Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես ձեզ վկայակոչեմ հենց ադրբեջանցի ականատեսների պատմածները, թե ինչպես են տանջել մորս, հենց ադրբեջանցիներն են պատմում դրա մասին», - Կոտայքի մարզի Բյուրեղավանի իր նոր կացարանում ներկայացնելով մի շարք փաստաթղթեր՝ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց սումգայիթյան ոճրագործությունների ականատես Էնգելս Գրիգորյանը:
«Ըստ ադրբեջանցիների այդ վկայությունների՝ հրոսակախումբը ներխուժելով Գրիգորյանների բնակարան, ննջասենյակի անկողնու տակ թաքնված գտավ մորս՝ Էմմա Գրիգորյանին: Ադրբեջանցիները հանում են մորս հագուստը, ֆիզիկական բռնություն գործադրում, մի քանի հոգով բռնաբարում 58 տարեկան կնոջը: Ադրբեջանցի խուլիգանները վճռել էին սպանել նրան՝ առանձնակի դաժանությամբ տանջելով: Մորս մերկ վիճակում շենքի 4-րդ հարկից իջեցնելով փողոց՝ նստեցնում են մուտքի մոտ դրված նստարանին և մարմնի մասերն այրում ծխախոտով, այնուհետ տանում հարևան շենքի բակ, ծաղրուծանակի ենթարկում: Հանցագործները մետաղական ձողով հարվածում են նրան, առանձնակի դաժանությամբ խոշտանգում (հեշտոցի մեջ մետաղյա ձող է եղել): Ես մորս տեսա դիահերձարանում. նա 1988 թ. փետրվարի 29-ին հիվանդանոցի նեյրովիրաբուժության բաժնում իր մահկանացուն էր կնքել ողնաշարի կոտրվածքով, պատռված հեշտոցով», - վերհիշեց այս ամենը Էնգելս Գրիգորյանը:
«Խորհրդային բանակի զինվորները ընդամենը երեք ժամ ուշացան» հայտարարեց ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովը։ Մինչդեռ իրականությունն այն էր, որ Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը տեղի էր ունենում հայ ժողովրդի սովորական ցեղասպանություն. նախապես պատրաստված ցուցակներով Սումգայիթում բնակվող հայերի հասցեներով ադրբեջանական հրոսակախմբերը ներխուժեցին նրանց բնակարաններ։ Թյուրքական ձեռագիրը չէր փոխվել, գործի դրվեցին քարերն ու մետաղե ձողերը, հայ կանանց բռնաբարությունն ու խոշտանգումները:
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում հինավուրց մի բարձրահարկ շենքում են բնակություն հաստատել սումգայիթյան ջարդերից մազապուրծ մի քանի ընտանիքներ։ Նրանք, կորցնելով իրենց մերձավորներին, իրենք հրաշքով փրկվելով՝ տեղափոխվել են մայր հայրենիք։ Նրանցից յուրաքանչյուրի բնակարանում պատին կախված են սպանված ամուսինների և որդիների սև սպիտակ մեծ լուսանկարները, իսկ պահարաններում խնամքով պահված են խունացած թղթերի ու լուսանկարների հաստափոր կապոցներ։ Այնտեղ նրանց զոհված հարազատների սպանության համար խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում հարուցված քրեական գործերի դատավարությունների արդյունքներն արտացոլող փաստաթղթերն են, լուսանկարների տրցակ՝ խոշտանգված, ողջակիզված հայերի դիակների պատկերմամբ։
Էնգելս Գրիգորյանի մայրը՝ Էմմա Գրիգորյանը, ում, ինչպես ինչպես նշեցինք, առանձնակի դաժանությամբ խոշտանգել են ադրբեջանցիները, ծնունդով Շահումյանի շրջանից էր, ապրել է Սումգայիթի 3-րդ միկրոշրջանի 5/2 շենքի 45 բնակարան հասցեում:
«Փետրվարի 27-ին Սումգայիթի կենտրոնական հրապարակում հանրահավաք էր, մենք մտածեցինք սովորական հավաք է: Մայրս ապրում էր քաղաքի այլ թաղամասում, առաջին օրը ես մորս տանն էի, երբ տարօրինակ բղավոցներ լսեցինք: Մենք չէինք կարող պատկերացնել, որ հանրահավաքները կվերածվեն բռնարարքների: Փետրվարի 27-ին ավազակախմբերը մտնում էին ավտոբուսներ և հայերի փնտրում ու սկսում հարվածել: Սկզբում միայն մարդկանց թակում էին, խփում: Հաջորդ օրվանից սկսեցին ներխուժել բնակարաններ և սփռվելով հայաշատ թաղամասերում՝ ջարդում էին ապակիները, հրկիզում ավտոմեքենաները` փնտրելով հայերի»,- պատմեց Էնգելս Գրիգորյանը:
Ադրբեջանական վայրագությունների ականատեսը պատմեց, թե ինչպես խմբերի բաժանված ջարդարարները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում մարդկանց իրենց տներում, հաճախ դուրս բերում նրանց փողոցներ ու բակեր` հրապարակավ ծաղրուծանակի ենթարկելու համար: Տանջանքներից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում:
«Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները անօրինակ դաժան. պաշտոնական տվյալները իրականության հետ ոչ մի աղերս չունեն, իրականում կային հազարից ավելի տուժածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, ինչի մասին հաճախ հենց բռնաբարվածները չեն ուզեցել բարձրաձայնել՝ ասելով, որ իրենց միայն հարվածել են, քանզի դա իրենց հետագա կյանքում խանգարել է ամուսնանալ, ընտանիք կազմել», - փաստեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ Հայաստանում եղել է դեպք, երբ տուժածն ամուսնացել է, երեխա ունեցել, սակայն երբ տղայի ծնողները հեռուստացույցով տեսել են, իմացել, որ ադրբեջանցիները Սումգայիթում բռնաբարել են այդ փախստական աղջկան, դրդել են տղային ամուսնալուծվել:
Այդ օրերի ադրբեջանական բռնարարքներից հրաշքով փրկված շատ տուժածներ հաշմանդամության տարբեր կարգերով այսօր ապրում են Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում: Դեպքերից հետո Սումգայիթում կային մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ։ Հակառակ Գորբաչովի այն հայտարարությանը, թե խորհրդային բանակի զինվորները ընդամենը երեք ժամ ուշացան, Էնգելս Գրիգորյանը փաստում է, որ միայն փետրվարի 29-ի երեկոյան խորհրդային զորքերը միջամտեցին երեք օր շարունակվող սպանդին՝ կանխելով հետագա ջարդերը:
Էնգելս Գրիգորյանը երկար տարիներ հավաքել է Սումգայիթյան ցեղասպանությունը վկայակոչող փաստեր. քանի մարդ է զոհվել, քանի մարդ է ենթարկվել ջարդի, բռնության։ Նրա տան պահարանում կային սահմռկեցուցիչ տեսարաններ պատկերող նկարներ, որոնց մեջ կային տուժած հայերի՝ հիվանդանոցներում տրված ախտորոշման, հարազատների մահվան պատճառ հանդիսացած մարմնական վնասվածքների վերաբերյալ թերթիկներ: Այդ փաստաթղթերի շարքում էր նաև իր մոր տանջանքներն արտացոլող, մահվան պատճառ հանդիսացած մարմնական վնասվածքների վերաբերյալ թուղթը.
