կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-23 13:54
Տարածաշրջան

Ժամանակի ողորմածությանը թողնված պատմական Սուրբ Սարգիս եկեղեցին

Ժամանակի ողորմածությանը թողնված պատմական Սուրբ Սարգիս եկեղեցին

Վեջդի Էրբայ

Տարիներ առաջ, երբ մի հեռուստահաղորդման համար այս եկեղեցին էինք այցելել, այդ թաղամասի պատանիները մեր շուրջն էին հավաքվել և հարցրել․ «Գա՞նձ եք որոնում»։ Այսինքն՝ թեթևակի հարցաքննության էինք ենթարկվել։ Մինչդեռ այդ կառույցն արդեն իսկ լիովին ավիրվել էր գանձագողերի կողմից։

Դիարբեքիր- Մի կողմում Սուրիչիի՝ մեզ հայտնի հինավուրց տներն են, մյուս կողմում՝ քաղաքների վերակառուցման նախագծի շրջանակներում վեր խոյացող շենքերը։ Եկեղեցին կանգնած է հնի ու նորի միջև՝ որպես ամենահին կառույց։ Արտաքին պատերը և ներսի կամարները դիմացել են հարյուրամյակներին և տարատեսակ բռնության, սակայն կառույցը հյուղակի տեսք ունի։

Ալիփաշա թաղամասում բնակվող մարդկանց էական մասը սույն կառույցը ճանաչում է որպես «բրնձի ֆաբրիկա» կամ «բրնձի եկեղեցի»։ Քանզի այն որոշ ժամանակ կատարել է բրնձի մշակման ֆաբրիկայի գործառույթ։ Սակայն այն նաև օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ և ուղտի ախոռ։

Աղբյուրների համաձայն՝ այն կառուցվել է 16-րդ դարում, որպես հայ կաթոլիկ եկեղեցի։ Սույն եկեղեցին ասորի հոգևորական ու պատմաբան Գաբրիել Աքյուզն անվանում է Մոր Դումյանա, սակայն այն հայտնի է նաև «Հըզըր Իլյաս եկեղեցի» անունով, իսկ Մաքս Վոն Բերխեմը «Ամիդա» վերնագրով ստեղծագործության մեջ հայտնում է, որ եկեղեցին կառուցվել է 1515 թ․ և կոչվում է Սուրբ Սարգիս։

Տարիներ առաջ, երբ մի հեռուստահաղորդման համար այս եկեղեցին էինք այցելել, այդ թաղամասի պատանիները մեր շուրջն էին հավաքվել և հարցրել․ «Գա՞նձ եք որոնում»։ Այսինքն՝ թեթևակի հարցաքննության էինք ենթարկվել։ Մինչդեռ այդ կառույցն արդեն իսկ լիովին ավիրվել էր գանձագողերի կողմից։

Անշուշտ, այդ օրվանից մինչ օրս որևէ փոփոխություն չի գրանցվել․ եկեղեցին թողնված է գանձագողերի և ժամանակի ողորմածությանը։ Մեկ այլ վտանգ են քարի գողերը, որոնք արդեն 1-2 տարի է, ինչ ի հայտ են եկել։ Լուրեր են շրջանառվում, որ վաճառվում են հատկապես պատկերներ կրող քարերը։ Այդ տեղեկությունները վրդովմունքի տեղիք են տվել։

Ենթադրաբար Արթուքլու բեյության ժամանակաշրջանում ապրած մի զբոսաշրջիկ, որի անունն անհայտ է, 1183 թ․ հրապարակված մի գրության մեջ պարսպի համար օգտագործված քարերի մասին նշում է․

«․․․Ամիդ քաղաքը (Դիարբեքիրըհիմնվել է Տիգրիս գետի արևմտյան ափին, 50 հոգու հասակի չափ բարձրություն ունեցող մի ժայռի վրա։ Այն շրջապատված է բազալտե քարերից կառուցված սև պարսպով։ Քանի որ պարսպի գույնը մուգ սև է, քաղաքն անվանվել է նաև «Սև»։ Այդ քարից աշխարհում այլևս ոչ մի տեղ չկա։ Այդ քարի նմանակն Իրաքում վաճառվում է մոտ 50 դինարով»։

Ահա և դեռևս 1183 թ․ արժևորված քարերով կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցին ներկայում լքված վիճակում է, և եթե միջոցներ չձեռնարկվեն, այն կկանգնի լիովին քանդվելու վտանգի առջև։

Ժամանակին որպես ուխտի ախոռ,  հացահատիկի պահեստ և բրնձի մշակման գործարան օգտագործված սույն պատմական եկեղեցին ներկայում կատուների, շների և էշերի ապաստարան է դարձել։

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net