Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոթիի կողմերում սկսված ադրբեջանական կրակոցների ուղղությունը երեկ երեկոյան ժամը 21։20-ի կողմերը թեքվել է դեպի Բաղանիս՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը։
Սկզբնական շրջանում միջդիրքային տարածությունում են կրակել, հետո սկսել գնդակոծել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, որը հենց ուղիղ նշանառության տակ է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես փակել են միջպետական ճանապարհի այդ հատվածը և մեքենաները սկսել են երթևեկել 2008 թվականին բացված շրջանցիկ ճանապարհով։
«Այդ տիպի կրակոցներ, ինչ եղել է անցած օրը, ունեցել ենք մեկ էլ 2018 թ սեպտեմբերին, երբ «Շանթ» զորավարժությունն էր անցկացվում»,-ասաց Նարեկ Սահակյանը։
2014 -2017 թթ Տավուշի այդ հատվածը կարծես ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում էր, բայց վերջին մեկուկես տարվա ընթացքում տարբեր պատճառներով փոխհրաձգությունը դադարել էր՝ նկատեց Նարեկ Սահակյանը։ Դրանից հետո մեկ էլ 2018 թ-ին էր նման մասշտաբի կրակոց եղել, մեկ էլ՝ երեկ երեկոյան։
«Դասապրոցեսը չի խախտվել, դպրոց-մանկապարտեզ հաճախելիությունը չի ընկել, բոլոր աշակերտները եղել են տեղում, խուճապային տրամադրություններ չկան, որովհետև դա կարծես մեր կենսակերպի մի մասն է․ լավ է, թե վատ՝ գնահատականները մի կողմ թողնենք, մեր բնակավայրն է»,-ասաց նա։
Այս պահին միջպետական ճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է, գյուղն իր առօրյա կյանքով ապրում է։
ՀԱՊԿ անդամ երկրի՝ Հայաստանի Հանրապետության, տարածքը գնդակոծվում է՝ մեր երկրի արտգործնախարարության լռության և միջազգային կառույցների զրո արձագանքի պայմաններում։
«Ժամանակը հասունացել է և նույնիսկ անցել է, բայց այսքան ժամանակ գոնե որևէ ծպտուն միջազգային կառույցների կողմից, որևէ միջազգային գնահատական չկա, մնում ենք միայնակ ինքներս մեզ հետ և միակ թելադրողը և իրավիճակի տերը մեր հայկական բանակն է»,-ասաց Նարեկ Սահակյանը։
Խաղաղ բնակիչներին թիրախավորելու՝ ադրբեջանական ձեռագրի հետևանքները՝ տների պատերին կրակոցների հետքեր, ջարդված պատուհաններ, կրակահերթից այրված հացահատիկի դաշտեր, արձանագրվեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատրաստած եռալեզու զեկույցում։ Ադրբեջանը, սակայն, շարունակում է անպատիժ կրակել։
«Պրն․ Թաթոյանը իր խմբով 2 անգամ եղել է Բաղանիսում, բոլոր վնասվածքները լուսանկարել է և եռալեզու զեկույց է պատրաստել։ Բայց եթե որևէ արդյունք լիներ՝ ես մի որևէ խողովակով տեղյակ կլինեի։ Գուցեև կա, բայց եթե լիներ էլ, ապա անցած օրվա կրակոցը չպետք է լիներ։ Այսինքն, զեկույցը, ցավոք սրտի, որևէ դերակատարություն չի ունեցել»,-ասաց նա։
Ամփոփելով անցած տարին՝ Բաղանիս համայնքի ղեկավարն ասաց, որ ձեռքբերումների տարի էր, քանի որ ամենակարևոր ձեռքբերումն են ունեցել․ «Պատերազմ չենք ունեցել»։
Բաղանիսի և սահմանամերձ այլ բնակավայրերի համար կենսական հարցերից ավելի կարևոր ֆիզիկական անվտանգությունն է։
2019 թ-ին Բաղանիսն ունեցավ բավականին գեղեցիկ, հարմարավետ մանկապարտեզ, որը ֆինանսավորվել է ԱՄՆ-ում գործող «Փարոս» հիմնադրամի կողմից․ «Ունենք 20 սան, փոքրիկները հաճախում են»։
Մյուս տարվա համար համայնքային 2 կարևոր ծրագիր ունեն՝ գյուղի հանդիսությունների սրահի կառուցումը և արտիզյան ջրհորի կառուցումը, որովհետև վերջին տարիների կլիմայական կտրուկ փոփոխությունների արդյունքում ջրի խիստ պակաս ունեն։
2019 թ-ին գյուղը, որ միջպետական ճանապարհի վրա է, ամբողջությամբ ասֆալտապատվել է։
Նոր տարվա նախապատրաստությունները Բաղանիսում սկսվել են՝ փռերը վառում են, հացը թխում․ «Ավանդական խոզ մորթելու արարողությունը կա, կա նաև մի բնավորություն, որ եթե տան տղամարդը տեղում չէ, գնում է արտագնա աշխատանքի, անպայման պետք է դեկտեմբերի 31-ի երեկոյան լինի իր օջախում, իր ընտանիքի հետ»։
Նարեկ Սահակյանը նաև ասաց, որ, սովորաբար, դեկտեմբերի 31-ի երեկոյան գյուղում միջոցառում է լինում փոքրիկների համար․ «Ձմեռ պապին է գալիս անտառից, ես ինքս բարձրանում եմ մեր դիրքերը, մեր զինվորների հետ եմ Նոր տարին նշում։ Գիշերը մինչև 3-4-ը հարևանը հարևանի տուն է գնում և այլն»։
Բաղանիսը՝ պարզ, փոքր գյուղ լիներով, ապրում է մի ընտանիքի պես, որովհետև այլ տարբերակով ապրելը նրանց համար ընդունելի չէ։
Աննա Բալյան
Առավել մանրամասն՝ տեսանյութով․