կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-03 14:00
Իրավական

Կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու միջոցը. ՀՀ նախագահը՝ սահմանադրական բարեփոխումների մասին. Aysor.am

Կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու միջոցը. ՀՀ նախագահը՝ սահմանադրական բարեփոխումների մասին. Aysor.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, և կարծում է, որ ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ և չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը, Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

– Խնդրում եմ ներկայացնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը Սահմանադրական դատարանի և ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

– Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

Հանրապետության նախագահը կարևորում է Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը և համարում է, որ ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ, բոլոր իրավական սկզբունքների և նորմերի պահպանմամբ՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Որևէ գործընթաց չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը, չպետք է լինի անձնավորված, պետք է հիմնվի հասարակական համերաշխության և հանդուրժողականության վրա:

– Խնդրում եմ ներկայացնել՝ արդյոք նախագահը կարծում է, որ ՍԴ նախագահի դեմ գործադիր իշխանության կողմից հարձակում է տեղի ունենում (հաշվի առնելով Հանրային հեռուստաընկերության հայտնի ռեպորտաժը, նախաքննական գաղտնիքի բացահայտումը, ՀՀ վարչապետի՝ այդ կապակցությամբ գրառումը):

– Հանրապետության նախագահի կողմից ընթացիկ քրեական գործերի համատեքստում տեղի ունեցող իրադարձություններին ցանկացած գնահատական կամ որակում կարող է դիտվել որպես միջամտություն նախաքննություն կամ հետաքննություն իրականացնող մարմինների կամ դատական իշխանության գործունեությանը և խնդրահարույց է իրավունքի ու սահմանադրականության տեսանկյունից:

– Ինչպիսի՞ն է ՀՀ նախագահի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների մասին։

– Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխություններին, ապա Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ Սահմանադրության կամ այլ օրենքի ցանկացած փոփոխություն պետք է լինի իրավունքի ընդհանուր սկզբունքներին համահունչ, անցնի օբյեկտիվ և մասնագիտական իրավաբանական փորձաքննություն, լինի անհրաժեշտ և արդյունավետ, ծառայի բացառապես պետական և ազգային շահերին: Այս առումով կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու միջոցը:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Հանրապետության նախագահը կարող է արտահայտել իր կարծիքն ու դիրքորոշումը, երբ կհստակեցվի դրանց ամբողջական փաթեթի կոնկրետ տեքստը: