Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Աշխարհի փորձն, անշուշտ, լավ բան է, նորարարությունը լավ բան է, բայց մենք թշնամիներով շրջապատված երկիր ենք, գտնվում ենք անվերջանալի պատերազմի մեջ, մշակույթը մեր երկրում պետք է կարևորվի այնքան, որքան` բանակը, դրանք կապակցված են իրար; Մենք մեր մշակույթը պետք է դիտարկենք, որպես ազգային անվտանգության բաղադրիչ», - Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին, ասաց արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը:
Խանջյանի կարծիքով` այսօր լեզվի այդ պատրաստվածությունը չկա դպրոցներում և չի կարելի նման ռիսկերի գնալ: Նա նույնիսկ վիրավորական է համարում այդ նախագիծը. «Այդ օրենքի նախագիծը խոսում է պետության վերաբերմունքի մասին: Լեզուն է, որ դարերի թոհուբոհի մեջ պահել ու այսօրվան է հասցրել, և պետք է ասեմ, որ անհարգալից ինչ-որ բան կա այդ նախագծի մեջ»,-նեղսրտում է Խանջյանը:
Նա մտահոգությունը կապված է նաև նախարարության վարքագծի հետ. այդ հիմնարկությունում հաշվի չառան այն բազմաթիվ մտավորականների կարծիքներն ու դիտարկումները, որոնք պնդում էին՝ նախագիծը չի կարելի հաստատել. «Եթե բանի տեղ չեն դնում եկեղեցուն, բանի տեղ չեն դնում լեզվին, բանի տեղ չեն դնում գրականությանը, բանի տեղ չեն դնում պատմությանը, բանի տեղ չեն դնում մշակույթին, միանշանակ բանի տեղ չեն դնի նաև նրանց, ովքեր հոգեպես ու ֆիզիկապե կրում, պաշտպանում ու պ ահպանում են այդ ամենը», - վրդովվում է Խանջյանը:
Գրողը միաժամանակ գտնում է, որ վիճարկվող առարկաների մոտեցումները պետք է փոխվեն, թարմացնեն, բայց դրանց չուսուցանվելու մասին խոսք անգամ չպետք է լինի. «Իհարկե, կարելի է փոփոխել ծրագիրը, թարմացնել, արդիականացնել, ավելի մասնագիտական դարձնել, բայց հրաժարվել չի կարելի: Իսկ եթե կամավոր դարձնեն, դա լրացուցիչ հոգս է, շատերը, ելնելով հենց կամավոր հիմունքներից, չեն էլ մոտենա այդ դասաժամին: Իմաստ չկա ոչ պարտադիր դարձնելու այդ դասաժամերը, դա ինչ հարց է, որ ամեն ինչ թողած, ընկել են դրա հետևից, ավելի կարևոր հարցեր կան լուծելու: Բուհում հայոց լեզու, պատմություն ու գրականություն անցնելով` տնտեսագետը, ծրագրավորողը, բժիշկը կամ մեկ ուրիշը միայն կշահի, ինչո՞վ է տուժելու նա, նույնիսկ եթե որոշ տարրեր կրկնվում էլ են, ոչինչ, կրկնությունն ամրապնդում է մարդու իմացությունը»:
Խանջյանի կարծիքով` ի սկզբանե չպետք է փակվեր մշակույթի նախարարությունը, իսկ այն, ինչ այսօր տեսնում ենք այդ գործընթացի շարունակությունն է. «Առհասարակ մշակույթի նախարարությունը վերացնելն ինձ համար, որպես հայ մարդ, վիրավորական էր: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեր երեխաների համար ամեն ինչ պարտադիր է, ամեն ինչին ժամանկ են հատկացնելու, բացի սեփական մշակույթն ուսումնասիրելուց»:
Գրողի կարծիքով` այդ նախագծում կա նաև որոշակի միտում. «Իհարկե, այս նախագծի մեջ միտում կա, գուցե դա նորարար երևալու փորձ է, բայց ամեն ինչին մի փոքր ավելի խորը պետք է նայել: Հայագիտական առարկաները պետք է պահպանվեն, բայց կարելի է դրանց դասավանդման մեթոդները փոխել, հարստացնել: Ես վերջերս նայում էի դասագրքերը նաև, օրինակ` «Եկեղեցու պատմության» դասագրքում հրեական պատմությունները չափազանց շատ են, ավելի շատ պետք է կտակարանի մեկնություններ լինեն, քան այդպիսի տեքստեր, կարելի է այդ ամենն ավելի խորացված, համակողմանիորեն ու ըստ էության մատուցել, բայց հրաժարվել չի կարելի, երբե՛ք»:
«Մենք չենք ցանկանում պատրաստել աշխարհի քաղաքացի, որը, թող որ լավ մասնագետ լինի, մենք ուզում ենք պատրաստել հայ քաղաքացի, իսկ հայագիտությունը հանելով, մենք կունենանք քաղաքացիներ, որոնք այնքան էլ չեն սիրի իրենց հայրենիքը, կապված չեն լինի նրա հետ, և ուզած պահին, ուզած երկրից, երբ մի փոքր ավելի հարմարավետ պայմաններ ստեղծվեն, կլքեն հայրենիքն էլ, հայրենակիցներին էլ: Մի խոսքով այն, ինչ արդեն տեսնում ենք, այս ամենի սկզիբն է»,-զրույցը եզրափակեց Գուրգեն Խանջյանը:
Գևորգ Գյուլումյան