Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՀ Ազգային Ժողովի ընդդիմադիր երեք՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», Արցախի «Արդարություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները սեպտեմբերի 1-ին հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ Արցախ այցելած ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամների հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ համագործակցության շարունակականությունը, տեսակետներ են փոխանակվել մտահոգող մի շարք հարցերի շուրջ:
««Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, ողջունելով խորհրդարանականներին, նշել է, որ թե Արցախի, թե Հայաստանի առջև ծառացած խնդիրները նույնն են և շատ կարևոր է ճիշտ ախտորոշում անել ու լուծման դեղը գտնել: Նա առաջարկեց հանդիպումները պարբերական դարձնել և կոնկրետ խնդիրներ առաջադրելով լուծել դրանք:
«Արցախն առանց Հայաստան չի կարող գոյություն ունենալ և հակառակն էլ է տրամաբանական: Եթե նախկինում հայկական զույգ հանրապետությունները 300-ից ավելի կմ սահման էին պահում, ապիկար կառավարման արդյունքում յուրաքանչյուրն ունեցավ 600-700 կմ սահման: Մենք հապաղելու ժամանակ չունենք, անհրաժեշտ է քայլ առ քայլ հասնել մեր նպատակին»,- նշել է Արթուր Մոսիյանը՝ ավելացնելով, որ այս պահին օրենսդրական գործունեությունն ամենաառաջնայինը չէ:
«Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը հույս է հայտնել, որ կայացած հանդիպումը հետագա համագործակցության մեկնարկ կհանդիսանա: «Արցախի հետ կապված մեր մոտեցումները պետք է ուղղակի բխի նաև Արցախի ժողովրդի պահանջներից և մոտեցումներից: Մենք Հայաստանում փորձում ենք Արցախի տեսակետ ներկայացնել, որը պետք է բխի Արցախի ժողովրդի շահերից: Այժմ մենք ունենք մի տարօրինակ իրավիճակ՝ Արցախի ժողովրդի միասնական, համաձայնեցված տեսակետ արտահայտելու խնդիր կա»,- ասել է Արմեն Ռուստամյանը՝ շեշտելով, որ նման հանդիպումները կնպաստեն Արցախի իրական խնդիրները վեր հանելուն ու լուծելուն:
Հանդիպման մասնակիցները վստահեցրեցին, որ նմանատիպ հանդիպումներն և շփումները գաղափարական նույն ուղղություններն ունեցող խմբակությունների միջև շարունակական են լինելու: