կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-11 09:22
Առանց Կատեգորիա

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կանգնած են կարեւոր որոշման առջեւ. «Ժողովուրդ»

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կանգնած են կարեւոր որոշման առջեւ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի միջոցով իշխող ուժը, ըստ իրենց մեկնաբանությունների, ցանկանում է ազատվել Սահմանադրական դատարանի՝ նախկին իշխանությունների մաս կազմող անդամներից եւ նախագահ Հրայր Թովմասյանից։

Եվ այստեղ հետաքրքիր է, որ նույն տրամաբանությամբ իշխող ուժը չի պայքարում շատ այլ կառույցների՝ նախկին իշխանություններից մնացած ներկայացուցիչների դեմ, այնինչ արդեն մեկ տարի է, ինչ ամեն կերպ ցանկանում է ազատվել Սահմանադրական դատարանի անդամներից, եւ տեղի ունենալիք հանրաքվեն նրանց արդեն Երրորդ տարբերակն է։

Այնինչ ուշագրավ է, որ ոչ մի գործընթաց տեղի չի ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ, ում հենց այս իշխանության ներկայացուցիչները պիտակավորում էին տարբեր կերպ՝ «նկարիչ», մեղադրում ընտրությունների արդյունքներ կեղծելու համար։

Սակայն նույն Նրա օրոք իշխանություններն անցկացրին արտահերթ խորհրդարանական, Երեւանի ավագանու եւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, այժմ էլ հանրաքվե կանցկացնեն։ Նույն իշխանությունները սերտորեն համագործակցում են նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որը նախորդ խորհրդարանի ժամանակ է ընտրվել, մյուս կողմից՝ անարգել աշխատում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կամ դատական իշխանության մեծ մասը։ Եթե իշխանությունների համար այդքան կարեւոր է ազատվել նախկինների կադրերից, ապա պետք էր սկսել հենց վերը թվարկվածներից։

Սակայն դրա փոխարեն իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը քննադատվում է թե խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական մյուս ուժերի կողմից։

Սակայն միեւնույն ժամանակ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն այժմ կանգնած են կարեւոր որոշման առջեւ։

ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ կետը հնարավորություն է տալիս պատգամավորներին հանրաքվեի դրվող իրավական ակտի սահմանադրականությունը որոշելու հարցով դիմել ՍԴ՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի նախաձեռնությամբ։ Սա նշանակում է, որ Սահմանադրական դատարան դիմելու համար հարկավոր է ապահովել 27 պատգամավորի ստորագրություն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստ է գործընթաց սկսել, եթե անհրաժեշտ քանակի ստորագրություններ ունենա։ ԼՀԿ-ն այժմ միայն 17 մանդատ ունի, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի քննարկել Սահմանադրության փոփոխության հարցը հանրաքվեի դնելու նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու գործընթաց սկսելու մասին հարցը, եւ այս պահին որոշում չունեն։ Նշենք, որ 10 պատգամավոր էլ միանա, բավական է ՍԴ դիմելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։