կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 17:46
Հասարակություն

Տոնական օրվա խորհուրդը. «Համազգայինի» գրքերը ներկայացվեցին Շիրակի մի շարք հաստատություններում

Տոնական օրվա խորհուրդը. «Համազգայինի» գրքերը ներկայացվեցին Շիրակի մի շարք հաստատություններում

Շիրակ աշխարհը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն, ուստի մենք այս նվիրական օրը որոշեցինք մեկօրյա շրջագայության գալ այստեղ, ներկայացնել մեր կարևոր հրատարակությունները և առավել խորացնել մեր կապերը մարզի մի շարք կրթամշակութային հաստատությունների հետ. Շիրակի պետական համալսարանի գրադարանում այս մասին հայտարարեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, ով, վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, «Համազգայինի» նոր հրատարակված մի շարք գրքեր նվիրեց ՇՊՀ-ի գրադարանին:

«Համազգայինի» երևանյան գրասենյակի պատվիրակությունը փետրվարի 19-ի խորհրդանշական օրը Շիրակ էր այցելել մարզային ծրագրերի շրջանակներում:

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան և գիրք նվիրելու օրը համազգայնականների այցը ՇՊՀ-ի գրադարան և գրքերի նվիրաբերումը հաճելի անակնկալ էր նաև Գրադարան ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Թերեզա Խաչատրյանի համար, ով իր հիմնարկի երկարաշունչ անվանումը արտաբերելիս անպայման խոսքը համեմում է գյումրվա հումորով:

Գրադարանի տնօրենը գիրքը համարում է լավագույն նվերը՝ վստահեցնելով, որ «Համազգայինի» նվիրաբերած գրքերը հատկապես օգտակար կլինեն պատմաբանասիրական ֆակուլտետների ուսանողների համար, ովքեր դրանցում կգտնեն իրենց գիտական աշխատանքների համար արժեքավոր նյութեր:

«Գիրք նվիրելը չափազանց հաճելի բան է ցանկացած անհատի համար: Երբ սկսում ես գիրք ընտրել, սկսում ես մտածել քեզ համար արժեքավոր մարդու մասին, մտածում իր ճաշակի մասին և ըստ այդմ կատարում ընտրություն: Այնուհետև գալիս  է բուն նվիրելու պրոցեսը: Դա ևս հաճելի գործընթաց է, որին հաջորդում է արդեն մտորումը՝ ի՞նչ տպավորություն ստացավ, ի՞նչ պատկերացումներ ձևավորվեցին, ինչպե՞ս ազդեց գիրքն իր վրա», - օրվա խորհրդին անդրադառնալով՝ նշեց Թերեզան, ում համար գիրքը ինքնաճանաչման յուրօրինակ ուղի է և յուրօրինակ «զբոսաշրջային» գործընթաց:

«Դու դառնում ես զբոսաշրջիկ գրքի սկզբում, այնուհետև  հասնում է Ա կետից Բ կետ և  գրքի ավարտին հասկանում, որ դու այլևս նույնը չես: Տեղի է ունենում ինքնակատարելագործում, ինքնազարգացում, որը հենց կյանքի նպատակն է: Դրա համար կյանքը պատկերացնել առանց գրքի՝ անիմաստ է»,- իր մտորումները Yerkir.am-ին փոխանցեց գրադարանի տնօրենը: 

Չնայած այսօր էլեկրոնային միջոցները կարծես ընթերցողներին հեռացնում են գրքից, այդուհանդերձ, Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, իր խոսքերով, թղթից ավելի լավ է մարսում ինֆորմացիան, քան համակարգչի էկրանից:

«Գիրքը գիտելիքի, ինֆորմացիա փոխանցելու ակունք է: Գիտելիքը պետք է շարունակականություն պարունակի իր մեջ, որը պիտի դինամիզմով բերի զարգացման: Գիրք նվիրելը շատ մեծ ու կարևոր գործ է, և շատ կարևոր է, որ մենք գիրք նվիրելու օր ունենք», - ողջունելով համազգայնականների այցը ՇՊՀ՝ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Ե. Սերոբյանը: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նաև իր շնորհակալանքի խոսքն ուղղեց «Համազգայինին»՝ նշյալ նախաձեռնության համար:

