կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-16 17:17
Հասարակություն

Որքանո՞վ է սպառնում է Հայաստանին խոզի գրիպի տարածումը

Որքանո՞վ է սպառնում է Հայաստանին խոզի գրիպի տարածումը

Տեղեկացրել էինք, որ Իրանի առողջապահության նախարար Հասան Ղազիզադեհ Հաշեմին հայտնել է, որ երկրում նախորդ ամիս խոզի գրիպի հետևանքով մահացածների թիվն ավելացել է` հասնելով 42-ի: Խոզի գրիպով վարակված 600 մարդ հոսպիտալացված է:

Իրավիճակի մասին հավաստի տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հարցում է կատարել տեղի նախարարությանը:

ՀՀ առողջապահության նախարարությունից yerkir.am-ին տեղեկացնում են, որ պարզվել է` նախորդ երեք շաբաթների ընթացքում ԻԻՀ հարավարևելյան երկու նահանգներում բռնկված խոզի գրիպի (H1N1) հետևանքով մահացել է 33 մարդ.«Վարակի դեպքեր արձանագրվել են ամբողջ երկրում: Առողջապահության նախարարության կանխատեսմամբ` հիվանդությունն առաջիկա օրերին կտարածվի ամբողջ երկրով և յոթ այլ նահանգներ՝ ներառյալ Թեհրանը, Արևմտյան և Արևելյան Ատրպատական նահանգները և Քերմանշահը, որոնք մյուս շրջանների համեմատ առավել ռիսկային վիճակում են: Համաճարակի բռնկումը անհրաժեշտ է նայել գրիպի սեզոնային տարածման համատեքստում և այս տարվա մահվան դեպքերը նախորդ տարիների համեմատությամբ գրեթե չեն տարբերվում և մտահոգության կարիք չկա»:

Հայաստանում 2015-2016 թվականների գրիպի սեզոնի ընթացքում /այսինքն ընթացիկ տարվա հոկտեմբերից մինչ այսօր/ արձանագրվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի (խոզի գրիպ) 3 դեպք՝ 2 երեխա, 1 հղի (թեթև ընթացքով) և գրիպի Բ տեսակ՝ 1 դեպք: Ի դեպ, բոլոր հիվանդներն էլ առանց որևէ խնդիրների կամ հետագա բարդությունների, առողջացել են:

«Գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը (խոզի գրիպ), համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարության, 2010 թվականից համարվում է մարդու համար սեզոնային գրիպի Ա տեսակի ենթատեսակներից մեկը և այլևս չունի պանդեմիկ ներուժ, այսինքն` չի կարող պատճառ դառնալ պանդեմիայի արձանագրման, քանի որ մարդու օրգանիզմն արդեն իսկ ծանոթ է նշված ենթատեսակին (հակամարմինների որոշակի մակարդակ): Մարդու մոտ հետ գրիպային բարդություններ, այդ թվում՝ մահվան ելքով, կարող են արձանագրվել գրիպի ցանկացած տեսակով և ցանկացած ենթատեսակով, որի մասին են վկայում միջազգային վիճակագրական տվյալները՝ յուրաքանչյուր տարի արձանագրվում է գրիպի 2-3 մլն դեպք, որից 500 000-ը՝ մահվան ելքով»,-տեղեկացնում են նախարարությունից:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են` խոզի գրիպի ախտանշանները բացարձակապես չեն տարբերվում գրիպի այլ ենթատեսակներից և տեսակներից: Բուժման ռազմավարությունը ևս նույնն է և բարդությունների առաջացումը ևս հնարավոր է գրիպի ցանկացած տեսակից և ենթատեսակից: