կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-16 20:09
Առանց Կատեգորիա

Դաշնակցությունը կգնա իր ճանապարհով

Դաշնակցությունը կգնա իր ճանապարհով

Նիկոլ Աղբալյան ուսանողական միության մի խումբ անդամների արտաքսումն ու հրաժարականը ոմանց համար առիթ ծառայեց խոսելու հրապարակ նետված, ՀՅԴ-ին առնչվող, հարցերի վերաբերյալ՝ օրակարգեր հստակեցնելու մասին: Իրականում սա կեղծ եւ քննարկման անհրաժեշտություն չպահանջող հարցադրում է: Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումները բանաձեւվել են ՀՅԴ Ընդհանուր, ինչպես եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն վերջին ժողովների կողմից, իսկ սրանցից բխող մարտավարական բնույթի անելիքները մշտապես ծրագրում են կուսակցության վերին մարմինները: Իհարկե ՀՅԴ-ի համար դոգմաներ չկան, կարող են տեղի ունենալ նոր քննարկումներ եւ ռազմավարական ու մարտավարական բնույթի նոր հստակեցումներ, բայց այն պարագայում, եթե ազգային ու պետական կյանքում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ եւ մոտեցումների վերանայման անհրաժեշտություն կա: Այդպիսիք անցնող ժամանակահատվածում չեն եղել հետեւաբար եւ վերարժեւորումների անհրաժեշտություն չի զգացվում՝ նույն իշխանությունն է, իր վարած քաղաքականությամբ, եւ նույն Դաշնակցությունը՝ այդ քաղաքականության նկատմամբ վերաբերմունքով:

Այստեղ ցանկանում եմ տեսական մակարդակի վրա մի հարց պարզաբանել՝ արդյո՞ք այն ինչ Դաշնակցության մոտեցումն է միակ ճշմարտություն է եւ պետք է պարտադիր լինի ողջ հայ ժողովրդի ու համայն աշխարհի համար: Իհարկե այդպես չէ՞ օրինակ ոմանք շատ լրջորեն համոզված են, թե Նիկոլ Փաշինյանը թավշյա, ժողովրդավարական հեղափոխություն է իրականացրել Հայաստանում եւ հիմա բարեփոխում, հզորացնում է երկիրը: Պատահել է նույնիսկ, որ Նիկոլ Փաշինյանին Արամ Մանուկյանի պատմուճանն են հագցրել: Ինչ կա որ, ինչպես սովորեցնում է ժողովրդավարության կանոններից մեկը՝ յուրաքանչյուրն իր տեսակետն ունենալու իրավունքն ունի: Աշխարհի բոլոր դաշնակցականներն էլ հետեւում են այն տեսակետին, որն ամրագրվել է կուսակցական մեծամասնության կամքով: Եւ եթե, օրինակ, որոշ ուսանող երիտասարդներ համամիտ չեն կուսակցական մեծամասնության տեսակետի հետ՝ իրենց բարի ճանապարհ, ազատ են գնալու ուր կցանկանան, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի թիմին կամ վերջինիս համակրողներին միանալու: Իհարկե ես այս մասին գրում եմ ոչ թե ուրախությամբ կամ չարախնդությամբ, այլ ցավով, որովհետեւ, ինչպես վստահ եմ տեղյակ են բոլոր նախկին ու ներկա Դաշնակցականները, մեր կուսակցությունը ընտանիք է եւ հետեւաբար, որքան հեշտ է նոր մարդկանց սեփական ընտանիք ընդունելը, նույնքան էլ ցավոտ է տան դռները ընտանիքի անդամների վրա փակելը: Բայց ելքն այս է, այլապես այլընտրանքը կլիներ այն, որ կամ օջախիդ մեջ ընտանեկան դավաճանությունը հանդուրժեիր կամ, ինչ որ մարդկանց ցանկությամբ, ընտանիքը քարշ տայիր օտարի մոտ ծառայության: Դաշնակցականները, վերածննդի ռահվիրանների նման, միշտ գիտակցել են, որ իրենց ստեղծածը իրենցից մեծ բան է, հետեւաբար կուսակցությունը չի կարող զոհաբերվել անձերի կամքին ու քմահաճույքին: Առավել եւս եթե, այսպես կոչված տարակարծությունը, համազգային մտահոգության արդյունք չէ, այլ հետապնդում է մասնավոր եւ խմբային նեղ շահեր:

1938 թվականին ՀՅԴ 13-րդ Ընդհանուր ժողովում զեկուցվում է, որ ընկեր Գարեգին Նժդեհը դրսեւորում է խմբակայնություն եւ ինքնագործունեություն: Բարձրագույն ժողովին տեղեկացվում է, որ համապատասխան մարմինն ընկերոջը կանչել ու զգուշացրել է արարքի հարցով, իսկ վերջինս ներողություն է խնդրել՝ խոստանալով վերջ տալ այդ գործունեությանը, բայց հետո շարունակել է նույն կերպ: Ժողովը որոշում է հեռացնել շարքերից Նժդեհին, որովհետեւ Նժդեհը, արժեք էր, բայց ոչ Դաշնակցությունից մեծ արժեք, մանավանդ իր անելիքի առումով: Կուսակցությունը մեկ անգամ արդեն ընկերոջը խնայել էր 1921 թվականին, հենց նրա անձը նկատի ունենալով:

Եւ սա նման միակ օրինակը չէ: Կամ այս կուսակցությունը, հանուն հայ ժողովրդի ներկայի ու ապագայի, պետք է պահպանի իր կազմակերպական ուժը կամ պետք է մատաղ արվի օրվա իշխանություններին, ինչպես ժամանակին ցանկություն ունեցողներ կային, որ այն զոհաբերվի Լեւոն Տեր Պետրոսյանի պատկերացումներին:

Ոչ ոք ոչ մեկի ձեռքը չի բռնում, թող յուրաքանչյուրը գնա իր ճանապարհով, կյանքը մեկ անգամ է տրվում եւ չարժե այն ապրել աններդաշնակության ու կեղծիքի մեջ: Դաշնակցությունն էլ կգնա իր ճանապարհով՝ իր հավատավորների հավատքի ուժով:

Արտաշես Շահբազյան