Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտը վնասել է Հայաստանի մի շարք համայնքների ցանքատարածությունները, այգիները: Ներկա պահին համայնքապետերը կառավարության կողմից ձևավորած հանձնաժողովի անդամների հետ փորձում են գնահատել վնասի չափը` շրջելով տուն առ տուն, հողամաս առ հողամաս:
Yerkir.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը նշեց, որ 400 հեկտար վնասվել է, որից 160 հեկտարը խաղողի այգիներն են, 160 հեկտարը` բանջարաբոստանային կուլտուրաներ, 3 հեկտարը` ցորեն, 6 հեկտարը` դեղձ, սալոր, 60 հեկտարը` այլ կուլտուրաներ: Որոշ հողատարածություններ 50 տոկոսով են վնասվել, իսկ մնացածը վնասվել է 100 տոկոսով:
«Բանջարաբոստանային կուլտուրաների վերականգնման համար արդեն ուշ է, չեմ պատկերացնում, որ պոմիդորը կհասցնի նորից աճել ու բերք տալ»,- ասաց Ակնալիճի գյուղապետը:
Հարցին, թե ի՞նչ տրամադրություններ կան գյուղացիների շրջանում, Գևորգ Միսակյանը պատասխանեց. «Եթե ես էլ ձեզ չպատմեմ, բոլորդ գիտեք, թե ինչ վիճակում են գյուղացիները, բոլորն էլ վարկերի տակ են: Մի քանի տարի առաջ մեր գյուղում էլի ուժեղ կարկուտ եղավ, հազիվ էին հասցրել այդ վարկերը փակել, հիմա նորից` ծանր վիճակ: Եթե կառավարության աջակցությունը չլինի, դա գյուղացու համար շատ ծանր հարված կլինի»:
Ինչ վերաբերում է հակակարկտային կայանքներին, Գևորգ Միսակյանը նշեց, որ միշտ օգնել են դրանք և թույլ ամպերի դեպքում լավ օգնում են: Այս անգամ էլ նորմալ կրակել են, բայց ամպերը թույլ չէին, և կարկուտը խփեց:
Ակնալիճի գյուղապետի կարծիքով` ավելորդ է խոսել գյուղատնտեսության ոլորտի ապահովագրության մասին, որովհետև դա թանկ հաճույք է:
«Գյուղացիները չեն խոսում ապահովագրության մասին, գյուղացիները հասկանում են, որ տեղի է ունեցել բնական աղետ, և կառավարությունը պարզապես ինչ-որ կերպ պետք է ձեռք մեկնի: Կառավարության օգնությունն էլ կախված է ունեցած հնարավորություններից: Բնական է` գյուղացին կուզենա ամբողջական փոխհատուցում, բայց իրականում անհրաժեշտ է այնպիսի օգնություն, որ գյուղացին գոնե անտեսված չզգա իրեն»,- ասաց Գևորգ Միսակյանը:
Yerkir.am-ը զրույցեց նաև Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի գյուղապետ Եսայի Մովսիսյանի հետ: Նա նշեց, որ կարկուտից վնասվել են դեղձի, խաղողի, սալորի այգիները: Բերքի 80 տոկոսը կարելի է կորած համարել: Բանջարաբոստանային կուլտուրաներն էլ ավելի շատ են վնասվել, հատկապես` պոմիդորն ու պղպեղը:
«Անսպասելի աղետ էր: Միանգամից բռնեց, կարկուտն էլ խոշոր էր, ահա ինչու հակակարկտային կայանքները չէին կարող օգնել, թեև 20 րոպե կրակում էին»,- ասաց Եսայի Մովսիսյանը:
Գյուղացիների մասին խոսելիս գյուղապետը նշեց, որ բոլորն էլ վարկերի տակ են եղել: «Մարդիկ 2-3 միլիոն դրամով վարկ են վերցրել` բերք ունենալու համար, բայց 10 րոպեում Աստված պատժեց, էլի, գյուղացիների ամբողջ ունեցվածքը հավասարվեց զրոյի»,- ասաց Մայիսյանի գյուղապետը:
Նա նշեց, որ կարկուտից հետո անմիջապես մարզ են ժամանել և գյուղերով շրջել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Ներկայումս ընթանում է վնասների գնահատման պրոցես, որն էլ կօգնի կառավարությանը` փոխհատուցման կամ աջակցության որոշումները կայացնել: