կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-22 13:21
Մշակույթ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 13

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 13

Երկրորդ գործողությունն էլ նստեց,չխաղաց,բայց կարծես թե մի քիչ ուշքի է եկել։ Քիչ խոսք ունի այստեղ,մի կերպ խոսում է. «Կ-կինս անհավատարիմ գտնված է,կինս իր պաշտո… պաշտոնիի՛… պաշտոնի մեջ»։ Այսպես անցավ եւ այս գործողությունը։ Ընդմիջմանը, ըստ սովորության, եկավ մեր՝ ջահելներիս մոտ,նստեց ծալապատիկ. «Հարցեր ունե՞ք»։ Էլ ինչ հարց,բոլորս՝ տխուր. Մետաքսյան լաց է լինում. «Լավ,էլի,Հրաչ,այս ի՞նչ արեցիր»։ «Ի՞նչ է եղել, ի՞նչ եմ արել»։ «Խայտառակ եղանք,ա՛խր չի կարելի»։ «Ինչո՞ւ,ի՞նչը», «Բաքվում ենք,եկել ենք հյուրախաղերի ,չես կարողանում խոսել,չես խոսում»։ Լրջացավ. «Ի՞նչ պատմություն,ի՞նչ Բաքու»։ «Հյուրախաղեր են»։ «Ի՞նչ կխաղանք»,- երկու գործողություն է խաղացել,այսինքն՝  նստել բեմի վրա,նոր է հարցնում։ «Պաղտասար աղբար»։ Թուրքերը մեզ վրա են ծիծաղում,հայերը լացում են»։ Ու այդ վայրկյանին ի՛նչ կատարվեց նրա հետ. «Վա՛յ աման ազգիս համար կխաղանք,- ու ինքն իրեն,- Հրաչ,ա՛յ  Հրաչ,էս ի՞նչ արիր»… Գնաց, գլուխը առանց ֆեսը հանելու, մտցրեց լվացարանի ջրի տակ։ Ֆեսը ընկավ,բեղերը՝ պոկվեցին։ «Մարալի՛կ»,- կանչեց գրիմյորին։ Գլուխը չորացրեցին,բեղերը կպցրեցին.. Մեկ էլ դարձավ մեր կողմը. «Գնացե՛ք սրահ։ Բոլորդ։ Ժողովրդին էլ կանչե,ներս անցնեն»։ «Ի՞նչ ասաց»,-հարցրեց այդ վայրկյանին մոտեցած Աճեմյանը։ «Ասում է՝ գնացեք սրահ»։ «Ի՞նչ սրահ»։ «Ասում է՝ սրահը գնացե՛ք»։

Սկսվեց։ Ներս մտավ բեմ։ Կիպարին դիմելով՝ «Խիղճդ քեզմե անամոթ»,եւ այլն,եւ այլն… Դահլիճը կամաց-կամաց լրջանում է,ներսից կանչում են «Ֆոյեում» գտնվողներին. «Եկե՛ք,եկե՛ք խաղում է»։ Հասավ այն հատվածին,որտեղ նրան ասում են. «Խենթ է,խենթ…»։ «Ես խենթ չեմ»,- ու բացեց ա՛յն կապույտ աչքերը, ամեն մեկը ինչպես տասհազարանոց լուսարձակ,կրակ նետեց աչքերից ժողովրդի վրա։ Դահլիճը կախարդվեց…Նա էլ բեմի վրա հանկարծ խելագարվեց,աչքերից արցունքն է հոսում. «Խենթ չեմ ես,խենթ չեմ… այս տունը տունս է… Համաձայն եմ… Համաձայն եմ»։ Ես այսպիսի ուրիշ դերասան չեմ տեսել… Դահլիճը ցնցվեց՝ բաղիրովները ամբողջ կազմով ոտքի ելան, նայում են… էլ ի՞նչ ժպիտ,էլ ինչ ծիծաղ,եղեռն բերեց թուրքերի գլխին։

Ներկայացումը հասնում էր իր ավարտին,վերջին տեսարանն էր, թռավ,սեղանին պարեց. «Թյուրատեսություն է,թյուրատեսություն…»։

Ես Մոսկվայում մի անգամ տեսել եմ Օլիվիեին «Օթելլո»-ի մեջ, ընդունելությունը արտակարգ էր,տասը անգամ բացել-փակել են վարագույրները։ Բայց այն,ինչ որ կատարվեց այս գիշեր,ոչ ոք չի տեսել։ Ի՞նչ տասը,երեսուն-քառասուն անգամ բացվում-փակվում էր վարագույրը.  «Բռավո»-ներ,անվերջ ծափահարություններ… Առավոտը թերթերը գրում էին.«Եկե՛ք,եկե՛ք,նայե՛ք տեսե՛ք՝ հայերը ինչեր են անում»։ Առաջին ներկայացումը նպաստեց ամբողջ հյուրախաղերի հաջողությանը։

Ա՛յ քեզ Հրաչ… Անկրկնելի խաղաց,ցնցեց բոլորին… Մյուս օրը ազատ էր,ցերեկով գինովցած եկավ թատրոն՝ «С Новым годом»։

Այն տարի ամբողջ երկրով մեկ բոլորը պետք է քննարկեին Սովետական Միության բարձրագույն ղեկավարներին՝ Մոլոտովին,Կագանովիչին,Մալենկովին պաշտոններից հեռացնելու հարցը։ Սունդուկյանականները այս պարտականությունը կատարում էին Բաքվի թատրոնի տնօրենի առանձնասենյակում։ Դուռը բաց էր, եւ լսելով Հրաչյայի ձայնը,մեր թատրոնի տնօրենը՝ Ղազարյանը,ասաց.   «Հրաչյա՛,այստեղ կուսակցության կարեւոր ժողովի նիստ է»։ «Շատ լավ,- պատասխանեց Ներսիսյանը։ - Ղազա՛ր,Մոլոտովին պաշտոնից չհանես, մեղք է»։

… Մոլոտովին հանեցին։ Մեր հյուրախաղերն անցան արտակարգ հաջողությամբ… Վերադարձանք տուն… Հետո նոր հյուրախաղեր… հիշողություններ… Նոր ներկայացումներ Սունդուկյանի անվան թատրոնի բեմում…

… Այստեղ,Մայր թատրոնում,ես հանդիպեցի… մի հայելու,այնպիսի մի հայելու, որը երբեք չէր կեղծում,նա երբեմն ոգեւորում էր,երբեմն էլ նախատում,նա օգնում էր ինձ ճանաչելու ինքս ինձ,գիտակցելու արարքներս։ Ես հաճախ էի վիճում այդ հայելու հետ,չէի համաձայնվում,վիրավորվում էի… Բայց անցնում էր որոշ ժամանակ,եւ ես նորից վերադառնում էի նրա մոտ։ Պատահում էր,որ մենք բախվում էինք,ընդհարումներ ունենում… Անցնում էին տարիներ,եւ ես հասկանում էի,որ դրանք պարզապես վեճեր էին,ստեղծագործական վեճեր։ Ես յուրովի էի սիրում այդ հայելուն։ Նա նման էր մի մոր,որը երբեմն ժպտում է,որ փրկի երեխային,երբեմն էլ շոյում է,որ քաջալերի նրան։ Արվեստը զարմանալի հայելի է,որի անունն էր Վարդան Աճեմյան։ Նա արդեն ճաշակել էր Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»-ի հմայքը,երբ ես անում էի իմ առաջին քայլերը։ Քսանհինգ տարի աշխատեցի նրա հետ ու չեմ հիշում մեկին,որ չհավատար նրան՝ սկսած մեծերից՝ փառք ու վաստակ,պարգեւներ ու կոչումներ ունեցող մեծ վարպետներից մինչեւ հանդերձարանի աշխատողները ։ Գերմարդկային ի՞նչ ուժ էր պետք մեր մեծերին,որոնք իրենց հերթին նույնպես ուսուցիչներ էին, համոզել,բերել մի հավատի՝ ներկայացման հավատին։ Աճեմյանը ուներ այդ ուժը։  Նա ստեղծում էր ստեղծագործական հրաշալի մթնոլորտ,որից եւ ծնվում էր ներկայացումը։ Եվ այս բոլորն անում էր արտաքուստ մեղմ,երբեմն թույլ ու անփույթ թվացող Վարդան Աճեմյանը։

Աճեմյանական անկրկնելի փորձերի մասին խոսելն իզուր է,պետք էր նկարահանել։ Միայն մի բան ասեմ,եթե Աճեմյանը 150 բեմադրություն է արել եւ ամեն բեմադրությունը փորձել է չորս ամիս,նշանակում է նա իր կյանքում կատարել է 18 000 փորձ,որոնք միայն փորձեր չէին,այլ ավելի շուտ ստեղծագործական բարդ ու հակասական պրոցեսների անվերջանալի շղթա… Բայց կարեւոր էլ չեն այս չոր թվաբանական հաշվումները,որովհետեւ նրա ստեղծագործական օրը,նրա փորձերը սկսվում էին առավոտյան վաղ,արթնանալուց անմիջապես հետո… Աճեմյանը գիտեր գայթակղել եւ գայթակղվել դերասանով,եթե դերասանը շնորհալի էր,հաճախ պատահում էր,որ շեղվելով պիեսի գլխավոր ընթացքից ,նա ավելի շատ տարվում էր որեւէ երկրորդական դերով։ Նա սիրում էր իմպրովիզացիա։ Իր այսօրվա գյուտից նա կարող էր վաղն իսկ հրաժարվել, նույնիսկ եթե դերասանը հիշեցնում էր, որ երեկ ինքն էր այդպես թելադրել։

Ասում են,որ Աճեմյանը փայտից էլ դերասան կսարքեր։ Դա, իմ կարծիքով, սխալ է, որովհետեւ Աճեմյանը գիտեր,որ ամեն մարդու մեջ, դերասան լինի թե ոչ,մի ուրույն հարստություն կա,եւ նա կարողանում էր տեսնել ու ասպարեզ հանել այդ հարստությունը։ Երբեմն դերասանը չի էլ զգացել,որ այն գեղեցիկը,ինչ Աճեմյանն առաջարկում էր նրան, մի քիչ առաջ վերցրել էր հենց իրենից եւ հիմա,ավելի մշակված ու հղկված,վերադարձնում է իրեն։ Աճեմյանը սիրում էր,երբ  դերասանը մտածում էր,շատ էր սիրում, երբ դերասանը Աճեմյանից ստացածը վերադարձնում էր Աճեմյանին։ Դա մի բարդ, շղթայաձեւ ընթացք էր,որը եթե հաջորդականությամբ էր կատարվում,ապա տեղի էր ունենում ստեղծագործական իսկական երկունք։ Ես տեսել էի այդպիսի երեւոյթ Աճեմյանի եւ Թաթիկ Սարյանի համատեղ փորձերի ժամանակ,որոնք տեւում էին մինչեւ ուշ երեկո։ Աճեմյանը սիրում էր կոնտրաստ,նա ստիպում էր խախտել օրինաչափությունը, որից եւ ծնվում էին կոմիկական եւ ողբերգական իրադրաձությունները բեմի վրա։ Հիշում եմ,երբ փորձում էինք «Նամուսը» (ես խաղում էի Հայրապետի դերը),Աճեմյանը առաջարկեց վիրավորված հոր եւ հարեւանի հոգեկան խռովքը արտահայտել… պարելով։ Փորձին ներկա գտնվողները ծիծաղեցին, եւ Աճեմյանը,բեմ ցատկելով,ցույց տվեց,թե ինչպես պետք է դա անել։ Ցավալի է,ես այդպես էլ չկարողացա այդ տեսարանը խաղալ Աճեմյանի ուզածի պես,իրականություն դարձնել նրա գեղեցիկ ու ինքնատիպ մտահղացումը։      

Շարունակելի