Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրու ավագանու 02.10.2016թ ընտրություններից հետո ավագանու նիստերը բոյկոտում էին ընդդիմադիր երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԳԱԼԱ-ն: Տևական ժամանակ նիստերն անցկացնում էին միայն «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները:
Երկու կուսակցությունները` «Հայկական վերածնունդը» և ԳԱԼԱ-ն արդեն իսկ հայտարարել են, որ դադարեցնելու են բոյկոտը և մասնակցելու են նիստերին, իսկ ահա ԲՀԿ-ն դեռ միանշանակ որոշում չի կայացրել:
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, ով Գյումրու ավագանու ԲՀԿ ցուցակն էր գլխավորել, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև սեպտեմբերի 12-ը (ավագանու հերթական նիստն այդ օրն է /խմբ./) դեռ ժամանակ կա, սակայն, ամենայն հավանականությամբ, կարող է մասնակցելու որոշում ընդունվել:
Հիշեցնենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Բալասանյան դաշինքի» մանդատների թիվը կազմում էր 15, «Բարգավաճ Հայաստանինը»՝ 9, ԳԱԼԱ-ինը՝ 4, իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 5: Գյումրու ավագանու տեղերի թիվը 33 է: Այս պարագայում 15 մանդատը ավելին է տեղերի 40 տոկոսից և պակաս մանդատների բացարձակ մեծամասնությունից՝ 17-ից: Ըստ ԸՕ-ի 141 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նման դեպքում տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվեց «Բալասանյան» դաշինքին, որն էլ քաղաքապետին ընտրելու իրավունք ստացավ:
Ընդդիմադիր երեք կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան, որպեսզի քաղաքապետ ընտրելու հնարավորություն իրենք ունենան, քանի որ ընդդիմադիրների մանդատների թիվը մեկով ավելի էր «Բալասանյան» դաշինքից, սակայն Սահմանադրական դատարանը նման որոշում չկայացրեց:
«Փաստորեն, մենք այն ժամանակ, որ համաձայնագիր ստորագրեցինք ԳԱԼԱ-ի և «Վերածննդի» հետ, համաձայնագրում նշվեց, որ Սահմանադրական դատարանից հետո մենք արդեն նոր որոշում կընդունենք հետագա մեր անելիքների համար: Բայց Սահմանադրական դատարանը նույնը թողեց որոշումը: Դրանից հետո մենք հանդիպել էինք` երեք կուսակցությունների ընկերներով, և որոշել էինք դրանից հետո ինքնուրույն որոշում կայացնել` մասնակցե՞լ նիստերին, թե՞ ոչ»,- հայտնեց Գրիգորյանը, ապա հավելեց. «Ինչպես գիտենք, Վերածնունդը որոշում կայացրեց` մասնակցել: Նման որոշում կայացրեց նաև «ԳԱԼԱ»-ն: Հիմա մնացել է միայն ԲՀԿ-ն»:
Նա ասաց, որ եղել է նախնական քննարկում: Իհարկե, վերջնական որոշում չի կայացվել, բայց նախնական քննարկման արդյունքում կա նման միտում: «Քննարկումը Գյումրիում է եղել, բայց քննարկման արդյունքներին տեղյակ է նաև կուսակցության ղեկավարությունը»,- եզրափակեց Գրիգորյանը: