Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ներկայացված` կառավարության նախագիծը չի բավարարում Սահմանադրության պահանջներին, մասնավորապես` չկան ազդեցության գնահատումներ. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:
«Ասում են` մենք այսօր չենք կարող գնահատել դա: Այսպիսի բան կլինի՞: Այսինքն` դուք ներկայացնում եք մի բան, որը փոփոխության է ենթարկում պետական կառավարման մի հսկայական համակարգ, ու ասում եք`մենք չգիտենք`ինչ ազդեցություն է ունենալու: Սա աբսուրդ է: Սա հակաօրինական է: Շատերը կարող են ասել, օրինակ, ԱԺ կանոնակարգ-օրենքը չի պահանջում ազդեցության գնահատականի ներկայացում, բայց դա այդպես չէ: Այս օրենքը, ԱԺ և կառավարության աշխատակարգը, ինչպես նաև կառավարության` դեռևս 2009 թվականի մի շարք որոշումներ շղթայական բերում ու հանգեցնում են հետևյալ տրամաբանությանը` ցանկացած նման նախաձեռնություն պետք է Ազգային ժողովի` ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների սեղանին դրվի իր ազդեցության ամբողջ փաթեթով, իր կանխատեսումներով: Ավելին` ներկայիս կառավարության ծրագրում սևով սպիտակի վրա գրված է`ազդեցության գնահատականները պարտադիր են կառավարության ցանկացած որոշման համար: Հիմա հարց` արդյո՞ք կառավարությունը հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից, արդյո՞ք թույլատրելի է, որ նա խախտի օրենքը, թե՞ ավելի լավ է շարժվել օրենքի տրամաբանությամբ, օրենքի մոտեցումներով և ներկայացնել լիարժեքորեն, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի քաղաքականության հայեցակարգը: Ո՞րն է այն մարմինը, որը պետք է իրականացնի քաղաքականության մշակում տնտեսության, պաշտպանության, անվտանգության, կայուն զարգացման համատեքստում: Ավելին` մի շարք դեպքերում տեսնում ենք, որ այսօր անգամ ձևակերպումներ ունեցող կարևոր հասկացություններ ուղղակի վերացված են: Օրինակ` էկոնոմիկայի նախարարության գործառույթներում այսօրվա օրենքով գրված է` ինովացիոն տնտեսության քաղաքականության զարգացման պատասխանատու: Այս փոփոխությամբ` հանվել է ու ոչ մեկին չի տրվել, այսինքն` մեր տնտեսությունն այլևս սրա կարիքը չունի»,- նշեց Մինասյանը:
Անդրադառնալով նախարարությունների միավորման խնդրին` նա ընդգծեց, որ միավորվելիք նախարարությունները բացարձակ կապ չունեն` ֆունկցիոնալ տեսակետից: «Մեկը համակարգային նախարություն է, մյուսը`ոլորտային: Հայտարարությունները, թե իբր` մենք միջազգային փորձ ենք ուսումնասիրում, կրկին չեն համապատասխանում իրականությանը: Հիմնավորման մեջ մի տեղ օրինակ է բերվում Նիդերլանդները, մյուսում` Գերմանիան, Իսրայելը, և այսպես շարունակ: Միասնական հայեցակարգ չկա: Այսպիսի կառուցվածքը չի կարող ապահովել մեր պետության գործադիր իշխանության արդյունավետ աշխատանքը»,- պնդեց Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա` թեև կառավարության ծրագիր ներկայացնելն իշխող քաղաքական ուժի բացառիկ իրավունքն է, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ կառավարության ամեն ներկայացրածը ճիշտ է կամ լավը: «Բացառելով քննարկումներն ու անտեսելով տարբեր կարծիքները և, ըստ էության, հարցին լուծում տալը` մենք ունենում ենք մի վիճակ, երբ պարզապես անտեսվում են Սահմանադրությունը, ազգային տնտեսության ձևավորման հնարավորությունը, ավելին`հարվածներ են հասցվում Հայաստանի այն հիմնական մրցունակ ոլորտներին, որտեղ մենք կարող էինք լուրջ արդյունք ունենալ»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը: