կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-02 16:08
Հասարակություն

Զինվոր սիրելը դարձել է մոդա. սահմանամերձ Բաղանիսի գյուղապետ

Զինվոր սիրելը դարձել է մոդա. սահմանամերձ Բաղանիսի գյուղապետ

Վերջին մեկ ամսում հակառակորդի խոցման թիրախում էին Տավուշի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչները: Բացի գյուղերի ուղղությամբ սովորական դարձած կրակահերթերից, ադրբեջանական կողմը գործի էր դրել խոշոր տրամաչափի զենքեր ու հրետակոծության էր ենթարկում այն բնակավայրերը, որոնք նախկինում քիչ, թե շատ անվտանգ էին: Սահմանին առկա լարվածության, գյուղերում տարածված ստահոդ լուրերի, Էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսված գումարը սահմանամերձ գյուղերին հատկացնելու նախաձեռնության և այլ հարցերի վերաբերյալ yerkir.am-ը զրուցեց Տավուշի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի հետ:

-Ներկայումս ի՞նչ վիճակ է Բաղանիսում և հարակից սահմանային գյուղերում:

- Արդեն 4-րդ օր է` գիշերները սահմանի մեր հատվածում հանգիստ են անցնում: Կոնկրետ մեր գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: Գյուղացիների շրջանում անհանգստությունը որոշակիորեն նվազել է, բայց անորոշությունը նույնն է:

 - Բերքահավաքի ընթացքում կրակոցներն ի՞նչ վնասներ են հասցրել գյուղին:

-Այժմ էլ գյուղում աշնանային բերքահավաքի ակտիվ սեզոն է. խաղողի բերքահավաքը մեզ մոտ նոր է սկսվել: Մեր խաղողի` 12 հա այգիները գտնվում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ, և որևէ երաշխիք չկա՝ կկրակե՞ն, թե՞ ոչ: Մեզ մոտ էլ է եղել, որ այգում աշխատող խաղաղ բնակիչների վրա կրակեն, բայց երջանիկ պատահականությամբ չի դիպել: Օրեր առաջ էլ Բաղանիս համայնքի բնակիչ Ռաշիդ Ալավերդյանի ուղղությամբ են կրակել, երբ իր այգում կարտոֆիլ էր հավաքում, բարեբախտաբար, գնդակը մի քիչ հեռու է ընկել, մարդն այդ օրը գործը կիսատ է թողել, հաջորդ օրը գնացել՝ շարունակել է:

-Գյուղացիների վնասները փոխհատուցվե՞լ են:

- Վերջին դեպքերից հետո 21 տան վնաս են գնահատել, ներկայացրել մարզպետարան, որն էլ տվյալները ներկայացրել է կառավարությանը: Առաջիկայում բնակիչները փոխհատուցում կստանան:

- Գաղտնիք չէ, որ ադրբեջանցիներն իրենց գյուղերը որպես վահան են օգտագործում և վերջին շրջանում հաճախ հենց գյուղերից են հրետանակոծում մեր բնակավայրերը: Արդյո՞ք դա չի խորացնում հայկական և ադրբեջանական հարևան գյուղերի խաղաղ բնակիչների միջև առկա թշնամանքը:

- Ադրբեջանի՝ սահմանից այն կողմ ապրող բնակիչները մեզ պես գյուղացի մարդիկ են, նրանք էլ պատերազմ չեն ուզում, քաջ գիտակցում են, որ սահմանային լարվածությունը սրում է իրենց երկրի զինվորական ղեկավարությունը: Իսկ մեր գյուղացին գիտակցում է, որ մեր զինվորը ստիպված է կրակում՝ սահմանն անվտանգ պահելու, գյուղացուն պաշտպանելու համար:

- Օրերս լուրեր տարածվեցին, որ Տավուշի մի քանի սահմանամերձ գյուղերի համար ադրբեջանցիները հակահայկական քարոզչություն են իրականացնում, մասնավորապես` բարձրախոսներով հայերեն լեզվով առաջարկում են անցնել Ադրբեջանի տարածք: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Այո, նման բան եղել է, հատկապես` սահմանին շատ մոտ գտնվող գյուղերում: Դա նրանց հերթական սադրանքն է, այդ կերպ փորձում են գյուղացիների վրա ազդել: Մեր գյուղի սահմանին, եթե անգամ հայտարարեին էլ, չէր լսվի:

-Այսօր ոմանք թերահավատորեն են վերաբերվում 18 տարեկանում բանակ զորակոչվածներին: Սահմանամերձ գյուղերում ինչպիսի՞ն է վստահությունը զինվորների նկատմամբ:

- Արիստոտելն ասել է, որ յուրաքանչյուր ավագ սերունդ ապագան չի վստահում կրտսեր սերնդին, բայց իրականում պետք է երիտասարդ սերնդին վստահել և էստաֆետը հանձնել անկախության սերնդին: Վստահ եմ, որ անկախության սերունդն այնքան է կայացած, որ ի վիճակի է շատ հոգսեր վերցնել իր վրա: Վստահորեն կարող եմ փաստել, որ երրորդ հանրապետության ամենակայացած կառույցը մեր բանակն է, քանի որ այն անձի շուրջ չի ստեղծված, այլ՝ գաղափարի: Այսօր բանակի դերը հասարակության մեջ օր օրի բարձրանում է, և դա ողջունելի է: Բայց մի բան էլ կա: Զինվոր սիրելն այսօր դարձել է մոդա, ես չէի ցանկանա այդպես լիներ, ես չէի ցանկանա` զինվորին ձևական սիրեն, ես կուզեմ` մեր զինվորին գիտակցաբար սիրենք՝ փոքր երեխայի օրինակով: Եթե այսօր զինվորն առաջին գծում կանգնում է, իր թիկունքում մեզ՝ գյուղացիներիս է տեսնում: Այդքանը բավարար է նրա համար, որ մեր կյանքը 18 տարեկան զինվորին վստահենք:

Զրուցեց Թագուհի Մելքոնյանը