«Ստանալով «Համազգայինի» այս արժեքավոր հրատարակությունները՝ Լևոն Շանթ, Հովհաննես Թումանյան, Անդրանիկ, անկեղծ, շատ ուրախացա: Անցյալ տարի ստացա իմ սիրելի Համո Սահյանի գիրքը: Սա արդեն դառնում է ավանդույթ: Իմ մեջ ներքուստ միշտ կռիվ էր՝ ով է ավելի մեծ՝ Թումանյա՞նը, թե՞ Սահյանը: Շատ են ջինջ, պարզ, զուլալ: Ոչ մեկի մոտից մի բառ չես կարող հանել: Փորձենք հանել քառյակներից մի բառ և դնել հոմանիշ, չի ստացվում: Խառնվում է իմաստով, կերտվածքով», - փաստեց Ե. Սերոբյանը՝ վստահեցնելով՝ երբ կթողնի ռեկտորի աթոռը, «Համազգայինի» կողմից անձամբ իրեն նվիրած գրքերը ևս կթողնի հաջորդ ռեկտորին:

Համազգայնականների այցի հաջերդ կանգառը Ախուրյանն էր, որի՝ 1990 թ. Հյուսիսային Ամերիկայի Արևելյան Հայ Օգնության Միության կողմից կառուցված Նիկոլ Աղբալյանի անվան վարժարանի գրադարանը ևս «Համազգայինի» երևանյան գրասնեյակի տնօրենից ստացավ բազմաթիվ նորահրատ գրքեր:

Ավագ դպրոց-վարժարանի փոխտնօրեն Անժելա Մանուկյանը և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Պետրոսյանը հաճելի անակնկալի համար երախտիքի խոսքեր հղելով համազգայնականներին՝ սիրով ներկայացրին կրթական հաստատության աշխատանքները, տարիների վաստակը: Վարժարանի ուսուցիչների նվիրումի շնորհիվ համբավավոր այս կրթօջախի սաներն աչքի են ընկնում ոչ միայն իրենց առաջադիմությամբ, այլև վարքագծով և հայրենիքի, ազգային մշակույթի հանդեպ տածած առանձնահատուկ վերաբերմունքով: Դասարաններից մեկում, օրինակ, անհնար էր առանց հուզմունքի և հպարտության լսել խմբային արտասանություն Թումանյանի քառյակներից, պոեմներից, որոնք ներկայացվեցին հյուրերի համար՝ բանաստեղծի ծննդյան օրվա առիթով:    

Գյումրու Ղ. Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում ևս տրամադրությունը տոնական-թումանյանական էր. ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը դպրոցի ինքնազարգացման կենտրոն-գրադարանում աշակերտները նախապատրասվում էին տոնական միջոցառմանը՝ միաժամանակ սպասելով նաև համազգայնականներին:  

 

Ռուզան Առաքելյանից ստանալով հայագիտական մեծաքանակ և արժեքավոր գրքեր, ինչպես նաև արժևորելով գրքի, գիտության և կրթության դերը հայ նոր սերնդի դաստիարակության գործում՝ տնօրեն Համազասպ Խոցանյանը դպրոցի ողջ կոլեկտիվի անունից երախտիքի խոսքեր ասաց «Համազգայինի» գրասենյակի ներկայացուցիչներին: Իսկ աշակերտները «Համազգայինի» երևանյան գրասենյակի տնօրենին ուղղված իրենց շնորհակալանքի խոսքերն արտահայտեցին մեծանուն բանաստեղծի կյանքի և գործի դրվագների ներկայացմամբ և քառյակների արտասանությամբ:

Համազգայնականների՝ վաղօրոք ծրագրված այցի վերջին կանգառը Գյումրու «Շիրվանյան» կենտրոնն էր, որտեղ մի շարք մտավորականների, գրողների և հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցավ «Համազգայինի» մի շարք գրքերի շնորհանդեսը:

