կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-18 12:38
Հասարակություն

Կառավարությունը հաստատեց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը

Կառավարությունը հաստատեց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը

Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը: Ննիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ օրինագիծը տարիների աշխատանքի արդյունք է, որով Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում տեղի կունենան բազմաթիվ փոփոխություններ: Նախարարը շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, որոնք խորհրդատվական ծառայություններ տրամադրեցին օրենքի մշակման գործընթացում:

Շուտով կընդունվեն օրենքից բխող համապատասխան օրենսդրական փաթեթներ:

«Երկու կարևոր սկզբունք կա` համալսարանական ինքնավարության և ներքին դեմոկրատիայի կտրուկ աճ` խորհուրդ, կառավարում, գործադիր խորհուրդ, բալանսավորման քաղաքականություն, ֆինանսավորման մեխանիզմներ և ամբողջությամբ ուսանողակենտրոն քաղաքականություն, երբ ուսանողը հնարավորություն է ունենում անցնելու ամբողջական/բակալավրիատի համար/ կամ մասնակի ուսուցման համակարգին: Վերջինս կփոխարինի հեռակա ուսուցման ձևաչափը, ուսանողն ինքը կկարողանա ծրագրավորել իր ուսուցման պրոցեսը: Օրենքը նախատեսում է որակավորումների մի մեծ շրջանակ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Օրինակ` մարզային համալսարանների համար նախատեսվում է նախաբակալավրիատի հասկացությունը»,- ասաց նախարարը:

Օրենքի ընդունման հիմնական նպատակը ուսուցման կրթական որակի բարձրացումն է` ուսանողի ու դասախոսի պատասխանատվության մեծացումը: Կա նաև ֆինանսավորման ճկուն քաղաքականություն` պետպատվերի և կրթաթոշակների քաղաքականության հստակեցման ձևով: Շրջանառության մեջ կդրվի մինչև 2030թ. կրթության զարգացման համալիր ծրագիրը` գործողությունների ժամանակացույցով: Եվ այս ամենը որակական կտրուկ փոփոխությունների կհանգեցնի կրթության համակարգում: