Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արտակարգ դրությունը երկարացվեց՝ առանց սոցիալ-տնտեսական և համավարակի դեմ պայքարի ծրագրի, փոխարենը, մասսայական ոտնահարվում են քաղաքական իրավունքները և ոչնչացվում է այդ համակարգը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած՝ «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանը։
Երբ քննադատում ես, կարծիք ես հնչեցնում՝ իշխանության վարքագիծը միանգամից ոչ միայն մերժողական է, այլ պիտակավորող՝ նկատեց նա, փոխանակ այդ քննադատությունը հնչեցրած այլընտրանքային կարծիքը, առաջարկույթունները լսելու, քննարկելու, անգամ համաձայն չլինելու դեպքում բովանդակային հակադարձումներ իրականցնելու։
«Դու լսում ես մերժում, արհամարհանք, պիտակավորում, արդյունքում սկսում են ձեռնարկել գործողություններ, որոնք հետագայում, պարզվում է, անարդյունավետ են, դրանից հետո փորձում են գտնել մեղավորների: Մեղավորները դառնում են նախկինները, ժողովուրդը, տնտեսվարող սուբյեկտները, կամ այն անձինք, որոնց տվել են օժանդակություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Մինչդեռ, նրա համոզմամբ, հիմքերի հիմքն այն ծրագրերն են, պատկերացումներն ու մոտեցումները, որոնք որպես սոցիալ-տնտեսական հակազդման միջոցառում պետք է իրականացվեն, բայց այդ մշակված և անընդհատ քարոզվող միջոցառումները ոչ միայն համարժեք չեն ստեղծված վիճակին, այլև էլ ավելի են վատացնում այն:
Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունից առաջ ՀՅԴ-ն հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց կառավարությանը համատեղել բոլոր առաջարկությունները և սոցիալ-տնտեսական քաղաքականությունն իրականացնել համընդհանուր ծրագրերի հենքի վրա։ Արդեն մարտի 23-ին ամբողջական՝ 40 կետանոց, առաջարկների փաթեթ դրվեց սեղանին: Առաջին կարևոր գործողությունն, ըստ նրա, անիմաստ ծախսերի խնայողությունն էր, երկրորդը՝ բյուջեի գումարների նոր աղբյուրներ ստեղծելը։ Դրանք ոչ միայն միջազգային օժանդակություններն էին կամ համայն հայության ռեսուրսի կենտրոնացնումը, այլև միջազգային վարկային պարտավորությունների մասով ակտիվ գործողությունները:
«Ի դեպ, վերջին մեր առաջարկությունը երկար բարձրաձայնելուց հետո կառավարությունը, վերջապես, մայիսի 7-ին դիմեց համաշխարհային բանկին և օրեր առաջ համաշխարհային բանկն այն բավարարել է 13 մլն դոլարով: Դե պատկերացրեք, եթե ի սկզբանե կառավարությունը լիներ ավելի ակտիվ այս ուղղությամբ, ինչքան հնավորություն կունենայինք մենք նոր միջոցներ գեներացնելու»,- ասաց նա:
Կառավարությունը, նրա համոզմամբ, հաստատել է մի շարք ծրագրեր, բայց բացառությամբ 1-2-ի, որոնք թիրախային են եղել, մնացած բոլոր ծրագրերն անարդյունավետ էին և հանրային միջոցների փոշիացում:
Արծվիկ Մինասյանի խոսքով, կառավարությունն այսպիսի իրավիճակում պետք է որոշեր, թե ինչ ծախսային քաղաքականություն իրականացնի, որոնք են լինելու գերակայությունները։
«Կառավարությունը պետք է առաջին երեք գերակայությունն աներ, որ դրանց վրա կենտրոնացներ բոլոր միջոցները․ առաջինը՝ առողջապահականն է․ այստեղ պետք է պետական ծախսումները լինեին մաքսիմալ, որովհետև համաճարակ է։ Երկրորդ կարևոր ուղղությունը, որ պետք է համարվեր որպես գերակայություն՝ պարենային անվտանգության շրջանակներում կատարվող ծախսումներն էին․ այստեղ պետք է կատարես ծախսումներ, որոնք պետք է լինեն ոչ միայն գյուղատնտեսությունում ներդրումների տեսքով, այլև բանակցությունների, պայմանավորվածությունների միջոցով ներմուծես պարենային անվտանգության անհրաժեշտ քանակի ապրանքները։ Երրորդ կարևոր ուղղությունն այն է, որ պետք է ծախսային գերակայություն ունենար, որ ապահովվեր մարդկանց նվազագույն կենսապայմանները՝ ապրելու հնարավորությունը»,- ասաց Մինասյանը։
Այնինչ, նրա խոսքով, մենք տեսանք, օրինակ, բանկային համակարգի միջոցով գյուղատնտեսության ներարկում, այն համակրգի, որը գյուղացիների 80-90 տոկոսին կախվածության մեջ է դրել իրենից:
«Ցանկացած նման քաղաքականություն բերում էր ոչ թե այս խնդրի լուծմանը, այլ ֆինանսական միջանկյալ օղակի վիճակի բարելավմանը»,-նշեց Արծվիկ Մինասյանը:
Նրա համոզմամբ, մենք հիմա հայտնվել ենք մի վիճակում, երբ ինչքան ծախսես, միևնունն է՝ արդյունավետություն չի ապահովելու․ «Որովհետև մենք սխալ ճանապարհով դուրս ենք եկել մի անտառ, որտեղ չգիտենք որն է ելքը, բացատը և անընդհատ պետք է փորձ անենք ու այդ փորձի արդյունքում անընդհատ սխալվենք»:
Արծվիկ Մինասյանը նկատեց, որ արտակարգ դրության երկարացման այս վերջին փուլում չտրվեցին գնահատականներ, այն դեպքում, երբ պահանջվում էր անպայման տալ այդ գնահատականները, պատասխանատվության կանչել մարդկանց, որ հետագայում պատճառ դառնա ճիշտ քաղաքականություն վարելուն, բայց տեսանք այլ բան․ «Անընդհատ հասարակության ուշադրության շեղման գործողություններ, արտակարգ դրության երկարացում՝ առանց որևէ կոնկրետ սոցիալ-տնտեսական և համավարակի դեմ պայքարի ծրագրի, դիմացը տեսնում ենք քաղաքական իրավունքների մասսայական ոտնահարում, քաղաքական համակարգի ոչնչացմանն ուղղված գործողություններ»:
Արծվիկ Մինասյանի համոզմամբ, չի կարող մեր երկիրն այլևս զարգացում ունենալ, եթե շարունակվի իշխանության այս մերժողական, արհամարհական, ոչնչացման վարքագիծը:
Եթե այս իշխանությունը չունի այս ամեն ինչը հասկանալու ունակություն, պետք է օր առաջ տուն ուղարկել, ձևավորել այնպիսի իշխանություն, որը կհասկանա այս ամեն ինչը՝ եզրափակեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․