Օրը համարելով խորհրդանշական՝ «Համազգայինի» երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը  մեծապես կարևորեց նորահրատ գրքերի շնորհանդեսը մշակույթի և արվեստի կենտրոն Գյումրիում կազմակերպելու իրողությունը: Ներկայացնելով Համազգային հայ կրթական և մշակութային միության անցած ուղին՝ Ռ. Աառաքելյանը փաստեց, որ Լևոն Շանթի, Նիկոլ Աղբալյանի Համո Օհանջանյանի և մյուսների կողմից 1928 թ. մայիսի 28-ին հիմնադրված և հայապահպանական դարավոր ուղի անցած «Համազգայինն» այսօր էլ պատվով է իրականացնում իր առաքելությունն ինչպես Սփյուռքում, այնպես էլ, 1990 թ. սկսած, հայրենիքում: 

«Բնական է, որ մշակույթի, մտավորական շրջանակների այս մարդիկ պետք է մտածեին ստեղծել դպրոցներ, մշակութային կենտրոններ, որոնցով կարողանային սերունդներին հայ պահել: Եվ նրանք ստեղծեցին «Համազայինը», որն այսօր գործում է աշխարհի 16-ից ավել երկրներում՝ նույն եռանդով, ջանասիրությամբ, առաքելությամբ և սկզբունքով: Մենք միմիայն հայ մշակույթով, հայ գրականությամբ, հայոց լեզվով կարող ենք հայ պահել մեր սերունդներին և՛ հայրենիքից դուրս, և՛, ինչու չէ, հաշվի առնելով հոգևոր արժեքները հետին պլան մղող այսօրվա մեր մարտահրավերները, նաև հայրենիքում», - իր ելույթում նշեց Ռուզան Առաքելյանը:

Հայաստանի գրողների միության Շիրակի մասնաճյուղի նախագահ Անդրանիկ Կարապետյանը ևս մեծ հետաքրքրությամբ է ընթերցում «Համազգայինի» հրատարակությունները: Մինչ դրանց բովանդակությանն անդրադառնալը՝ գրողն արժևորեց նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության տեղը և դերը հայ կյանքում. «Մարդիկ, որոնց սիրել ու հարգել եմ, կուսակցություն, որի գաղափարախոսությունն ընդունել եմ իմ արյամբ և որի անցած ճանապարհի ու կատարած հայանպաստ գործի առաջ խոնարհվում եմ», - իր ելույթում նշեց գրողը:

ՀԳՄ Շիրակի մասնաճյուղի նախագահը ուրախությամբ ընդունեց «Համազգայինի» մի շարք գրքերը, որոնք շուտով կզարդարեն մասնաճյուղի գրադարանը:

«Վարդգես Ահարոնյանը եղել է  Անդրանիկի համհարզն ու նրա թարգմանիչը: Բնականաբար կան բաներ, որ իրենից լավ ոչ-ոք չի իմացել Անդրանիկի մասին և գիրքը ներառում է նաև այդ նյութերից: Թումանյանը եղել է Ավետիս Ահարոնյանի և՛ մտերիմ ընկերը, և՛ հաճախ նաև հյուրընկալվել իր տանը: Բնականաբար կան բաներ, որ ավելի լավ կարող էր հենց Վարդգես Ահարոնյանը ներկայացներ, և այդպես էլ կա:  Կան նաև հրաշալի վերլուծություններ, որոնք մեզ շատերիս անծանոթ են: Մի խոսքով՝ շատ արժեքավոր գրքեր են: Վստահաբար կարող եմ ասել, որ այն սիրելի կդառնա բոլոր գրքասերների համար», - շնորհանդեսին ներկայացված գրքերից՝ Վարգես Ահարոնյանի «Անդրանիկ. մարդը և ռազմիկը» և «Հովհաննես Թումանյան. մարդը և բանաստեղծը» հրատարակություններին անդրադառնալով՝ նշեց Անդրանիկ Կարապետյանը: Գորղն այնուհետև խոսեց նաև իր գլխավորած կազմակերպության անդամների, հատկապես երիտասարդ գրողների  հաջողությունների մասին՝ անուն առ անուն հիշատակելով նրանց, ովքեր մասնակցել են պոեզիայի և արձակի փառատոների՝ դառնալով մրցանակակիրներ:

Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան նաև գրողներ, ՀԳՄ Շիրակի մասնաճյուղի անդամ Արա Արտյանը և բ.գ.թ. Կարինե Մարտիրոսյանը:

«Ժողովածուն բաժանումների է ենթարկված՝ «Հուշեր և խոհեր», «Դիմանկարի ուրվագծեր», ««Գրադատականներ»»: Գիրքը անհրաժեշտաբար լրացնում են տեղադրված բացառիկ լուսանկարները: «Հավելված» մասը վերջին հատու շտրիխն է, որով ընդգծվում և վերջնական, լիարժեք հատորյակի է վերածվում գիրքը՝ «Երկու վկայագիր» խորագրով՝ ընթերցողին, նույնիսկ Շանթ մարդուն և գրողին անհայտ՝ «Արտոնագիր» և «Վկայական»՝ առաջին անգամ հրապարակվող փաստաթղթերի ներդրումով: «Լևոն Շանթ. մարդը և գործը» հատորյակը նվիրված է գրողի ծննդյան 150-ամյակին: Բացարձակապես ոչինչ չի վրիպել ժողովածուն /հատորյակը/ կազմողների ուշադրությունից: Վկայություններից մեկն էլ գրքի Ծանոթագրություններ բաժինն է՝ Լևոն Շանթ մարդու և գործի վերաբերյալ յուրաքանչյուր հուշագրողի մասին ամփոփ տեղեկություններով: Փաստ, որը անչափ կարևոր է և գիրքը ակադեմիական բարձրության հասցնող ևս մեկ բաղադրիչ է», - «Լևոն Շանթ. մարդը և գործը» գրքի մասին իր ծավալուն գրախոսական-ելույթում նշեց Կարինե Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ժողովածուն նաև ընթերցողին օգնելու փորձ է՝ ճանաչելու Լևոն Շանթ մարդուն, թեև, ըստ նրա մտերիմ ընկերոջ՝ Նիկոլ Աղբալյանի, Լ. Շանթը «կոճկված մարդ» էր,… Նրա ներքին աշխարհը փակ էր դրսեցիների առջև»:

Այս ամենով հանդերձ, ըստ Կարինե Մարտիրոսյանի, Շանթին ի մոտս ճանաչողների հուշերը տալիս են տարբեր դիտանկյուններից նրան տեսնելու, մասնավորապես ստեղծագործություններից դուրս միայն Լևոն Շանթ մարդուն ճանաչելու բացառիկ հնարավորություն: Ահա և գրքի կարևորագույն արժանիքներից ևս մեկը:

Հետաքրքիր է, որ գրքում հուշի կամ գնահատականի հեղինակն ու Շանթը ձուլվում են, որը մի տեսակ այլ, յուրատիպ համուհոտով, նաև ինչու ոչ, էներգետիկ դաշտերով սինթեզ է, և սա՛ էլ գրքի յուրահատկություններից կարելի է համարել՝ կրկին բանասերի գնահատականն է, տրված գրքին:

«Թվում է՝ ծանոթ են տրված բոլոր վավերական տեղեկությունները, բայց և հարցին ճիշտ մոտեցման, ընտրված ճիշտ տեսանկյան շնորհիվ ստեղծվել է ընթերցող-գրող-հուշագրող եռակողմ շփումը, ավելին՝ արդյունավետ շփումը, երկխոսությունը, իսկ այս պարագայում միմյանց հյուսված՝ գրող-հուշագրող հանգամանքն է նկատի առնվում, ինչն էլ թերևս եղել է գրքի հետապնդած նպատակներից մեկը», - իր խոսքում փաստեց բ.գ.թ. Կարինե Մարտիրոսյանը:

 

Վահե Սարգսյան

Գյումրի-Երևան