Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե քննարկում ենք իրավունքի հարց, ապա իրապես իրավունքի դաշտից դուրս ենք։ Եթե քաղաքական հարց ենք քննարկում, ապա քաղաքական մեծ սխալի ճանապարհին ենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7–ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Սահմանադրական դատարանի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Եթե ինչ-որ մարդկանց հարց ենք քննարկում, ապա ափսոս ենք, որ քննարկում ենք ինչ-որ մարդկանց խնդիր լուծելու հարց։ Պարզ է, որ ամենահեշտը ՀՀԿ-ին հիշելն է, նրանց հասցեին ամեն ինչ ասելն է, դա բոլորս գիտենք։ Անցել է 2 տարի եւ ակնկալիքներն այսօրվաններից են։ Պարզ է, որ դժվար է մեզ՝ նրանց, ովքեր համաձայն չեն, փորձել դիտարկել որպես Հրայր Թովմասյանի պաշտպան կամ նախկինների պաշտպան։ Երբ ես այս շենքում 7 տարի կռիվ էի անում Հրայր Թովմասյանի հետ, այսօրվա շատ հեղափոխականներ Հրայր Թովմասյանի շեֆերի աշխատակիցներն էին։
Մենք մեծ սխալ քայլ ենք անում։ Ի սկզբանե, ժամը 13։00-ից նիստը սկսելուց սկսած հակասահմանադրական է։ Սահմանադրության այս փոփոխությունը ինքնին հակասահմանադրական է։ Արվում է նման սխալ քայլ՝ քաղաքական խնդիր լուծելու համար, ընդ որում, քաղաքական խնդիրը իշխանության քաղաքական խնդիրն է, ժողովրդի քաղաքական խնդիրը չէ։
Այն դատավորները, որոնք այստեղ նստածներին են բանտարկել, նրանք շարունակում են պաշտոնավարել, եւ նրանց հետ բոլորդ համերաշխ եք։ Հարց տվեցի՝ ՀՀ քաղաքացիներից քանի՞ մարդ է գնացել բախվել ՍԴ պատին, պատասխանը՝ զրո, քանի՞ ռեֆորմ է այս ՍԴ-ն տապալել, պատասխանը՝ զրո։ Այսինքն՝ ի՞նչ ա եղել, գրիչի պատմությո՞ւնն ա, ինչի՞ եք խառնվել։
Լավ, ուզում եք այդ մի հոդվածով 7 դատավորի լիազորություն դադարեցնել, հետո այս դատավորները մտնելու են առաջին ատյանի դատարան, հիմնավորելու են, որ իրենց նկատմամբ ապօրինություն է տեղի ունեցել։ Այդ 1 միլիարդ դրամը, որը նախատեսել էիք, տալու եք իրենց։ Բայց ժողովրդին ինչո՞ւ եք տանում տեղամասեր, այստեղ արեք, պրծեք։ Հայաստանի տնտեսությունը կարի՞ք ունի մինչեւ մայիս ամիսը քարոզարշավի մեջ մտնի։ Մենք մի տարի առաջ ենք քարոզարշավից դուրս եկել։ Սփյուռքը, Հայաստանի ներդրողները ներվեր ու հավես ունե՞ն ընտրական գործընթաց նայելու։ Բա ասում եք՝ մեդիան սաղ սեւերի մոտ ա, բա սեւերի մեդիան ամեն օր քարոզարշավի մեջ կլինի։ Ինչո՞ւ եք օգնում Սերժ Սարգսյանին, էս ի՞նչ դավադրություն է, էս ի՞նչ եք անում։ Հանրաքվեի քարոզարշավը տեւելու է 60 օր, պետությունը 60 օր քարոզարշավի մեջ եք մտցնում, որ ի՞նչ անեք։ Գիտեք, որ ԼՂՀ-ում ընտրություններ են սպասվում, գիտեք, որ ընտրությունների նույն ֆոնին պրոցեսի մեջ եք մտցնում հիմա էլ Հայաստանին։ Հրայր Թովմասյանի համա՞ր, արժե՞ր Հրայր Թովմասյանի համար էդքան բան արժեզրկել եւ զոհաբերել... Գործող իշխանությունն ունի բացարձակ իշխանություն, անսահմանափակ, չհավասարակշռված, որեւէ բանով չկաշկանդված, եւ ուզում եք մեզ համոզել, որ Հրայր Թովմասյա՞նն էր խանգարում ձեզ։ Ասեմ, որ Հրայր Թովմասյանին էլ անիմաստ հերոս եք դարձնում»։