կարևոր
2149 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-22 11:43
Հասարակություն

Այդ հավակնոտ «դրամատուրգը» խաբել է թատրոնի մարդկանց, իսկ հիմա բռնվել է գողության մեջ․ Դավիթ Գասպարյանը՝ «Չարենցի վերջին գիշերը» պիեսի հեղինակին

Այդ հավակնոտ «դրամատուրգը» խաբել է թատրոնի մարդկանց, իսկ հիմա բռնվել է գողության մեջ․ Դավիթ Գասպարյանը՝ «Չարենցի վերջին գիշերը» պիեսի հեղինակին

Yerkir.am-ն օրերս հրապարակել էր գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանի ակնարկը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցած «Չարենց» ներկայացման առաջնախաղի մասին՝ «Վիրավորականը իմ վաստակի ուրացումն էր. Դավիթ Գասպարյանը` Վանաձորի թատրոնում «Չարենց» ներկայացման մասին» վերտառությամբ։ Խմբագրությունն այնուհետև  ստացել էր հիշյալ ներկայացման հիմքում ընկած «Չարենցի վերջին գիշերը» պիեսի հեղինակբանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանի պատասխան ակնարկը, որն անփոփոխ կերպով ներկայացրել ենք  «Շատ այլ բաների հետ համաձայն չեմ Վալերի Փիլոյանի արձագանքը՝ Դավիթ Գասպարյանին» վերտառությամբ։ Խմբագրությունն այսօր ստացել է Դավիթ Գասպարյանի պատասխան արձագանքը, որը, ինպես նախորդ դեպքերում, անփոփոխ կերպով ներկայացնում ենք ստորև

Առանց որևէ մեկին անձնական վիրավորանք հասցնելու հետին մղումի անգամ՝ ես փորձեցի քննության նյութ դարձել Վանաձորի բեմում հայտնված բազմաչարչար Չարենցի կերպարը և անդրադառնալ հարակից հարցերի: Ես գործ ունեի և ունեմ ներկայացման հետ՝ ինչ կատարվեց բեմում աչքի առաջ: Հանդես եկավ, այսպես կոչված, «հեղինակը»՝ բանասիրական գիտությունների թեկնածու Վալերիկ Փիլոյանը և ամեն ինչ խառնեց իրար, որովհետև իրեն դրսևորեց վերջին շարքերում դարանակալած դավադիր գրչակի պես:

Որպեսզի ինձանից կատարած իր գրագողության հետքերը քամուն տա, առանց հասկանալու, թվարկում է Չարենցի ժառանգությանն անդրադարձած տարբեր նշանակության ու կարևորության անուններ, ստեղծում ծխածածկույթ և փորձում թաքնվել դրա տակ, թե, իբր, ի՞նչ է պատահել, այս մարդիկ ևս գրել են Չարենցի մասին, որոնցից ևս կարող էի օգտվել: Սա ինքնարդարացման պարզունակ ձև է, որովհետև նրա գրագողության հետքերը իմ գրքերում են և ոչ թե նրա մատենագիտական անկապ ցուցակում:

Իմ դիտողությունները թվարկում ու ընդունում է և հընթացս դիմում ամոթալի երեսպաշտության. եթե ճիշտը գիտեիր, հապա ինչո՞ւ ես դիմել փաստական սխսլների, չէ՞ որ հանդիսականների մեջ կան նաև ուսուցիչներ, ուսանողներ և աշակերտներ: Ի՞նչ ես սովորեցնում նրանց՝ կենսագրական սխալնե՞ր: Այո՛ մեքենագրական վրիպակի հետևանքով Մահարին մեկ տարի ավելի մնաց աքսորավայրում, այդ փաստը ես եմ բացահայտել, դու կրկնում ես: Կրկնել կարող ես լսարանում, իսկ գիտության մեջ, առանց հղման, կրկնությունը տգիտություն է, նաև այստեղ է գիտնականի և վարժապետի սահմանագիծը:

Եթե քեզանով տարված ուսանողուհիներից մեկը քնքշանքով քեզ դիմի սայլուկ, հետո է՛լ ավելի քնքշանվաղ ձայնով ավելացնի՝ սայլո՜ւկս, ի՞նչ զգացողություն կունենաս՝ կհալչե՞ս հաճույքից, թե՞ կհանդիմանես: Չարենցին այդ բառն ուղղելուց առաջ՝ մի լավ մտածիր քո սայլուկացման մասին:

Կարծում էի իր հնարավորությունների սահմանը ճանաչող պարկեշտ մտավորական է, բայց պարզվում է մտավոր հետամնացության քողարկված տիպիկ գավառական ներկայացուցիչ է՝ չար, նենգ, ստոր, ստախոս, փոքր ու խեղճ, ճիշտ այնպիսին, ինչպիսին լինում են գավառացի ինքնագոհ  վարժապետները: Հապա փորձիր թերագնահատել նրանց «հանճարը»: Քեզ մոտ է, գնա և մեկ անգամ ևս կարդա «Բեռնաձիրր»-ն ու «Գոմեշը», զրուցիր Ալխոյի հետ, լսիր թե նա ի՞նչ կասի քո կատարած գրական կեղծիքի և գրագողության մասին: Վստահ եմ, նրան կհավատաս: Այդ ինչ բառապաշար ես օգտագործում ծակ քղամիդ հիշեցնող քո հոդվածում և դրդում ինձ համանման վերաբերմունքի. դե, եթե այդպես է, ուրեմն՝ ուրացողին՝ ուրացում, խոտորնակին՝ խոտորնակ:

Ինձ է ուղղում՝ շատ լավ իմաանալով իմ գրքերը, նաև Բակունցին նվիրված աշխատությունները, որոնք լույս են տեսել 1999-ին և 2009-ին:

Նա յուրացրել է նաև իմ վերնագիրը՝ «Բակունցի վերջին գիշերը». ինչ մի դժվար բան է դա դարձնել «Չարենցի վերջին գիշերը»: Միայն արտագրելու պատրաստի մի բան լինի:

Ես քննել և քննում եմ Չարենցին նվիրված ներկայացումը, իսկ նա հետին թվով ուզում է բեմական իրականությունը շրջել և ինչ-որ հորինվածքներ հարմարեցնել դրան: Իսկ իրականությունն այն է, որ ես առաջինն եմ հայտնաբերել Չարենցի դատական գործը, արխիվներից հանել ու լույս աշխարհ գցել, որ նշանակում է՝ հարցաքննությունների արձանագրություններն արտագրել, ռուսերենից թարգմանել հայերեն, տպագրել, հակընդդեմ մարդկանց պահպանողական կարծիքների միջով մտցրել գրական-գիտական շրջանառության ու հանրային գիտակցության մեջ, որից առատորեն օգտվել է այս «հեղինակը»՝ առանց փոխելու թարգմանության մեկ բառն անգամ…

Չէ՛, պարո՛ն և ընդհանրապես պարոնա՛յք, դուք յուրացրել եք իմ աշխատանքը: Երկրորդ անգամ հնարավորություն եմ տալիս ձեր սխսլն ուղղելու, որովհետև, ինչպես գիտեք, գրագողությունը քրեորոն պատժելի է, դուք ինձ մի մղեք այդ քայլին: Հարցը օրինավոր ճանապարհով լուծելու փոխարեն՝ ոտքի եք հանել այս գավառական վարժապետին, որի հետ Չարենցը, ինչպես տեսնում եք, գնալու տեղ չունի, ընդհակառակը, թատրոնը կանգնեցնում է փակուղու առաջ՝ ամենևին չբացառելով առաջիկա հնարավոր դատական գործընթացը: Այս քայլից ես խուսափում եմ, իսկ նա մղում է դրան…

Խղճում եմ այդ հավակնոտ «դրամատուրգին», որը գողացել ու յուրացրել է, խաբել է թատրոնի մարդկանց, իսկ հիմա բռնվել է գողության մեջ և ամեն կերպ ուզում է չքմեղանալ՝ քամի է անում, ծխածածկույթ է ստեղծում, հավակնոտ կեցվածք է ընդունում ճիշտ այնպես, ինչպես նույն գավառացի վարժապետը, որը կասի՝ «Մենք լե մարդ ինք», «Մենք լե հերոս ինք»: Այդպիսի մարդիկ, այն էլ մտավոր ոլորտում, չարիք են, թույլ մի տվեք, որ մոտենան ձեզ և կողոպտեն ձեր վստահությունը:

Մի մոռացեք, թե ինչպես այս պատահական «հեղինակը» ներկայացման վերջում շփոթված բեմ բարձրացավ, ուրիշի փոխարեն գլուխ տվեց և իր փոխարեն ինքն իր ստվերին ձուլված արագ փախավ թատերասրահից, որովհետև առաջին շարքերում շշուկով  արդեն իսկ բացահայտվել ու խայտառակվել էր որպես գրագող... Միշտ անհարմար է այն վիճակը, երբ մարդն իր տեղում չէ՝ լինի սեղանի շուրջ, թե բեմի վրա: Դրա համար էլ փախավ:

Չուզեցի արագ պատասխանել, և իմ թիրախն ամենևին էլ այս բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերիկ Փիլոյանի պես գրական ոչնչությունը չէ: Թատրոնի կողմից ավելի խաղաղ լուծման առաջարկի էի սպասում: Արձագանք չեղավ, ստիպված էղա պատասխանել:

Մեր առջև մեծ, շատ մեծ Չարենցն է, թատրոնը նրա կերպարը բեմ է բարձրացրել: Կան սխալներ և թերություններ: Օգնենք վերացնելու դրանք և Չարենցին մաղթենք բեմական երկար կյանք: Իսկ դրա համար իրար պետք է լսենք և ոչ թե «հեղինակի» պես առաջ ընկնենք և փակենք օգտակար քննարկման ճանապարհը:

Իր մի բանաստեղծության մեջ մեկ անվան փոփոխությամբ ասում եմ թատրոնի մարդկանց.

Չարե՛նց, այո՛, Չարե՛նց: Բայց ո՛չ միտինգային,

Բայց ո՛չ թմբուկ թեթև, բայց ո՛չ պլակատ:

Չարե՛նց: Այսօր արդեն ասել է գագաթ,

Ասել է՝ ներքին կառուցում քո նոր թեմայի:

Դավիթ Գասպարյան

22.10.2025 թ․