Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց այն քայլերը, որոնք կառավարությունն առաջիկայում պատրաստվում է ձեռնարկել մենաշնորհների դեմ պայքարի շրջանակում: Նա նախ ընդգծեց, որ մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարի համար առաջին հերթին օրենսդրական բարեփոխումներ են անհրաժեշտ:
«Հիմքերի հիմքը պետք է լինեն օրենսդրական վերանայումները: Այսօր մեր օրենսդրությունը, ցավոք, մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ կիրառելու հնարավորություն չի տալիս: Բայց սա, անշուշտ, չի կաշկանդում, որպեսզի մենք մի քանի կարևոր քայլեր իրականացնենք»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ առաջինը ներմուծումների սահմանափակումների հնարավորինս մեղմումն է, իսկ առանձին դեպքերում՝ վերացումը:
Երկրորդը մեծածախ և մանրածախ շղթայի քանդումն է, երբ մեծածախ ներմուծողները կամ խոշոր արտադրողները դառնում են նաև մանրածախ վաճառողներ, ակնհայտորեն շուկայից դուրս են մղում այլ սուբյեկտների, ովքեր զբաղված են միայն մանրածախ վաճառքով, նաև` փոքր արտադրողներին, ովքեր չեն կարողանում ունենալ այդպիսի ցանցեր վաճառքի կազմակերպման համար:
«Երրորդ կարևոր գործողությունը, որը պետք է արվի, շուկայի ներսում դիրքեր գրավելու գործընթացներն առավել հետևողականորեն հսկելն է: Ցավոք, լինում են դեպքեր, երբ որևէ անձ շուկայում իշխանություն է ձեռք բերում՝ անտեսելով, արհամարհելով անգամ գործող օրենսդրական պահանջները, սակայն չկան համապատասխան լծակներ, որպեսզի կասեցնես, չթողնես»,- ասաց Մինասյանը՝ հավելելով. «Առանձին դեպքերում, եթե անգամ կա այդ լծակը, ինչպիսին, օրինակ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորություններն են, այնքան լայն են հայեցողական լիազորությունները, որ պարտադրանքը պետական մարմնի համար չի դառնում որպես պարտադիր գործադրվող նորմ: Հետևաբար, օրենսդրական փոփոխություններով նաև այս հարցը պետք է լուծվի, որպեսզի մենք կարողանանք ունենալ իրավիճակ, երբ հստակ պայմաններում պետք է գործի արագ արձագանքումը»:
Մինասյանը, որպես օրինակ, նշեց դեմպինգային գործողության դեպքում արհեստական գնագոյացման կամ գների նկատմամբ մանիպուլյացիայի միջոցով շուկայից մրցակիցներին դուրս մղելը: «Շուկայի ներսում չկա այդ մեխանիզմը: Ուստի շատ կարևոր է, որպեսզի այսպիսի գործողությունները դիտարկելի լինեն ամբողջությամբ»,- ասաց նա:
Նախարարը հավելեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ձևավորել է թիմ և աշխատում է օրենսդրական դաշտը բարելավելու ուղղությամբ: «Մենք աշխատում ենք նաև միջպետական մարմինների հետ, ինչպիսիք են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, միջազգային կառույցները, որպեսզի ունենանք ժամանակակից օրենսդրություն: Գուցե այս տարվա ընթացքում չկարողանանք օրենսդրությունն ամբողջապես վերանայել, ընդունել և փոփոխություններ կատարել, բայց վստահ եմ, որ մինչև հաջորդ տարվա կեսերը մենք դա կիրականացնենք»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը: