կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-29 19:06
Առանց Կատեգորիա

Կամ գնում ենք իրավական ճանապարհով, կամ՝ դատաիրավական բանդիտիզմի ճանապարհով. Վահե Հովհաննիսյան

Կամ գնում ենք իրավական ճանապարհով, կամ՝ դատաիրավական բանդիտիզմի ճանապարհով. Վահե Հովհաննիսյան

Հետհեղափոխական կարևոր և տրամաբանական մի փուլ ավարտվում է։ Փորձել տալ գնահատականներ՝ նշանակում է մտնել սուբյեկտիվ կարծիքների անվերջանալի հորձանուտ, այդ իսկ պատճառով մենք գնահատականների փոխարեն կփորձենք արձանագրել փաստերը։

 

Շատ արագ` առանց տեսանելի սահմանի, սկսվելու է հաջորդ փուլը։Անցումային փուլ չի լինելու. այդպիսին է հեղափոխության տրամաբանությունը,այդպիսին է տարածաշրջանը։

Հեղափոխական շոկը սահմանել է որոշակի ստանդարտներ, որոնցից ամենակարևորը պաշտոնյայի ինքնաընկալումն է։ Այլևս պաշտոնյայի մեջ մտել է վախը։ Նա այլևս չի մտածի պաշտոնավարման մի քանի տարում խոշոր ունեցվածքի տեր դառնալու և դրանով հպարտանալու մասին։ Պատժված լինելու վախը այլևս անշրջելի է։ Դրանով սահմանվում է պաշտոնյայի նոր կարգավիճակ։ Այս իշխանության մեջ էլ, հաջորդում էլ կլինեն մարդիկ, ովքեր կանտեսեն դա ու կարող է նույնիսկ «պլստան», բայց դա չի լինի այլևս տոտալ անպատժելիության և տոտալ «նորմատիվային պահվածքի» դրսևորում։ Եվ սա շատ ավելի կարևոր է հաջորդ իշխանությունների համար։

Ես դիտմամբ կանգ չեմ առնում անցած փուլի բազմաթիվ նրբերանգների, սխալների, ձեռքբերումների վրա և հակառակը։ Դա չունի կիրառական նշանակություն։ Շատ ավելի կարևոր է այն մակրոպրոցեսների ճիշտ ընկալումը, որով սկսում ենք նոր փուլը։ Դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մեծ խմբի.

ա. Դատաիրավական պրոցեսներ

բ. Պետության մոդեռնիզացիան և առաջընթացը

Սրանք զուգահեռ ընթացող զարգացումներ են՝ մեկը մյուսի վրա ունենալով մեծ ազդեցություն։ Եվ հենց այս երկու պրոցեսներն են որոշելու մեր պետության տեսանելի հեռանկարը։

Դատաիրավական Հայաստան

Իշխանության փոփոխությունից հետո սկսվեց իրավական պոպուլիզմի բուռն փուլը. շատ արագ հետ կբերվեն թալանված միլիարդները, բոլոր աղմկահարույց գործերը արագ կբացահայտվեն, մարտի 1-ի գործը շաբաթներ անց արդեն «բացահայտվել էր», ով ումից 27 տարվա նեղացածություն ուներ՝ դիմում էր իրավապահներին՝ ակնկալելով «արագ և արդար» պատիժ։

Լայն զանգվածների պարզունակ պատկերացումները, ցավոք, չհակակշռվեցին նոր իշխանության հիմնական դեմքերի՝ ավելի ծանրակշիռ և խորքային պատկերացումներով։

Այսօր արդեն պարզ է դառնում, որ թալանված և կամ Հայաստանից դուրս բերված միլիարդները չեն գալու Հայաստան ու չեն մտնելու բյուջե։ Դրանք Հայաստանի օգտին ծառայեցնելու համար լրիվ այլ մոտեցումներ էին պետք՝ ավելի գրագետ ու ավելի մտածված։

Բոլորը բոլորի վրա գործ տալու և թեժ գծերի մոլուցքը պարզվեց, որ որևէ կապ չունի իրավագիտակից քաղաքացու գաղափարի հետ։ Փոխարենը մենք ստացանք բզկտված և բոլորը բոլորի դեմ չարացած հասարակություն։

Իհարկե, հեղափոխության առաջին ամիսների մթնոլորտից բան չի մնացել, երբ պետության լրահոսը հիշեցնում էր «02», որտեղ իրավապահների դոմինանտությունը ճնշող էր։ Միայն ամիսներ հետո կհանդարտվի ու պարզ կդառնա, որ դրա 90 տոկոսը բլեֆ էր՝ զանգվածների վրա ազդելու պարզունակ հնարք։ Այդ ամիսներին էր, որ իրավապահների առաջին դեմքերն ամեն օր «սենսացիոն բացահայտումներ» էին անում «Հ1»-ի և «Ազատության» եթերում, ու ամիսներ անց պետք է պարզվի, որ դրանք, ճնշող մեծամասնությամբ, ջուր էին, մասնագիտական առումով՝ լուրջ իրավապահներին, լուրջ քննիչներին, լուրջ դատախազներին անվայել պահվածք։ Հիմա հանդարտվել է, բայց նստվածքը հո մնացել է, և նույն մարդիկ շարունակում են գործել։

Եթե մի պահ հիշեք, թե ինչ բացահայտումներ էին խոստացվում սկզբում, և համեմատեք ստացված արդյունքի հետ, զարմանալի չի թվա, որ այսօր կան դժգոհություններ, կա դիմադրություն, իսկ գիտակից շրջանակները հիասթափվել են։

Անկյունաքարային էր, իհարկե, մարտի 1-ի գործը։ Նոր իշխանությունը կարող էր իր համար որպես բրենդ ընտրել աշխատանքը, նոր գաղափարները, նոր նպատակները, երկրի նոր մթնոլորտը՝ թարմությունը և գաղափարների հեղեղը, սակայն փոխարենը՝ իրեն որպես բրենդ ընտրեց մարտի 1-ի գործը և դարձավ դրա գերին։

Իրավապահ համակարգը շատ արագ հասկացավ նոր քաղաքական իշխանության նախասիրությունը և նրան մատուցեց մարտի 1-ի այսօրվա գործը։ Զրոյական հանրային վստահություն վայելող մի գործ, գրված հապճեպ, առանց լուրջ իրավական հիմքերի, մի քանի հոգու իրավական պարանոյայի հիման վրա։ Այս գործը չի ունենալու հեռանկար, չի ունենալու որևէ ազդեցություն երկրում մարտի 2-ի էջը բացելու համար։ Այն նոր թշնամանքի, նոր բարիկադների, նոր վրեժի, նոր ատելության ահռելի ռեսուրս է կուտակում միայն։ Լայն հասարակությունն, ի վերջո, չի կարող դառնալ երկու կողմերի գերին։ Գալու է մի պահ, որ ձևավորվելու է երրորդ կողմը՝ որպես հանրային արբիտր, ու դժվար հարցադրումներ ձևակերպի երկու կողմին էլ՝ ինչո՞ւ հնարավոր եղավ մարտի 1-ը, ո՞վ ինչ չարեց՝ դրանից խուսափելու համար։ Դա անպայման լինելու է, ու դրա համար ոչ ՀՔԾ է պետք լինելու, ոչ՝ ՍԴ, ոչ էլ քաղաքական տոքսիկ պատկերացումներ։

Կա արդյոք այսօր հնարավորություն՝ մի պահի կանգ առնել։ Ես ուզում եմ հավատալ, որ դեռ կա։ Ափսոս է երկրում նոր մթնոլորտի, նոր տրամադրությունների, զարգացման նոր հնարավորության բացթողումը։

Ամիսների ընթացքում էմոցիոնալ դատաիրավական պրոցեսներից մենք անցում ենք կատարել այսօրվա վիճակին։ Այս առումով մենք կարևոր ընտրության առաջ ենք. կամ գնում ենք իրավական ճանապարհով՝ հրաժարվելով քաղաքական սուբյեկտիվ ցանկություններից, կամ՝ դատաիրավական բանդիտիզմի ճանապարհով։ Երկրորդ տարբերակի հավանականությունը բավական մեծ է՝ հաշվի առնելով դատավորների վրա ճնշումները և, իհարկե, ՍԴ շուրջ ձևավորվող վիճակը։ Տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որը, երկրի դատական համակարգը բարեփոխելու անվան տակ, ձգտում է կառավարելի դարձնել այն՝ ծրագրավորելով հատուկ քայլեր, պսևդոճգնաժամեր, և այդ ամենը հրամցվում է վարկանիշային գործիչներին՝ հնչեցնելու համար։ Սա իրոք, բերելու է իրավական բանդիտիզմի՝ իր կարճաժամկետ, բայց ծայրահեղ վտանգավոր հեռանկարով։

Հայաստանն, անշուշտ, ունի դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտություն։ Բայց բարեփոխման հիմնական սկզբունքը հետևյալն է. դու պետք է խնդիրը դնես՝ փոխելու հին համակարգը և ոչ երբեք՝այդ հին համակարգը օգտագործես քո շահերի համար։ Համատեղել այս երկուսը հնարավոր չէ։

Եթե ՀՔԾ-ն ու դատախազությունն անում են քո ուզածը, ուրեմն նրանք արդեն բարեփոխված են, եթե դատարանները՝ ոչ, ուրեմն նրանք հինն են։ Սա ոչ մի կապ չունի իրական բարեփոխումների հետ, սա բերելու հրեշավոր հետևանքների՝ անձնական և համապետական։ Սահակաշվիլին իր բարեփոխումների առաջին փուլից հետո չդիմացավ գայթակղությանը և համակարգը ծառայեցրեց իր անձնական նպատակներին։ Որոշ ժամանակ անց նա վտարվեց երկրից, իսկ իր համախոհները հայտնվեցին բանտերում։

Կան հարցեր, որոնց պատասխանների համար մենք ժամանակ չունենք։ Մենք ուզում ենք դատաիրավական համակարգի առողջացո՞ւմ, թե՞ լիակատար կառավարելի համակարգ, մենք ուզում ենք արդա՞ր, թե՞ դուրեկան վճիռներով դատարաններ, մենք ուզում ենք աշխատել ու զարգանա՞լ, թե՞ հանրությանը վաճառել նոր դատեր, մենք ուզում ենք հասկանալ մարտի 1-ը ու բացառել դրա կրկնությունը, հաշտ լինել երկրում, թե՞ ուզում ենք բավարարվել ՀՔԾ-ի, դատախազության ստեղծած լեգենդներով և երկիրը մտցնել որևէ վստահություն չներշնչող դատական անվերջ ու անմիտ պրոցես։ Հանուն ինչի՞ և հանուն ո՞ւմ։ Այսօր չտրվի պատասխանը, կտրվի վաղը։

Ինչո՞ւ եմ կարևորում դատաիրավական պրոցեսը մեր երկրում։ Ես կնախընտրեի շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել պետության մոդեռնիզացիայի և զարգացման ծրագրերին։ Ամբողջ խնդիրն այն է, որ դատաիրավական պրոցեսները ուղղակի ազդում են երկրի զարգացման վրա։ Դրանք ձևավորում են զարգացման համար ամենակարևորը՝ մթնոլորտը։ Չի կարող երկրում լինել «իրավապահա-դատարանային մթնոլորտ», ու երկիրը զարգանա։ Չի կարող մի խումբ սրճարանում որոշի ՍԴ օպերացիան, ու երկիրը զարգանա 21-րդ դարի չափանիշներով։ Եթե նույնիսկ Հրայր Թովմասյանի տեղը ՍԴ նախագահ նշանակվի Հռոմի Ֆրանցիսկոս պապը, միևնույն է, ՍԴ-ն դրանից հետո արդեն չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող։ Պետությունների զարգացման նախապայմաններում կան ավելի կարևոր գործոններ, քան կոնկրետ մարդկանց կամ մարդու պատկերացումներն ու ցանկությունները։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»