կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-17 21:34
Հասարակություն

Խոզի գրիպի կասկածով`3 տարեկան փոքրիկի մահը սթափության ահազանգ է. ինչից է պետք զգուշանալ

Խոզի գրիպի կասկածով`3 տարեկան փոքրիկի մահը սթափության ահազանգ է. ինչից է պետք զգուշանալ

Մանկական մահացության հերթական բոթը՝ ըստ Yerkir.am-ի, այս անգամ կասկածը խոզի գրիպից կամ գրիպի A տեսակից՝ H1N1-ից է:

Երեկ փոքրիկի մահվան ցավալի լուրը ափսոսանքից զատ մտահություն ու մի շարք հարցականներ  հրապարակ իջեցրեց:

Ինչպե՞ս է 3 տարեկան երեխային փոխանցվել հիվանդությունը:

Ինչու՞ է բուժվող հիվանդությունը մահվան ելքով ավարտվել:

Խոզի գրիպի գաղտնի շրջանը հիմնականում 2-4 օր է, առավելագույնը` մեկ շաբաթ: Մահվան պատճառները տարբեր են՝  դիմադրողականության անկում, քրոնիկ հիվանդությունների առկայություն, հաճախ նաև թոքաբորբ: Գրիպի ժամանակ թոքաբորբը կարող է վիրուսածին լինել, ինչն առավել վտանգավոր է, սակայն ավելի հաճախ զարգանում է երկրորդական բակտերիալ թոքաբորբ:

Կանխարգելիչ միջոցներն են` սպորտը, զբոսանքը մաքուր օդում, օրվա ընթացքում ավելի քան 3 լ հեղուկի ընդունումը (բացառությամբ գազավորված ըմպելիքների): Դիմադրողականության բարձրացմանը նպաստում է մասուրով թեյի օգտագործումը:

Աղջնակը, ջերմությամբ և շնչական խնդիրներով, Արարատի հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 14-ին՝ օրվա երկրորդ կեսին:

«Նրա մոտ ախտորոշվել է սուր բրոնխիտ, բարձր ջերմություն և ընդունվել է ստացիոնար բուժման»,- ասել է Արարատի ԲԿ տնօրեն Արայիկ Սարդարյանը:

Երկօրյա բուժման արդյունքում երեխայի ջերմությունը չի իջել, հակառակը, բուժումների երրորդ օրը ջերմությունը կտրուկ բարձրացել է: Ծայրահեղ ծանր վիճակում 3-ամյա փոքրիկը  տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ջերմային ցնցումների և գիտակցության կորստի պատճառով երեխան հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարքին:  

«Երեխայի մոտ գրիպի A տեսակ՝ H1N1-ն է հայտնաբերվել, սակայն չենք կարող պնդել, որ երեխայի մահը դրա հետևանքով է վրա հասել։ Ծնողները գրեթե մեկ ամիս չեն դիմել բժշկական օգնության, երեխայի վիճակը կտրուկ վատացել է տնային պայմաններում իրականացված միջոցառումներից։ Աղջնակի մոտ արձանագրվել է բարդ ֆեբրիլ ցնցումներ, նեյրոինֆեկցիա, առաջացել է գլխուղեղի լուրջ խնդիր։

Միայն հետազոտություններից հետո պարզ կլինի՝ արդյոք երեխայի մահը վրա է հասել H1N1-ի, թե սուր էնցեֆալիտի հետևանքով»,-ասվում է հայտարարության մեջ։

Խոզի գրիպը դասվում է պանդեմիկների շարքին: Այն աչքի է ընկնում հիվանդության ծանր ընթացքով, գրիպի մյուսՙ «սովորական» ձևերի համեմատ ավելի բարձր մահացությամբ, արագ տարածվելու հատկությամբ:  

Խոզի գրիպի դրսևորումները նույնն են, ինչ սովորական վիրուսի դեպքում: Ախտանիշները հետևյալն են.

• շնչարգելություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգստի վիճակում դժվարացած և/կամ հաճախացած շնչառություն

• մաշկի կապտավուն երանգ

• արյուն` խորխի մեջ կամ գունավոր երանգի խորխ

• ցավ կրծքավանդակում

• հոգեկան վիճակի փոփոխություն

• բարձր ջերմություն, որը չի նվազում ավելի քան 3 օր

• արյան ցածր ճնշում