կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-25 13:45
Տարածաշրջան

Քեսաբը քրիստոնյայի և մահմեդականի կռիվ չէ, այլ հայի և թուրքի

Քեսաբը քրիստոնյայի և մահմեդականի կռիվ չէ, այլ հայի և թուրքի

Սփյուռքի մեր օջախներում պետք է ջոկատներ կազմվեն եւ պաշտպանեն Քեսաբը: «Ես սիրով կմիանամ այդ ջոկատներին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

 

Ըստ նրա` Քեսաբի դեպքերն ամենևին էլ քրիստոնյաների և մահմեդականների միջև պայքար չէ, այլ հայերի և թուրքերի կռիվ, այսինքն` Թուրքիան ուզում է հայաթափել Մերձավոր Արևելքը:

 

«Ես 1987-ին եղել եմ Քեսաբում, տիպիկ հայկական քաղաք է: Քեսաբի հետ կապված` ՀՀ նախագահի հայտարարությունը շատ ճիշտ էր և մենք պետք է հետևենք դրան գործողություններով: Ինձ չի թվում, որ Քեսաբի խնդիրն ավելի փոքր է, քան Ղրիմի հարցը: Մենք ուղղակի պարտավոր ենք տեր կանգնել Քեսաբին»,- ասաց Գուլանյանը:

 

Գրականագետ Վարդան Դևրիկյանն էլ նշեց, որ Քեսաբի հարցը պետք է միջպետական ճանապարհով լուծել, գնալ, օգնելն անհեռանկար է: «Լավ, ասենք` որոշում ենք օգնել ու ուզում ենք ինքնաթիռ ուղարկել: Որտեղո՞վ պետք է այն անցնի: Թուրքիայի տարածքով անցնի՞, որ Քեսաբին օգնության հասնի, իրատեսական չէ, տեխնիկապես հնարավոր չէ: Որքան մոտենում է Ցեղասպանության տարելիցը, թուրքերն ակտիվանում են»,- ասաց նա:

 

Գրականագետը նշեց նաև, որ հարվածը ոչ միայն տեղի հայերի դեմ է, այլ հայության սահմանների, քանի որ այստեղ Թուրքիայի մատն է խառը: