Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ ՀՅԴ ներկայացրած առաջարկների և ոչ իշխանական այլ քաղաքական ուժերի դիրքորոշման մասին, նշեց, որ այդ քաղաքական ուժերը իրենք էլ դեմ չեն սահմանադրական փոփոխությունների գաղափարին, սակայն համարում են, որ դրա ժամանակը չէ:
«Բա ե՞րբ է դրա ժամանակը: Եթե մենք համարում ենք, որ էսինչ բանը ճիշտ է, բայց էս ճիշտը եկեք կատարենք երկու տարի հետո, ինչո՞ւ, մեկը հարց տա` ինչո՞ւ հիմա չանենք, եթե դա հնարավոր է: Եթե չեն վստահում, որ դա կկատարվի, դա ուրիշ հարց է: Եկեք, ուրեմն, միասին վերահսկենք, որ կատարվի: Մեր անցած փորձը ցույց տվեց, որ դա հնարավոր է: Անհրաժեշտ ծավալ և անհրաժեշտ հիմք արդեն գոյություն ունի, ի՞նչն է նրանց մոտ տարակուսանքների կամ կասկածների տեղիք տալիս: Իրար հետ միանանք, ավելի խորքային կդառնան մեր պահանջները: Իրար հետ որ պահանջենք, իշխանություններն ավելի կզիջեն: Բայց հիմա մենք միայնակ ենք գնում էս ամենին: Եկեք` միասին անենք և այդ խանդի տեսարանը չստեղծենք: Աշխատենք խորքային փոփոխություններով երկիրը տանել առաջ: Բոլորն էլ ասում են` առճակատում չենք ուզում, արյունահեղություն չենք ուզում: Բա որ չեք ուզում, այս ճանապարհն է մնում, ուրիշ ճանապարհ չկա: Մնում է ընտրությունների միջոցով համակարգը փոխելու ճանապարհը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորի խոսքով` վերջում այն նույն իրավիճակն է լինելու, երբ Դաշնակցությունը ստեղծում է պայմաններ, հետո բոլորն այդ պայմաններից օգտվում են, բայց այդ ընթացքում հայհոյում Դաշնակցությանը: Նա նաև օրինակ բերեց ԱԺ-ում ընդդիմության տեղերի մեծացումը:
«Հիմա ոչ ոք չի հիշում, որ ԱԺ հանձնաժողովի ոչ հանրապետական նախագահները որ կան, դա Դաշնակցության արածն է, բայց մենք որ նախագահ էինք մնացել, այնն ժամանակ մեզ ինչ ասես ասացին: Հիմա ոչ իշխանական ուժերից քանի՞ նախագահ կա հանձնաժողովում, բա ինչո՞ւ չեն խոսում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
ԵՄ երկրների 80 տոկոսն ունի կառավարման խորհրդարանական համակարգ, և դա, ըստ Ռուստամյանի, պատահական չէ, այն տալիս է որոշումների կոլեգիականություն, այնինչ` Հայաստանում այսօր մեկ անձն է որոշումներ կայացնում:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների ընդունվելուց հետո Հայաստանում չեն կեղծվի ընտրությունները, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունները չեն նշանակում իդեալական ընտրություններ կամ իդեալական համակարգ, որովհետև աշխարհում ոչ մի տեղ ոչ մի իդեալական բան չկա:
«Ամերիկայում էլ են ընտրությունների ժամանակ կեղծիքներ լինում, ամեն տեղ էլ կեղծիք լինում է, բայց պետք է մեխանիզմ ունենաս` դրանք սահմանափակելու համար: Ինչպե՞ս սահմանափակել նրանց ախորժակը, ովքեր ցանկանում են յուրացնել պետական միջոցները և հնարավորությունները: Իսկ ընդդիմության համար ավելի հեշտ է պայքարել հավասարակշռված, քան թե կենտրոնացված իշխանության դեմ: Մենք մեծացնում ենք ընդդիմադիր պայքարի հնարավորությունը»,- ասաց նա: