կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-07 15:16
Մշակույթ

Դիարբեքիրում պատրաստվում են վերականգնել 500-ամյա Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին

Դիարբեքիրում պատրաստվում են վերականգնել 500-ամյա Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին

Թուրքիայում պատրաստվում են վերանորոգել Դիարբեքիրի Սուր շրջանում 16-րդ դարում կառուցված Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը ժամանակի ընթացքում ավիրվել է «ծուխ չունենալու» պատճառով։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում 3,769 քմ տարածք ունեցող սույն եկեղեցու սեփականության վկայականը պատկանում է Դիարբեքիրի Հըդըր Իլյաս Սուրբ Գրեգոս եկեղեցիների հիմնադրամին։ Դիարբեքիրի Սուրբ Սարգիսը, որի վերին հատվածը լիովին քանդված է, 1950-1985 թթ․ օգտագործվել է որպես բրնձի մշակման գործարան, դա է պատճառը, որ ժողովրդի շրջանում այն հայտնի է նաև Çeltik Kilisesi` «Բրնձի եկեղեցի» անվամբ։

Դիարբեքիրի հնագիտական թանգարանում պահպանված մի արձանագրության համաձայն՝ եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին։ Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը անցյալ տարվա հոկտեմբեր ամսին Դիարբեքիր կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել էր նաև Դիարբեքիրի նահանգապետ Մյունիր Քարալօղլուի հետ և օրակարգ բերել 16-րդ դարի կրոնական բազմազանության խորհրդանիշներից մեկը եղող Դիարբեքիրի եկեղեցիների պահպանության անհրաժեշտության հարցը։

Այս հանդիպումից հետո, նահանգապետարանից ստացված հրահանգով, Դիարբեքիրի հուշարձանների տնօրինության կողմից 2021 թ․ դեկտեմբերի 28-ին մրցույթ էր հայտարարվել՝ եկեղեցին ճշգրիտ կերպով վերականգնելու ունակ ընկերությունների համար։

Դիարբեքիրի հուշարձանների տնօրեն Ջեմիլ Քոչը և Դիարբեքիրի Հըդըր Իլյաս Սուրբ Գրեգոս եկեղեցիների հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը եկեղեցում ուսումնասիրություններ են իրականացրել և տեղեկացել այնտեղ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Ջեմիլ Քոչը «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ 16-րդ դարում կառուցված այս եկեղեցին ժամանակի ընթացքում հայկական համայնքի նվազման հետ մեկտեղ սկսել է ավերածությունների ենթարկվել, իսկ 1950-1985 թթ․ որպես պահեստ է օգտագործվել զանազան հասարակական հաստատությունների կողմից։

Քոչը նաև շեշտել է, որ եկեղեցին արժեքավոր է պատմական հուշարձան լինելու առումով։

Էրգյուն Այըքն իր հերթին հայտնել է, որ իրենք աշխատանքներ են մեկնարկել եկեղեցին վերստին կանգուն դարձնելու համար։

https://www.aa.com.tr/tr/kultur-sanat/diyarbakirda-500-yillik-surp-sargis-ermeni-kilisesi-restore-edilecek/2495201

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net