կարևոր
5554 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-17 16:00
Հասարակություն

Տեկորի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերանալու եզրին է․ թուրքական լրատվամիջոցի արձագանքը

Տեկորի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերանալու եզրին է․ թուրքական լրատվամիջոցի արձագանքը

Կարսի նահանգի գավառներից Տեկորում (պատմականորեն՝ գյուղ Արևմտյան Հայաստանում) գտնված 5 հայկական պատմական եկեղեցիներից վերջինը ևս վերանում է բարձիթողի վիճակում լինելու պատճառով։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, ահազանգում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ Անիի ավերակներից մոտ 25 կմ հարավ-արևմուտքում, Տեկոր գավառից 5 կմ հեռավորության վրա գտնվող այդ 5 եկեղեցիներից մեր օրեր է հասել միայն Սուրբ Սարգիս եկեղեցին, որը վերածվել է հովիվների և գանձագողերի հավաքատեղիի։

Ինչպես ահազանգում է թուրքական լրատվամիջոցը, եթե հնարավորինս շուտ միջոցներ չձեռնարկվեն, այդ եկեղեցին ևս, մնացած 4-ի նման, պատմության գիրկը կանցնի։ Եկեղեցու ներսը վերածվել է անասնագոմի, իսկ պատերը՝ քանդված են։ Տեղի բնակիչները պոկել են դրանք և տարել շինարարության մեջ օգտգարծելու համար։

«Իհլաս» լրատվական գործակալությունը նաև հիշեցնում է, որ Տեկորի բոլոր 5 հայկական եկեղեցիներն էլ գմբեթավոր են եղել, և թվարկում է դրանք՝ Սուրբ Կարապետ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս։  

Հիշեցնենք, որ այս 5 եկեղեցիներն ընդգրկող վանական համալիրը լքվել էր 13-րդ դարում` մոնղոլների արշավանքներից հետո: 1878 թ., երբ Կարսի մարզն անցել էր ռուսական տիրապետության տակ, վանական համալիրը վերանորոգվել էր և վերաբացվել:

https://www.cumhuriyet.com.tr/kultur-sanat/digorda-bulunan-tarihi-bes-kiliseler-yikiliyor-2061908

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net