կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 11:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ համար Արցախն ու Հայ դատը պարզ հետաքրքրության նյութ չեն, այլ աննահանջ պայքար. Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ

Մեզ համար Արցախն ու Հայ դատը պարզ հետաքրքրության նյութ չեն, այլ մեր փոքր տարիքից դաստիարակություն, որ մեզ մղում է, որ աննահանջ պայքարենք մեր ժողովրդի իրավունքների համար՝ Արցախում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Կազանջյանը։

Նա Արցախում է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 5-օրյա խորհրդաժողովին մասնակցելու համար, որն անցկացվեց Երևանում, Գորիսում, ապա Ստեփանակերտում։

Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի և Արցախի բարեկամների շրջանակի շնորհիվ հենց խորհրդաժողովի օրերին Կիպրոսի խորհրդարանն ընդունեց «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» բանաձևը։

Հակոբ Կազանջյանն ասաց՝ բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի վրա, ինչպես նաև դատապարտում է ռազմագերիների պարագան, որոնք դեռ գտնվում են Բաքվի բանտերում, և պահանաջում է, որ անհապաղ վերադառնան Հայաստան։ Բանաձևը նաև կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որ դադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։

Այս բանաձևը, Հակոբ Կազանջյանի համոզմամաբ, կարող է ունենալ իր ազդեցությունը՝ նկատի ունենալով, որ Կիպրոսը Եվրամիության անդամ է, և բանաձև ընդունած երկրների շարքը մեծանում է, այն արդեն ազդեցություն կգործի Եվրամիության զանազան մեծ պետությունների վրա, որը, վստահաբար, կնպաստի Արցախի դատին։

Բանաձևի ընդունումը, նրա խոսքքով, հնարավոր դարձավ նաև «Պրո Արցախ» ֆորումի շրջանակում ձևավորված՝ Արցախի բարեկամների շրջանակի շնորհիվ։

«2019 թ-ից ի վեր, երբ Արցախում մեկնարկեց «Պրո Արցախ» ֆորումը, Կիպրոսում մեծացրինք Արցախի բարեկամների շրջանակը՝ ընդգրկելով քաղաքական գործիչների, խորհրդարանականների, քաղաքագետների, լրագրողների, որոնք այցելել են Արցախ կամ դրսևորել են հայամետ կեցվածք։ Ճիշտ այդ պատճառով է, որ մենք կարողացանք առաջ տանել Արցախի դատը Կիպրոսի մեջ և արդեն ունենք Կիպրոսի խորրհրդարանի մեր փափագած բանաձևը»,-ասաց Հակոբ Կազանջյանը։

Հայաստանի բարձրաստիճան վերջին պատվիրակությունը, որն այցելեց Կիպրոս՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ էր, որին «պատշաճ» դիմավորեցին Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչները՝ խստորեն դատապարտելով ՀՀ իշխանությունների հակապետական, հակազգային, դավադիր և թրքամետ վարքագիծը,ինչպես նաև  մերժելի համարելով Ալեն Սիմոնյանի գլխավորած ՀՀ ԱԺ պաշտոնական պատվիրակության այցը Կիպրոս:

Հակոբ Կազանջյանն ասաց՝ ՀՅԴ-ն որդեգրել է դիմադրության քաղաքականություն այս իշխանությունների ուղղությամբ։

«Մեկ ամիս առաջ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այցելեց Կիպրոս մենք այդ դիմադրությունը արտահայտեցինք ցուցական ակտով, քանի որ հավատում ենք, որ այս իշխանությունների վարած քաղաքականությունը մեր ազգային հարցերի ուղղությամբ՝ լինի Արցախի կամ այլ ուղղություններով, ճիշտ չէ, ի սկզբանե սխալ ընթացք է որդեգրվել, և այդ ընթացքը շարունակելով՝ որևէ մեկ ձևով չի սատարում մեր ազգային շահերին»,-վստահեցրեց Հակոբ Կազանջյանը։

Թուրքիան ևս Կիպրոսի համար պատահական պետություն չէ, և, հաշվի առնելով նաև Կիպրոսի հանդեպ այդ երկրի քաղաքականությունը, Հակոբ Կազանջյանի համար Թուրքիայի հետ Հայաստանի բարեկամությունն ու խաղաղությունը իրատեսական չեն թվում։

«Ո՛չ Հայաստանի հետ, ո՛չ էլ Կիպրոսի հետ Թուրքիան երբևէ բարեկամություն չի անի՝ նկատի ունենալով, որ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակները նենգ են, Հայաստանի դեմ պատերազմ հռչակած պետությունը բազմաթիվ զոհերից և Հայաստանի տարածքային կորուստներից հետո հնարավոր չէ, որ թշնամի հարևաններին բարեկամության ձեռք պարզենք՝ խնդրելով իրենց բարիդրացիությունը։ Սա ճիշտ բան չէ, որովհետև գիտենք, թե ինչ նպատակներ են հետապնդում Թուրքիան ու Ադրբեջանը Արցախի մեջ Հայաստանի ուղղությամբ, նկատի ունենալով նաև Սյունիքի պարագան, թե ինչ նպատակներ ունեն այս երկու պետությունները Սյունիքի միջանցքի հետ կապված, հետևաբար, որևէ մեկ քայլ բարիդրացիության մեր թշնամի հարևանների հետ ընդունելի չէ»,-ասաց ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Կազանջյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․