Էնգելս Գրիգորյանն իր խոշտանգված մոր աճյունը հանել է ադրբեջանական գերեզմանատնից և վերահուղարկավորել նրա հայրենի Շահումյանում՝ ծնողների կողքին:
Բյուրեղավանում հանդիպեցինք նաև Մելքումյանների ընտանիքի՝ հրաշքով փրկված հարսներին: Մելքումյանների ընտանիքի եղերական մահը ցնցել է շատերին: Նրանք բնակվում էին Սումգայիթ, 14 ա թաղամասի 2 բ շենքի 21 բնարակարնում: Մելքումյանները ծնունդով Հադրութի շրջանից էին:
Լուսանկարում պատկերված գեղեցկուհի այս աղջիկը 27 ամյա Իրինա Մելքումյանն է, ով իրենց ընտանիքի հարսներին ու երեխաներին օգնեց փախչել պատշգամբով, իսկ ինքը սպանվեց ծնողների և երկու եղբայրների հետ: Նրան բռնաբարեցին, մերկ հանեցին փողոց և ծաղրուծանակի ենթարկելով, հարվածելով՝ այրեցին: Այս ընտանիքի հարսները երեխաների հետ փրկվել են պատշգամբից փախչելով հարևանի տուն և այսօր ապրում են Բյուրեղավանում սոցիալապես ծանր պայմաններում: Նրանք ևս չունեն փախստականի կարգավիճակ:
«Մեզ՝ հարսներիս երեխաների հետ պատշգամբով անցկացրեցին հարևանի բնակարան և փրկվեցինք։ Չէինք կարող պատկերացնել, որ կսպանեն մի ողջ ընտանիք։ Հայաստան գալուց հետո մենք պարբերաբար գնում էինք Մոսկվա մեր ընտանիքի սպանության գործով դատական գործին մասնակցելու համար։ Սպանողները շարքային խուլիգաններ էին: Ես մի անգամ հարցրեցի նրանցից մեկին՝ «Դու գիշերը հանգիստ քնո՞ւմ ես, որ այրել ես կենդանի մարդկանց»: Նա ինձ պատասխանեց. «Այո, հանգիստ քնում եմ»։ Դա նախապես ծրագրավորված նախճիր էր»,- Yerkir.am-ի հետ զրույցում փաստեց հրաշքով փրկված հարսը՝ Իրինա Մելքումյանը՝ հավելելով, որ ազգային հողի վրա հանցագործություն իրականացրած ադրբեջանական խաժամուժը շենքի կառավարման մարմիններից վաղօրոք վերցրելով հայ ընտանիքների բնակության վայրերի հասցեները, երկաթյա ամրաններով զինված ներխուժել են բնակարաններ։
Սումգայիթում իրականացված սպանությունների համար հարուցված քրեական գործերի դատավարությունները դատական ընթացակարգի և տուժածների իրավունքների կոպիտ խախտումներով ընթանում էին խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում։ Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ։ Մնացածներին ներկայացվել են սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի և այլ մեղադրանքներ՝ հանցագործության հիմնավորումն անվանելով «խուլիգանական դրդապատճառներ»:
Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործների շատ գործեր կարճվել են, և նրանց մեծ մասն ազատ է արձակվել՝ այդպես էլ համապատասխան պատիժ չկրելով։
Սումգայիթյան ոճրագործություններից մազապուրծ և Բյուրեղավանում հանգրվանած հաջորդ ընտանիքը, ում այցելեցինք, Թովմասյանների ընտանիքն էր:
Հյուրասենյակի պատին փակված էր ադրբեջանցիների խոշտանգումների հերթական զոհի՝ Ռաֆիկ Թովմասյանի լուսանկարը: Ծնունդով Մարտակերտի շրջանի Վանք գյուղից Ռաֆիկ Թովմասյանն ապրում էր Սումգայիթ 3-րդ միկրոշրջանի 6/2 շենքի 8 բնակարանում:
Սումգայիթյան ոճրագործությունների օրը Ռ. Թովմասյանը աներոջ և հարևանի հետ շենքի շքամուտքում ութ ժամ շարունակ հերոսաբար պայքարել է ադրբեջանցի ավազակախմբի դեմ՝ թույլ չտալով ներխուժել բնակարան, որի ննջարանում թաքնվել էին երեք անչափահաս երեխաները: Իսկ կինը՝ Ռայա Թովմասյանը, այդ ընթացքում մոր հետ գնացել էր հարևան շենքից զանգահարելու: Ադրբեջանցի մի ընտանիք ինը ժամ նրանց թաքցրել է իրենց տանը: Վերադառնալով տուն՝ Ռայա Թովմասյանն ամուսնուն սպանված է գտնում շենքի մուտքի առջև, իսկ երեխաներին ննջարանում թաքնված… Նա վստահ է, որ, ամեն դեպքում, ծանոթ ադրբեջանցի է խնայել երեխաներին: Նրա որդին այն ժամանակ հինգ տարեկան էր և այժմ հստակ հիշում է. «Ես հիշում եմ, որ քարով խփեցին մեր պատուհանին ու ապակին ջարդվեց թափվեց մեզ վրա: Ես պապային ասացի. «Պա՜պ, մի՛ գնա, քեզ կսպանեն…»:
Բյուրեղավանում մեր հաջորդ կանգառը մի ծեր կնոջ բնակարանում էր: Ցուրտ հյուրասենյակի նախաշեմից մեր աչքին զարնեցին պատին կախված հաղթանդամ և խրոխտ կեցվածքով նրա երկու որդիների՝ Ալբերտ և Վալերի Ավանեսյանների մեծադիր լուսանկարները. նրանց ևս Սումգայիթի իրենց շենքի բակում սպանել են ադրբեջանցիները:
«Մենք ապրում էինք Սումգայիթ, 5-րդ թաղամաս, 19/28 շենքի 1-ին բնակարանում, առաջին հարկում: Տղաներս բարձրագույն կրթություն էին ստացել, լավ աշխատանք ունեին, Վալերաս 27 տարեկան էր, Ալբերտս՝ 29: Պատրաստվում էինք ամուսնացնել նրանց: Մենք մեկնել էինք Բաքու, փոքր որդիս մնացել էր տանը, երբ վերադարձանք ողջ քաղաքում իրարանցում էր, անկարգություններ, խուլիգանություն: Մինչ մեր վերադառնալը մեզ ծանոթ ադրբեջանցիները Վալերային առաջարկել էին իրենց հետ մեքենայով հեռանալ այդ թաղամասից, նա պատասխանել էր. «Ո՞ւր փախչեմ, շուտով մայրս կգա Բաքվից, տանը կսպասեմ նրան»,- Yerkir.am-ին պատեց Ռիմա Ավանեսյանը:
Երբ ադրբեջանցիցները ներխուժել են բնակարան, եղբայրները դուրս են եկել բակ կռվելու ավազակախմբի դեմ, իսկ մայրը բարձրացել է հարևանի բնակարան: Նա պատուհանից տեսել է՝ ինչպես են խոշտանգում իր որդիներին և սպանում:
«Երբ հիշում եմ նրանց պատկերները… երեխաներիս դաժանաբար սպանեցին, հարևանները չթողեցին ես իջնեմ բակ՝ ասելով քեզ էլ կսպանեն», - դառնացած պատմում է որդեկորույս մայրը:
«Сумгаит… Геноцид… Гласность» գրքում հրապարակախոս, արցախյան շարժման ակտիվիստ Հրայր Ուլուբաբյանի վերլուծությունները ցույց են տալիս, որ սպանվել է ավելի քան 100 մարդ: Կան դատավճռիների որոշումներ, դատախազության նամակներ, դատախազի պաշտոնական հաղորդագրություն, որոնցում Սումգայիթը ներկայացված է որպես հանցագործության վայր:
Հայ ազգի դեմ իրականացված այս հանցագործության նպատակն էր հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը՝ ամենուր վանկարկելով՝ Ղարաբաղը մերն է…
Հանրահավաքի ժամանակ շրջանառվում էին այն լուրերը, թե հայերն ադրբեջանցիներին խոշտանգում են Հայաստանում, որ ադրբեջանցիներով լի ավտոբուս են այրել, և որ Սումգայիթի ջարդերը պատասխանն է այս ամենի։
Ադրբեջանում հայազգի բնակչության նկատմամբ իրականացրած էթնիկ զտումներից ու տեղահանության գործողություններից այսքան տարի անց էլ փախստական եզրույթը Հայաստանում շարունակում է արդիական մնալ։
Ցավալի է նշել, որ նրանց, ում 1988 թ. սպանել են Բաքվում, Սումգայիթում և այլուր, մինչ օրս համարվում են խուլիգանության հետևանքով սպանվածներ։ Ամուսիններ կորցրած և մանկահասակ երեխաների հետ Հայաստանում բնակություն հաստատած կանանց և երեխաների համար պետության կողմից այդպես էլ ոչ մի արտոնություն չսահմանվեց, որպեսզի այս ընտանիքները ևս համարվեն զոհվածի ընտանիքներ և կենսաթոշակ, անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունենան։ Սումգայիթում զոհվածների ընտանիքներն ու ժառանգները ո՛չ սոցիալական, ո՛չ խոցելի խմբի հատուկ կարգավիճակ չունեն, մինչդեռ ադրբեջանահայության նկատմամբ տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրագործվող ցեղասպանություն էր, որից հազարավոր խաղաղ բնակիչներ տուժեցին սոսկ այն պատճառով, որ իրենք հայ էին և կրում էին յան վերջածանցով ազգանունը։
Ասում են՝ մինչ օրս էլ Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս հայտնաբերվում են արյունոտ այդ հողի վրա ցեղասպանության ենթարկվածների աճյունները…
Վարդինե Իսահակյան