Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով` Yerkir.am-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունից:
Հանձնաժողովի որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 29-ին, ժամը 18:00-ին, վերջին հրաժեշտը՝ մարտի 1-ին՝ ժամը 13-ին, Խաղաղ Դոնի փողոց, 2/14 հասցեում գտնվող սգո սրահում (ավտոշուկայի հարևանությամբ): Հուղարկավորությունը՝ նոր քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով չի ստեղծվելու: Այս մասին հուշարձանագետի հարազատներին պաշտոնապես հայտնել էր ԿԳՄՍ նախարարության բարձրաստիճան պաշտոնյան:
Սամվել Կարապետյանը կոչումներ չունի, ուստի նրա մահվան կապակցությամբ հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում ընթացակարգերին. սա էր, ըստ ԿԳՄՍ նախարարության պաշտոնյայի, հանձնաժողով չստեղծելու պատճառը:
Սամվել Կարապետյանի հարազատներն այս լուրը ստանալուց հետո որոշել էին հանգուցյալի հոգեհանգիստը կազմակերպել Շահումյանի «Զոլեր» սգո սրահում: Այդուհանդերձ, կառավարության նշյալ դիրքորոշման առիթով հասարակական շրջանակներում առաջացած բողոքի հուժկու ալիքը ստիպեց ՀՀ իշխանություններին՝ ձևավորել հանձնաժողով, գումարել նիստ, ինչի արդյունքում փոխվեց հոգեհանգստի վայրը և ձևաչափը:
Հ.Գ. Որոշ շրջանակներ, ֆեյբուքյան օգտատերեր և իշխանությունների մոլի երկրպագուներ շտապեցին հանդես գալ իշխանությունների փաստաբանի դիրքերից՝ հայտարարելով, թե, իբր, Yerkir.am-ի՝ կառավարական հանձնաժողով չստեղծելու մասին լուրը կեղծ էր:
Ի գիտություն նշված շրջանակներին՝ հայտարարում ենք՝ Yerkir.am-ը վերահաստատում է իր նախորդ լուրի իսկությունը, այն հիմնված է եղել ԿԳՄՍ նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի՝ Կարապետյանի հարազատներին հայտնած պաշտոնական դիրքորոշման վրա և արտացոլել է օբյեկտիվ իրականությունը:
Ըստ այդմ՝ այդպիսի շրջանակներին կոչ ենք անում զերծ մնալ էժանագին մանիպուլյացիաներից, և իշխանությունների՝ հասարակական հուզումներին ընդառաջ գնալուն, սեփական սխալը խոստովանելուն և դեմքը փրկելուն ուղղված այս քայլը ընդունել այնպես, ինչպես այն իրականում կա: