Գիրք նվիրելու օրվան՝ փետրվարի 19-ին ընդառաջ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը և Արցախի պետական համալսարանի դասախոս, բ.գ.թ.,դոցենտ Զարինե Սառաջյանը այցելեցին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի միջնակարգ դպրոց։
Նախիջևանիկի միջնակարգ դպրոցում ներկայացվեցին Համազգայինի Արցախի և Երեւանի գրասենյակների կողմից հրատարակված մի շարք գրքեր, Հ.Ավագյանը ներկաներին ծանոթացրեց Համազգայինի գործունեությանը, խոսեց կատարվող աշխատանքների մասին, անդրադարձավ գիրք նվիրելու օրվան և այդ կապակցությամբ գրքեր հանձնեց դպրոցի գրադարանին։
ԱրՊՀ դասախոս Զարինե Սառաջյանը հետաքրքիր դասախոսությամբ ներկայացրեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կյանքի ու գործունեության մասին դրվագներ՝ դասախոսությանը մասնակից դարձնելով աշակերտներին։ Աշակերտների հետ Զ.Սառաջյանը կազմակերպեց Թումանյանին նվիրված հետաքրքիր զարգացնող խաղեր։ Հաղթող թիմերը արժանացան խրախուսական մրցանակների։
Դպրոցի աշակերտները, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարդիթեր Միրզոյանի նախաձեռնությամբ, պատրաստել էին գեղեցիկ ցերեկույթ՝ նվիրված հայ մեծերի կյանքին։ Վարդիթեր Միրզոյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և հույս հայտնեց, որ այն շարունակական է լինելու։
Հ.Ավագյանը և Զ.Սառաջյանը նվերներ հանձնեցին դպրոցին և շնորհակալություն հայտնեցին հյուրընկալ վերաբերմունքի համար։
Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Արցախի գրասենյակ