կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-17 17:36
Տարածաշրջան

Թուրքական այլատյացությունը շարունակվում է. այլրել են խաչը և դարձյալ պղծել քրիստոնյայի գերեզման

Թուրքական այլատյացությունը շարունակվում է. այլրել են խաչը և դարձյալ պղծել քրիստոնյայի գերեզման

Թուրքիայի Տրապիզոն քաղաքի Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու գերեզմանը ենթարկվել է հարձակման: Կաթոլիկ համայնքի ներկայացուցիչ Զեհրա Չոլաքը, ով մահացել էր հունվարի 17-ին, թաղվել էր եկեղեցուց 500 մ հեռավորությամբ գտնվող Արաֆիլբոյու թաղամասում գտնվող գերեզմանատանը, իսկ գերեզմանի գլխին փայտե խաչ էր կանգնեցվել: Արդեն թաղման ժամանակ պատահար տեղի ունեցավ: Մի խումբ մարդիկ սկսեցին մուսուլմանական աղոթք կարդալ՝ սադրելով ներկաներին (մուսուլմանական այդ աղոթքը սկսվում էր Allahü Akbar):

Կնոջը հողին հանձնելուց հետո՝ փետրվարի 14-ին Վեյսել Չոլաքն այցելում է գերեզմանոց, որտեղ նկատում է, որ կնոջ գերեզմանը հարձակման է ենթարկվել, իսկ խաչը չկա: Չոլաքը սկսում է փնտրել  այն և տեսնում, որ խաչը ջարդել և այրել էին:

Չոլաքը դեպքից հետո դիմում է Տրապիզոնի նահանգային ոստիկանություն և որոշում գործը տեղափոխել դատարան: Պարզվում է, որ բարբարոսները փորձել էին նաև փորել Զեհրայի գերեզմանոցը, սակայն տարածքը հսկող շները հարձակվել են նրանց վրա, որից հետո դիմել են փախուստի:

Այս ցավալի և այլատյաց դեպքը հասնում է Թուրքիայի ազգային մեծ ժողով: Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր ասորի Թումա Չելիքը հարցադրում է արել խորհրդարանին և իր անհանգստությունը հայտնել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող հարձակումների համար. հայտնում է Yerkir.am-ը:

«Արդյո՞ք այս հարձակումից հետո կան ձերբակալված անձինք, արդյո՞ք եկեղեցում ավելի վաղ տեղի ունեցած հարձակումների համար հետաքննություն սկսվել է, ի՞նչ քայլեր են արվում քրիստոնեական սրբատեղիների դեմ ուղղված հարձակումները կանխելու համար, վերջին 3 տարում քանի՞ անձի նկատմամբ է գործ հարուցվել՝ ատելության մեղադրանքով», - հարցրել է Չելիքը:

Դեպքից հետո հայտարարություն է տարածել Տրապիզոնի նահանգապետարանը, որն իր տեքստում խուսափել է ներկայացնել խաչի այրման փաստը:

Նույն կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը վերոնշյալ հարցադրումներն է հղել երկրի  ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուին՝ հիշեցնելով նրան օրեր առաջ Անկարայի Օրթաքյոյ գերեզմանատանը տասնյակ քրիստոնյաների գերեզմանների պղծման դեպքը:

Տրապիզոնում հակաքրիստոնական նման ատելությունը առաջին դեպքը չէ: Առավել մեծ աղմուկ էր հանել 2006 թ. փետրվար 5-ին նույն Սանտա Մարիա եկեղեցում հեղինակավոր հոգևորական Անդրեա Սանտորոյի սպանությունը: Սանտորոն սպանվել էր եկեղեցում՝ աղոթք անելիս: Նրան մեջքի հետևից «Ալլահու Աքբար» գոչելով դաժանորեն սպանեց 16-ամյա Օղուզհան Աքդինը: Աքդինը ձերբակալվեց երկու օր անց, իսկ նրա մոտ հայտնաբերված զենքը, պարզվեց, որ ԱՄՆ-ից Իրաք ուղևորվող զենքերից է: Սպանությանը նախորդել էր թուրքական ԶԼՄ-ներում հակաքրիստոնեական զանգվածային քարոզչությանը:

Դատի ժամանակ եպիսկոպոս Լուիջի Պադովեզեն հայտնել էր, որ մարդասպանի ծնողները ոչ մի զղջման նշան ցույց չէին տալիս: Ավելին՝ իրենց որդուն համեմատում էին թուրքական պետության ամենահանցավոր ահաբեկիչներից մեկի՝ Մեհմեդ Ալի Աղջայի հետ (Հռոմի պապ Հովհաննես-Պողոս 2-րդի վրա մահափորձ կատարողը), և նշում, որ արարքն «իրագործվել է հանուն Ալլահի և նվեր էր պետությանն ու թուրք ազգին»: 2016 թ. հուլիսի 15-ի անհաջող ռազմական հեղաշրջումից հետո Աքդինն ազատ է արձակվում՝ իր վայրագության համար կրելով ընդամենը 10 տարի պատիժ:

Այս սպանությունը կապված էր Հրանտ Դինքնի սպանության հետ: Երկու գործիչներին սպանողներն էլ անչափահաս էին և Տրապիզոնից էին: Դինքը սպանվեց հոգևորականի սպանությունից 11 ամիս անց:  Այս սպանությունը, ի շարս Հրանտ Դինքի սպանության և «Զիրվե» հրատարակչատան սպանությունների (Մալաթիայում հրատարակչատան դիմաց սպանվեցին Աստվածաշունչ հրատարակող երեք քրիստոնյա), ուշադրությունը սևեռեց այլատյացության հիմքով կատարվող հանցագործությունների վրա, ինչը ցավոք, շարունակվում է ցօրս:

 

Ա. Եղիազարյան