կարևոր
2998 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-20 09:25
Հասարակություն

80 տարի առաջ ստեղծվեց ԳԱԱ-ն․ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ուղերձը

80 տարի առաջ ստեղծվեց ԳԱԱ-ն․ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, թանկագին գործընկերներ.

Ճիշտ 80 տարի առաջ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ դարակազմիկ իրադարձություն. Երկրորդ աշխարհամարտի թեժ օրերին՝ 1943 թ. նոյեմբերի վերջին, ստեղծվեց հայկական գիտության մայր հաստատությունը՝ Հայաստանի գիտությունների ակադեմիան։ Դեռ միջնադարյան ժամանակներից բարձրագույն կրթության ու գիտության հզոր ավանդույթներ ունեցող հայությունն այդուհետ նոր թափով շարունակեց համաշխարհային գիտության վերելքին ծանրակշիռ նպաստ բերելու և քաղաքակրթական դաշտում իր նվաճումներով արժանի տեղ զբաղեցնելու առաքելությունը։

Պատմաբաններիս համար առավել քան ուրախալի է, որ հայոց գիտության կաճառի՝ ակադեմիայի հիմնադրմանը զուգընթաց, նրա կազմում ձևավորվել է նաև պատմության ինստիուտը, որի առաջին տնօրենի պաշտոնը զբաղեցրել է ԳԱ առաջին նախագահ, էրմիտաժի տնօրեն, աշխարհահռչակ արևելագետ, ակադեմիկոս Հովսեփ Աբգարի Օրբելին։ Պատմության ինստիտուտի հիմքի վրա ժամանակի ընթացքում կազմավորվել է հայագիտական ու հասարակական գիտահետազոտական ինստիտուտների մեծ մասը։

Ութ տասնամյակների ընթացքում պատմության ինստիտուտի բազմաթիվ աշխատակիցների ջանքերով ստեղծվել են մեծաքանակ ծանրակշիռ մենագրություններ ու հոդվածներ, տարբեր լեզուներով հրատարակվել են նյութերի ժողովածուներ, կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ, պատրաստվել են բազմաթիվ երիտասարդ կադրեր։ Հայաստանի ամբողջական պատմության ուսումնասիրության տեսանկյունից կարևոր նշանակություն է ունեցել Հայ ժողովրդի պատմության ութհատորյակի հրատարակությունը, որն արժանացել է պետական մրցանակի։ Հետխորհրդային տարիներին անաչառ պատմություն գրելու և բազմաթիվ հայեցկարգային խնդիրների լուծման հարցում անգնահատելի է Հայոց պատմության նոր բազմահատորյակի հրատարակությունը, որի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները մոտենում են ավարտին։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական անձնակազմի անունից սքանչելի հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Գիտությունների ազգային ակադեմիայի բոլոր աշխատակիցներին, հայոց գիտական ողջ հանրությանը և մեր ժողովրդին: Հայկական գիտության մայր կաճառին և պատմության ինստիտուտին մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ վասն Հայաստան աշխարհի ու հայ ժողովրդի։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական անձնակազմի անունից՝

Տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Ա. Մելքոնյան