Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Արտաշատի «Նիկոլ Դուման» կենտրոնից զուռնա-դհոլի ձայնը հասնում է մոտակա փողոց, բնակելի տներ։ «Արատտա» ազգագրական երգի-պարի խումբը հերթական պարապմունքն է անում։ Խմբի ղեկավարը՝ ազգագրագետ, «Արատտայի» հիմնադիր Սերոբ Վարդանյանը, ջահելների հետ ջահելացած, շարքի առջևում կանգնած, գլխավորում է պարողներին։
Yerkir.am-ը մի քանի ժամ անցկացրեց «Արատտայի» հետ։ Մթնոլորտը, միջավայրը, որտեղ ստեղծագործում են պատանիներն ու երիտասարդները, ամբողջ կյանքի համար է։ Ընկեր Սերոբը երգերի ու պարերի հետնրանց է փոխանցում ազգային ոգին, արժեհամակարգը, իմացությունները։
«Արատտայի» ծնունդը
«Արատտա» ազգագրական երգի-պարի խումբն ստեղծվել է 2018 թ. հոկտեմբերի 6-ին։ Սերոբ Վարդանյանն ընկերներին ասել է, որ խումբ բացելու մտադրություն ունի։ Այդպես, «Արատտան» ձևավորվել է։ Առաջին փորձին ընդամենը 6-7 հոգով են եղել, որոնցից 4-ը՝ ընտանիքի անդամներ։ Հետո խումբն ընդլայնվել է.այսօր 23 հոգի է ընդգրկված «Արատտայում»։
«Նրանցից յուրաքանչյուրը նվիրյալ է։ Ինձ չհաշված՝ բոլորը պատանիներ ու երիտասարդներ են։ «Արատտան» Արտաշատում է գործում, բայց որևէ արտաշատցի չունենք խմբում, բոլորը հարակից գյուղերից են։ Ես ազգագրագետ եմ և նպատակս մեր ազգային երգն ու պարը, արժեքները պատանիներին ու երիտասարդներին փոխանցելն է, այդ պատճառով էլ ստեղծեցի «Արատտան»։ Բայց հիմա մեկ այլ նպատակ էլ ունեմ. ուզում եմ կենտրոնանալ Պարսկահայքի մշակույթի վրա»,- ասաց խմբի հիմնադիր Սերոբ Վարդանյանը։
Մոր մի խոսքը՝ պատգամ
1979 թվականին Հայրիկ Մուրադյանի դուստրը՝ Մարո Մուրադյանը, Դվին գյուղում ազգագրական երգի-պարի խումբ ստեղծեց, որտեղ ներգրավված էին արևմտահայերի ժառանգներ։
«Մի օր, երբ երգում-պարում էինք, մայրս ասաց. «Տղաս, ձեր երկրի երգերն ես երգում, մի անգամ էլ մեր երկրի երգերից երգիր»։ Մայրս խոյեցի էր։ Ասացի՝ մամ, ախր ձեր երկիրը երգ չունի։ Մայրս ասաց՝ չունի, դու գրի։
Մորս մի խոսքը պատճառ դարձավ, որ իրար հետևից մի քանի տասնյակ երգեր ծնվեն՝ Պարսկահայքի բարբառով։ Այսօր ազգագրական խմբերն այդ երգերը կատարում են։ Մորս մի խոսքը պատճառ դարձավ, որ ես Պարսկահայքի մշակույթն արժևորեմ ու տարածեմ։ Հարազատ մնալով այդ տարածաշրջանի մշակութային ակունքներին, ժողովրդական սովորույթներին՝ փորձում եմ չշեղվել, հարազատ մնալ այդ օջախին»,- պատմեց ընկեր Սերոբը։
Հայրենի ակունքները, արյան կանչը
Ազգագրական գործունեության, նաև երգի-պարի խումբ ստեղծելու գործում մեծ դեր է խաղացել այն, որ Սերոբ Վարդանյանը ծնվել-մեծացել է պարսկահայերի՝ խոյեցիների, սալմաստցիների, ուրմիացիների միջավայրում։ Նրանք մեծ մասամբ ապրում են Դվինում, Արտաշատում։
1993 թ. Արտաշատում առաջին անգամ կազմակերպվել է պարսկահայոց մշակույթի փառատոն, որին մասնակցել են նաև Նոր Ջուղայի, Թեհրանի խմբերը։ Փառատոնին ներկա են եղել պարսկահայ մտավորականներ Երվանդ Մանարյանըև այլք։
«Պարսկահայքը չուսումնասիրված ու մինչև վերջ չբացահայտված տարածաշրջան է. պետք է պահպանել այդ մշակույթը։ Հորս կողմից արմատներով վանեցի եմ։ Դվին գյուղում միակ փողոցը մերն էր, որտեղ միայն արևմտահայեր էին ապրում՝ Մոկքից, Վանից, Շատախից։ Յուրաքանչյուրն իր հայրենի բարբառով էր խոսում։ Մենք երեխա էինք, բայց մեծերի լեզուն հասկանալու դժվարություն չունեինք. մանկուց այդ բարբառներն էինք լսել։ Մեր փողոցում ես շատ եմ լսել մեր երգերը, պատմությունները, տեսել եմ մեր պարերը»,- մանկությունից դրվագներ է հիշում ազգագրագետը։
Ժողովրդական մշակույթի փշրանքները՝ վերածնված
Դպրոցական տարիներից զբաղվել է բանահավաքչությամբ։ Ձայնագրիչով, թուղթուգրչով շրջել է գյուղեգյուղ, արևմտահայերից, պարսկահայերից բանահյուսական նյութեր հավաքել։ Արդյունքում անձնական արխիվում երգերի, պարերի, խաղիկների, պատմությունների ավելի քան 1000 նմուշ ունի։ ԳԱԱ-ն Զավեն Թագակչյանի նախաձեռնությամբ նրա հավաքած 147 երգերեը հրատարակել է։ Բայց դա արխիվի մի փոքր մասն է միայն։
Հայաստանում չկա մի խումբ, որը Սերոբ Վարդանյանի բանահավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերած երգուպարի նմուշները չներկայացնի։
Հայրիկ Մուրադյանի զարմանքը. Պարսկահայքը խուլուհամր չէ
«Արատտայից» շատ առաջ՝ դեռ 1983 թվականին, Սերոբ Վարդանյանը Դվինում «Առնոս» մանկական խումբն է ստեղծել։ Խմբի բոլոր անդամներն արևմտահայեր էին։ Ազգագրական երգի-պարի փառատոն է կազմակերպվել, որին մասնակցել է նաև «Առնոսը»։ Կարգն այսպես էր. փառատոնից առաջ ժյուրիի կազմը խմբերի երկացանկը պետք է ստուգեր։ Հայրիկ Մուրադյանը Սերոբին հարցրել է՝ ի՞նչ երգեր է ներկայացնելու։ Պատասխանել է՝ Պարսկահայք եմ բերել, Հայրի՛կ։ «Ազգագրության մեջ Պարսկահայքը համարվում է խուլ ու համր, ոչ երգեցիկ գոտի»,- ասել է Հայրիկը։ Սերոբն էլ պատասխանել է. «Հայրիկ, ես հակառակը կապացուցեմ»։ Հաջորդ օրը երեխաների խումբը երբ երգել է, ամբողջ դահլիճը հոտնկայս ծափահարել ու ցնծացել է։ Իսկ Հայրիկ Մուրադյանը գրկել է Սերոբին ու ասել. «Բալես, դու եկար ապացուցելու, որ մենք սխալ ենք ապրել, սխալ վերաբերմունք ենք ունեցել պարսկահայ մշակույթի նկատմամբ»։ «Ես Հայրիկին չասացի, որ այդ երգերը ես եմ հորինել. կարևորը՝ դրանք շատ լավ ընդունվեցին»,- հիշում է ընկեր Սերոբը։
Սերոբի բեղերը
«Մի անգամ են բեղերս սափրվել, բանակում՝ դիվիզիայի հրամանատարի հրամանով։ Այնուհետև երբեք չեմ մաքրել։ Իմ այցեքարտն են, հպարտությունը. ես Սերոբ Վարդանյանն եմ, ինչպես անունս եմ պատվով կրում, այնպես էլ՝ բեղերս»,- բեղերը շոյելով՝ քթի տակ ժպտում է ընկեր Սերոբը։
«Դվինի «Քոչարին» իմ բեմադրած պարն է՝ ի հիշատակ մորս ու ի պատվիվ Դվինի, որտեղ ծնվել, մեծացել ու ապրում եմ։ Ունենք Կարնո, Վանի, Ալաշկերտի «Քոչարի», «Մշո խըռ», ինչո՞ւ չունենանք նաև Դվինի «Քոչարի»,- կարմիր թաշկինակը վեր բարձրացարծ, խմբին առաջնորդելով՝ ասաց ընկեր Սերոբն ու տվեցպարն սկսելու ազդանշանը ՝ «Հե՜յ»։
Նաիր Յան
Մանրամասները՝ տեսանյութում.