կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-27 17:51
Հասարակություն

«Կարինե» լեգենդար ֆիլմը ցուցադրվել է Լոնդոնում

«Կարինե» լեգենդար ֆիլմը ցուցադրվել է Լոնդոնում

Բրիտանիայի կինոյի ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում կազմակերպված մյուզիքլների ցուցադրման շրջանակում հունվարի 21-ին «Cine Lumiere» կինոթատրոնում ցուցադրվել է հայկական օպերայի գլուխգործոցներից մեկի՝ «Լեբլեբիջիի» հայտնի էկրանավորումը «Կարինե» մյուզիքլը: 

Ֆրանսիայի ինստիտուտի ենթակայությամբ գործող «Cine Lumiere» կինոթատրոնը հայտնի է ինչպես արտհաուս և անկախ, այնպես էլ համաշխարհային կինեմատոգրաֆի դասական ֆիլմերի ցուցադրություններով:

Արմեն Մանարյանի կողմից 1969 թ. էկրանավորված ֆիլմը առաջին հայկական մյուզիքլն է:

«Լեբլեբիջին» (թուրքերենից թարգմանաբար «Ոլոռ վաճառողը») հայկական օպերայի «ճարտարապետ» Տիգրան Չուխաջյանի երկրորդ և ամենաճանաչված օպերետն է, գրված 1875 թվականին: Ստեղծագործությունը սկզբնապես կատարվել է թուրքերեն՝ պաշտոնական գրաքննությունը շրջանցելու նպատակով, չնայած օպերետի լիբրետոն թարգմանվել է հայերեն դեռևս Չուխաջյանի կենդանության օրոք: Պրեմիերան տեղի է ունեցել 1875 թվականի նոյեմբերի 17-ին «Français» թատրոնում: Առաջին իսկ բեմադրությունից հետո օպերետը հսկայական հաջողություն ունեցավ, Կոստանդնուպոլսում և Անդրկովկասում բեմադրվեց ավելի քան 100 անգամ: 20-րդ դարի սկզբին օպերետը թարգմանվեց հունարեն և գերմաներեն: «Լեբլեբիջին» ներկայացվել է Ֆրանսիայի, Եգիպտոսի, Բալկանների, Մերձավոր Արևելքի տարբեր բեմերի վրա՝ հասարակական ճանաչում բերելով հեղինակին: Այն 1943 թվականին առաջին անգամ բեմադրվեց Հայաստանում։ Այդ ժամանակ էլ առաջարկվեց ստեղծագործության նոր անվանումը՝ «Կարինե»: Անվանափոխվեցին նաև գլխավոր հերոսներն ու հերոսուհիները, բացի Հոր-Հոր աղայից։ 2011 թվականին օպերետը ներկայացվել է մարսելյան հանրահայտ «Օդեոն» թատրոնում: