կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-24 13:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարձրագույն կրթության մասին օրինագիծը պետք է դիտարկել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև մարտահրավերների համատեքստում. Քրիստինե Վարդանյան

Մենք խնդիրներ ենք տեսնում ընդհանրապես կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության վարած քաղաքականության մեջ և հատկապես այս օրենքի նախագծում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը Ազգային ժողովում՝ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ:

Քննարկմանը մասնակցում են օրենսդիրներ, կրթության ոլորտի մասնագետներ, ինչպես նաև թեմայով շահագրգիռ այլ քաղաքացիներ։

«Օրենքի նախագծի քննարկումը նախքան մանրամասների մեջ խորանալն անհրաժեշտ է դիտարկել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, ընդհարապես աշխարհասփյուռ հայության առջև ծառացած մարտահրավերների համատեքստում. թե դրանցից որոնց է միտված այս օրենքի նախագիծը լուծելու և ինչ ճանապարհներով է լուծելու: Այս համատեքստում է, որ օրենքի նախագծի մի շարք դրույթներ խնդրահարույց են դառնում», - հայտարարեց Վարդանյանը:

Անդրադառնալով բուն օրենքի նախագծին՝ Վարդանյանը նշեց. « Ողջունելի է, և գուցե վաղուց էր պետք միավորել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը և «Գիտության մասին» օրենքը, սակայն միավորումը կատարվել է այս օրենքի նախագծում գիտության բլոկի հաշվին, որովհետև շատ լավ մշակված է կրթության բլոկը, բայց գիտության բլոկին հատկացված է շատ քիչ դեր՝ մի քանի նախադասություն, և այս առումով խնդրահարույց է»:

Օրենքի կոնկրետ որ մասն է խնդրահարույց՝ նա բացատրեց. «Մեր կարծիքով, ԳԱԱ-ն պետք է պահպանի իր դերը՝ որպես գիտության բնագավառում հիմնարար հետազոտություններ իրականացնող ու կառավարությանը խորհրդատվություն տրամադրող մարմին: Իհարկե, պետք է որակական նոր մակարդակի բարձրանա կրթության և գիտության համագործակցությունը, բայց դա չպետք է արվի ԳԱԱ-ի հաշվին, և եթե մենք լուծումներ ենք փնտրում այս համատեքստում, կարող ենք առաջարկել, որ ներդրվեն համապատասպան մեխանիզմներ, որպեսզի ուսանողները գիտահետազոտական ինստիտուտներում իրենց ծրագրերի մի մասն անցկացնեն ու տվյալ ինստիտուտից ստանան կրեդիտների կոնկրետ քանակ»:

ՀՅԴ անդամը տեսակետ հայտնեց, որ  օրենքի նախագծում արհեստական հակադրության մեջ դրվեցին բուհերի ինքնավարությունը և հայագիտական բլոկի առարկաների դասավանդումը. «Սա կեղծ օրակարգ էր, մինչեռ բուհերի ինքնավարությանը սպառնում են այլ հոդվածներ, այդ թվում նաև այն հոդվածը, թե քանի մարդ պետք է լինի բուհի կառավարման խորհրդում»:

Մանրամասն՝ տեսանյութում․