշելով, որ ամեն հանրապետություն կարող է սեփական դրամն ունենալ, նախկին սովետական վերջին հանրապետություններից էր, որ հրաժարվեց ռուբլուց։ Արդյունքում, նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններից տոննաներով ռուբլի էր գալիս Հայաստան՝ գներն ամեն օր տիեզերական բարձունքների հասցնում։ Տգիտություն էր, թե՞ մի քանիսը միլիոնատեր դարձան։ Ինչու՞ դրամը մտավ արհեստականորեն բարձր փոխարժեքով՝ 100 դրամը 7 դոլար։ Սխալ հաշվարկ էր, թե՞ էլի մի քանիսը միլիոնատեր դարձան։ Վերջապես, քանիսը՞ գիտեին, որ Հայաստանը դուրս էր գալու մեռած ռուբլու գոտուց։ Քանիսը՞ դա իմանալով միլիոնատեր դարձավ․․․․ Հարցեր են, որ չգիտեմ՝ պատասխան կունենա՞ն։
Դրամին շատերն արագ կործանում էին կանխատեսում։ Ի տարբերություն կուպոնների ու զայչիկների դրամը մնաց ու կա, չնայած 30 տարիների արժեզրկումներին ու արժևորումներին։ Աստված մեր դրամին կայունություն տա։
Առիթից օգտվեմ ու բանկիր ընկերներիս էլ շնորհավորեմ իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ։
Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ,
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր