կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-14 10:37
Հասարակություն

Սիրիայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքներն արդյունավորվեցին 2020 թ. փետրվարի 13-ին. հայտարարություն

Սիրիայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքներն արդյունավորվեցին 2020 թ. փետրվարի 13-ին. հայտարարություն

Սիրիայի Հայ դատի հանձնախումբը Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման փաստի առիթով հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 

                                              ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Տասնամյակներ ի վեր Սիրիայի Հայ դատի հանձնախումբը քաղաքական, հարաբերական, քարոզչական և մշակութային հետևողական աշխատանք է ծավալում՝ ձևավորելով հանրային կարծիք՝ Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևը հաստատելու համար:

Այս շրջանակներում, անցնող տարիներին Հայ դատի բարեկամների հետ գործակցաբար արաբերեն բազմաթիվ հրատարակություններ լույս տեսան, նույն նպատակով հարաբերական աշխատանք ծավալվեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Սիրիա հասած հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած արաբ ցեղապետների հետ: 

Այս աշխատանքներն արդյունավորվեցին 2020 թ. փետրվարի 13-ին, երբ Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավորների և սիրիահայ մտավորականների ջանքերով՝ Սիրիայի խորհրդարանը, որը ներկայացնում է սիրիական ընկերությունը կազմող բոլոր բաղադրիչները, միաձայնությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և դատապարտեց այն, որպես 20-րդ դարում իրագործված դաժան ոճրագործություն:

Բանաձևն արտացոլում է ցեղասպանության օրերին Սիրիա ապաստանած հայության նկատմամբ Սիրիայի ժողովրդի տարիներ առաջ ցուցաբերած մարդասիրական վսեմ վերաբերմունքը:

Խորհրդարանի կողմից ընդունված այս բանաձևը կոչ է ուղղում աշխարհի խորհրդարաններին և միջազգային ընտանիքին՝ որդեգրելու նույն կեցվածքը և դատապարտելու Թուրքիայի կողմից մարդկության դեմ գործված այս ոճիրը: 

Մեկ դար առաջ գործված ոճիր, որը շարունակվում է գործադրվել այսօր Սիրիայի տարածքում՝ նույն քաղաքականությամբ, նույն ոճով, նույն ոտնձգություններով ու անօրինություններով:

Ի վերջո՝ նույն հեղինակն է, որ ստորագրում է երկու ոճրագործությունների տակ:

Սիրիահայությունն՝ ինչպես անցյալում, այսօր ևս հայտնում է իր ամբողջական զորակցությունը Սիրիայի արդար պահանջներին, նրա տարածքային ամբողջականությանը և այդ տարածքների վրա նրա գերիշխանության հաստատմանը: Մոտեցում, որն իր արտահայտությունը գտավ Սիրիայի պատերազմի տարիներին՝ սիրիական հայրենիքի նկատմամբ սիրիահայության դրսևորած հայրենասիրական մոտեցումներով:

Հայ դատի աշխատանքների շրջանակներում արձանագրված այս քայլը պիտի շարունակվի՝ մինչև հայ ժողովրդի արդար իրավունքների հատուցում, մինչև գրավված հողերի ազատագրում և Ազատ, Անկախ և Միացյալ հայրենիքի կերտում:

 

ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

13 ՓԵՏՐՎԱՐԻ, 2020 թ.