կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-10 13:51
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեպտեմբերին մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն չվերթերը դեպի Հայաստան․ Փաշինյան

Որքան հասկացա, Քաղավիացիայի կոմիտեն հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են, որ պատրաստվում են վերականգնել ավիաչվերթերը դեպի Հայաստան. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:

«Որքան հասկանում եմ, արդեն սեպտեմբերին մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր ավիաչվերթերը դեպի Հայաստան»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ փոփոխություն են իրականացրել նաև կարանտինային ռեժիմների հետ կապված՝ արտերկրից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են տեղում կորոնավիրուսի թեստ հանձնել, 1 օրվա ընթացքում պատասխանը կլինի, եւ եթե բացասական լինի այն, մարդը կարող է կարանտին չանցնել։

Պարետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ ՀՀ-ն, այս պահի կարգավորումներով, օդային ճանապարհով մուտքի արգելք չի սահմանել որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ԵԱՏՄ-ում հարց են բարձրացրել, որ կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար մշակեն։

«Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են այդ քննարկմանը, և առնվազն մենք ի վիճակի կլինենք միասնական կանոն սահմանել։ Եվ եթե նույնիսկ հնարավորություն չլինի շատ մոտ ժամանակներում բացելու կանոնավոր փոխադրումները, ապա առնվազն փոխադրումների ստանդարտի միասնական սահմանում կունենանք մոտ ժամանակներում, և հարցի մեջ կմտնի պարզություն։ Այսինքն՝ հարցը կտեղափոխենք ԵԱՏՄ կանոնակարգումների դաշտ, որպեսզի ավելի պարզ ու միասնական լինի»,- ասաց Գրիգորյանը։

Փաշինյանը նշեց, որ, սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է, և երբեմն տպավորություն է, որ միայն Հայաստանում է այդպիսի իրավիճակ:

«Այսօր դեպի ԱՊՀ երկրներ շրջանառությունն ընդհանրապես փակ է: Եթե Ռուսաստանի մասին խոսենք, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը, կան որոշ բացառություններ: Մենք արդեն հիմա կարծում ենք, որ արդեն իրավիճակը հնարավորություն է տալիս, որ  ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնենք այս հարցը եւ փորձենք հասկանալ, թե ոնց և ինչ ժամանակացույցով ենք դուրս գալու այս իրավիճակից: Մենք արդեն նման քննարկում նախաձեռնել ենք ԵԱՏՄ ձևաչափով»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: