կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-30 15:27
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրելը պայքար է առաջին հերթին ինքս իմ դեմ. Դավիթ Սամվելյան

«Երբ 15 տարեկան աղջնակը մտնում է գրախանութ ու հարցնում՝ Նիցշե ունե՞ք, դա ծիծաղելի չէ.  ողբերգություն է: Այդ տարիքում դեռ ոչ մի գիրք չի կարդացել ու միանգամից... Նիցշե»,- արձակագիր Դավիթ Սամվելյանը գրախանութում աշխատած երկու տարիներից մի դրվագ պատմեց Yerkir.am-ին: Երբ հարցնեք նրան՝ խորհուրդ տուր, ի՞նչ գիրք կարդամ, կպատասխանի՝ իսկ մինչև հիմա ի՞նչ ես կարդացել: «A կետից D հասնելը միանգամից չի լինում, դեռ պիտի B գնաս, հետո՝ C , նոր միայն՝ D: Միանգամից չի լինի. ճանապարհ պիտի անցնես»,- կբացատրի նա:

Դավիթ Սամվելյանը բլոգեր էր, ճանապարհ անցավ՝ A-ից… D, ու դարձավ արձակագիր, գրող՝ բառի դասական իմաստով: Դրա համար տարիներ պետք եղան: «Նա և նրա»-ն առաջին գիրքն էր, որ հանրայնացրի. բլոգեր էի, գրածներս իմ բլոգում էի տեղադրում: Պարզվեց՝ բավականին հետևորդներ ունեմ, որոնք ստիպեցին ինձ «Նա և նրա»-ն տպագրել: Մտածում էի՝ լավ, ո՞վ է առնելու էս գիրքը: Ծանոթներիս խառնելով՝ գիրքը տարա գրախանութ: 2  տարում վաճառվեց - վերջացավ»,- գրական առաջնեկի մասին պատմեց Դավիթը:

«Ես և նրան»,-ն, «Արտագաղթած կարոտը», «Ռոդենի ձմեռը»  տևական ժամանակ բեսթսելեր էին.  չէր սպասում:

«Ռոդենի ձմեռ»-ի ֆենոմենը մինչև հիմա չի   հասկացել: Գիրքը 5-րդ անգամ է  վերահրատակվելու: Հոգու պարտքի նման մի բան է եղել՝   այն ժամանակաշրջանն ու միջավայրը, որտեղ ապրել է, ինչ-որ կերպ ցույց տա, ներկայացնի, ու գերել է «Ռոդենի ձմեռը»: Տպագրելիս մտածել է, որ 30-35-ից բարձր տարիքի մարդիկ կկարդան, պարզվեց՝ կարդում են երիտասարդները: Ու հասկացել է՝ յուրաքանչյուր գիրք ինքն է իր ճանապարհը գծում:

Վերջին գիրքը՝ «ՀակաՔԱՂԱՔականը», բավականին շահարկումների առիթ տվեց, որովհետև մարդիկ կարդում են, բայց չեն տեսնում: Չեն տեսնում, որովհետև քաղաքականություն չկա այնտեղ.  ախր  Դավիթը մեծ-մեծ տառերով գրել է՝  ՔԱՂԱՔ, առավել ևս այն հակաՔԱՂԱՔական է: Մարդիկ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել:

«Քաղաքին շնչաբույր են տալիս մանկասայլակի վրա ուրց ու դաղձ վաճառող  տատիկները, բակերում ավել, ժավել,  գյուղի մածուն ու թթվասեր վաճառողները». մեջբերումը «ՀակաՔԱՂԱՔական»-ից է:

Երևանը նրա ցավն է: Պատմում է. «1997 թվականից շաբաթը երկու անգամ դուրս էի գալիս քաղաքում քայլելու. 10 դրամով, ընդ որում՝ այն ժամանակ թղթադրամ էր, Հայաստանի պատմության թանգարանի տոմս էի առնում, մտնում-շրջում թանգարանում ու ամեն անգամ սպասում էի, թե երբ է նոր ցուցադրություն լինելու: Աշակերտ էի, դարձա ուսանող... Երևանի կենտրոնի բոլոր փոփոխություններն իմ աչքի առաջ են եղել: Հիմա երբ նույն տեղերով քայլում եմ, հիշում եմ՝ այստեղ այն ժամանակ այսինչ շենքն էր...

Ավել-ժավել վաճառաողներն այն  ժամանակ ուրիշ էին, թասիբ ունեին, ներքին կուլտուրա ունեին, իսկ հիմա, տեսեք՝  փողոցում առևտուր անողներն ովքե՞ր են»:

Հանրային ընկալմամբ՝  գրող

Գրում է, բայց մասնագիտությամբ գրող չի, աստվածաբան է։ «Չգիտեմ՝ գրող մասնագիտություն առհասարակ կա՞։ Սցենարիստ կա,  թատերագիր կա, դրամատուրգ կա, բայց գրող… չգիտեմ, կա՞։ Մեր գործողություններն են մեզ հասցնում այն վիճակին, որ հասարակությունն իր բնորոշումը տալիս է՝ գրող։ Դրանից ո՛չ պետք է  խուսափել, ո՛չ էլ գրող լինելը պետք է փոխի ապրելակերպդ։ Այն պահին, երբ գրող լինելդ բեռ համարեցիր ու քեզ դրեցիր ինչ-որ սահմանների մեջ, ուրեմն սայթաքելու, սխալվելու հավանականությունը մեծ է»,- իր ճանապարհն այսպես է գծել Դավիթը:

Հանրայնացվելը դեռ չի նշանակում, որ մարդիկ պիտի ընդունեն քեզ: Միգուցե չընդունեն: Պիտի ապրած բան ունենաս, որ ժամանակի հետ նստվածք տա, և պետք է ժամանակ ունենաս՝ կենտրոնանալու քո ներսի վրա։ Դավիթը չհսակացվելու մտավախություն էլ է ունեցել, բայց գրել է: Գրականությունը սուբյեկտիվ է. հանրության մի հատվածը գրածդ չի ընդունի, մյուսները կընդունեն: 

Դասական գրողներ և ժամանակակիցներ. համեմատությունը սպանում է

«Հաճախ բախվում ենք այն կարծիքին, որ ժամանակակից գրականություն չկա, որովհետև ժամանակակիցներին համեմատում են դասականների հետ։ Հայ գրողների հետ համեմատելը դեռ լավ է, բայց երբ սկսում են համեմատել համաշխարհային դասականների հետ, ուզած-չուզած՝ պարտվում ես։  Ինձ համար դասականն այն գրողներն են, որոնք իրենց ժամանակին նոր ուղղություն են ստեղծել և որոշ ժամանակ հետո այդ ժամանակը կարողացել են իրենցով չափել ու բնորոշել։ Թումանյանի, Չարենցի  ժամանակ բազմաթիվ գրողներ են եղել, բայց ինչո՞ւ հենց Թումանյանն ու Չարենցն են  առանձնացել բոլորից, որովհետև նրանց գրածը մնայուն է և տարբերվում է մյուսներից»,- դասականի մասին իր պատկերացումները մեկնաբանեց Դավիթը:

 Գրող, որը նրա  համար անփոխարինելի է նաև որպես պոետ՝ Նարեկացին է։

Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետը» բեկումնային է եղել նրա կյանքում,  որովհետև սեր է արթանցրել   մեր պատմության նկատմամբ։  Հովիկ Չարխչյանի «Սուլամիթան» բառի բուն իմաստով նրան  պարալիզացրել է, որովհետև այդ գրքում ինքն իրեն է գտել, առերեսվել ինքն իր հետ:

Յուրքանչյուր գրող իր ժամանակի ծնունդն է, բայց և պետք է վեր կանգնի իր ժամանակից

«Երբ գրականությունը վեր է կանգնում ժամանակից,   կտրվում է իրականությունից՝ դառնալով ֆանտազիայի կամ հակաուտոպիայի ժանրի գործ։ Գրողը, որն ապրում է տվյալ ժամանակաշրջանում, պետք է առաջին հերթին դասեր  քաղելով  ու եզրակացություններ անելով ՝ փորձի այդ իրականության մասին իր տեսանկյունն այնպես մատուցել, որ գռեհիկ չլինի։ Գռեհիկ ասելով՝ միայն բառապաշարը նկատի չունեմ, այլ այն, որ եթե անգամ տվյալ ժամանակաշրջանը սխալ ես համարում, պետք է այդ սխալն էլ կարողանաս ճիշտ մատուցել»,- ժամանակի ու գրողի փոխհարաբերությունները այսկերպ է պատկերացնում Դավիթ Սամվելյանը:

Գրելն ազատություն է, բայց չպետք է գռեհկության հասնի, որ թեկուզ մեկ հոգու վրա վատ չազդի

Գրողը նախ և առաջ պետք է պատասխանատվություն կրի, որովհետև իր համար չի գրում, այլ հասարակության։ Կարող է ազդեցություն ու հետևանքներ ունենալ։ Ով՝ ինչպես գրի, արգելել չես կարող։ «Եթե խոսքը գռեհկության մասին է, այն միայն գրականության մեջ  չէ. գիրքը պետք է գնես կամ գրադարանից վերցնես, որ կարդաս, իսկ մշակույթի այլ ոլորտներում քարոզվող գռեհկությունն ավելի ցավալի հետևանքների կարող է հանգեցնել, ու դրա ազդեցության սահմանները շատ ավելի լայն են»,- նկատեց արձակագիրը։

Դավիթը կարծում է, որ մշակույթում, նաև գրականության մեջ զանազանություն  է պետք, պիտի վատ գրականություն էլ լինի, որ դրա կողքին լավն ընտրես: Հիմա գրական մթնոլորտ կա մեր երկրում. 1990-ականներից հետո չկար: «Պիտի փորձենք մեկս մյուսին օգնել անգամ քննադատելիս: Քննադատություն, բայց ոչ նախանձից սնված. եթե մեր «թայֆից» չես, ուրեմն միշտ պետք է քննադատվես: …Առողջ քննադատություն: Մեկ-մեկ հակառակն էլ  էլինում՝ այնքան են գովում, որ մարդն ինքն էլ է սկսում իրենից զզվել»,-գրական մթնոլորտն ու միջավայրը նկարագեց արձակագիրը:

Գրելը՝ պայքարի ձև

«Այո՛, գրելն ինձ համար պայքար է առաջին հերթին ինքս իմ դեմ։ Իր գործերի առաջին ընթերցողը գրողն է։  Երբ տեսնում ես, որ մտքերդ թղթի վրա են, սկսում ես առերեսվել ինքդ քեզ հետ։  Հետո ընթերցողն է առերեսվում ինքն իր հետ, եթե քեզ հաջողվել է այնպիսի թեմա շոշափել, որը հետաքրքրում է նաև ընթերցողին։ Գրիչն ընդհանրապես պայքար է, չէ՞։ Մենակ սրով չեն պայքարում։ Ուղղակի կախված է այն բանից, թե հանուն ինչ ես պայքարում գրչով։ Եվ ո՞ւր կհասցնի քեզ այդ պայքարը»,- իր գրչապայքարը մեկնաբանեց արձակագիրը:

Երբեմն պայքարը «դոնկիխոտաբար» է լինում. պայքարը նաև էյֆորիկ է լինում: Երբ մտնում ես պայքարի  մեջ, անկախ քեզանից  չես կարողանում անգամ քո դեմն առնել։ Հակառակն էլ է լինում, երբ շատ ես ուզում մտածածդ ասել, թղթին հանձնել, բայց չի ստացվում. ուրեմն դեռ ժամանակը չի:

Հաջորդ գիրքը

Հաջորդը շուտ չի լինի: Մի ուրիշ աշխատանք կա, որ պիտի մոտակա ամիսներին ավարտի: Այն ձևաչափով, որով մինչև հիմա ասելիքը Դավիթ Սամվելյանը  հայտնել է ընթերցողին, համարում է արված-վերջացրած: Ուրիշ մի բան է ուզում, որի համար ժամանակ է պետք: ...«Ես այս քաղաքից չեմ գնալու, գրելը չեմ թարգելու, ապրելու եմ  ու լինելու եմ այնպիսին, ինչպիսին կամ՝ միշտ առաջ նայելով»,- զրույցն ավարտեց արձակագիր Դավիթ Սամվելյանը:

Նաիր Յան

 Առավել մանրամասն՝ տեսանյութում