Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արաբական Միացյալ Էմիրություններում գործող սաուդական MBC TV-ին սկսել է հեռարձակել «Հրե թագավորություններ» անունը կրող հեռուստասերիալը: Հեռուստասերիալը պատմում է 16-րդ դարում Եգիպտոսում մամլուքների իշխանության վերջին շրջանի և այդ տարածաշրջանում Օսմանյան տիրապետության տարածման մասին: «Կայսրություն, որը ղեկավարվում էր արյունոտ օրենքով» կարգախոսով և 40 մլն դոլար բյուջեով հեռուստասերիալի սցենարի հեղինակները և դերասանները եգիպտացիներ են. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է artigercek.com կայքը:
Հեռուստաընկերությունը անցյալ տարի հայտարարել էր, որ ցանկանում են վերջ դնել արաբական աշխարհում թուրքական հեռուստասերիալների ժողովրդականությանը: Հեռուստասերիալը սկսել է հեռարձակվել նոյեմբերի 17-ից:
Էմիրեթական Al-Ayn’a լրատվական կայքի հետ զրույցում սցենարի հեղինակ Մուհամմեդ Սուլեյմանը նշել էր, որ փորձել են գրել ոչ մի սխալ չպարունակող պատմություն, իսկ օսմանյան շրջանը կոտորածներով լի է:
Սաուդական թերթն էլ գրում է, որ 14 մասից բաղկացած այս հեռուստասերիալը 2019 թ. արաբական աշխարհի ամենամեծ նախագիծն է. «Ջրի երես են ելնում օսմանցիների կողմից իրագործված հանցանքները ծածկելու և պատմությունը վերափոխելու մի շարք փաստեր». – նշել է թերթը:
Սակայն արաբական աշխարհում միանշանակ չէ այս սերիալի նկատմամբ վերաբերմունքը: Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում իշխանամետ լրատվամիջոցները գրում են, որ այս սերիալը բացահայտում է օսմանցիների արյունոտ պատմությունը, բռնապետությունը, պահպանողականությունը, հանցագործությունը և արաբների պատմության խեղաթյուրումը: Եգիպտական Ալ-Վաթանից Նավշա Ալ Հուֆին էլ գրում է, որ Թուրքիան, այնպես, ինչպես օսմանյան շրջանում էր, դավանում է դավաճանական և քաղաքական բռնաճնշումներ: Իսկ էմիրեթական Ալ-Աբայանայի հոդվածագիր Հասան Հարփը նշում է, որ արվեստը դեռևս ծառայում է արաբներին: Քաթարական Ալ-Ջազիրայի կայքում էլ նշվում է, որ ԱՄԷ-ն փորձում է խեղաթյուրել Թուրքիայի պատմությունը (Քաթարը բավական ջերմ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ):
Հոլանդիայում գործող «Թուրքական և արաբական աշխարհ» կոչվող կազմակերպության նախագահ Մեհմեթ Թյությունջյուն էլ նշում է, որ սերիալը քարոզում է թշնամություն թուրքերի դեմ և այն ունի քաղաքական բնույթ՝ հետապնդելու արաբներին թուրքերի դեմ լարելու նպատակ, և կոչ է արել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ քայլեր ձեռնարկել սերիալի դեմ:
Թուրք գործիչը կարծես թե մոռացել է, որ Թուրքիայում նկարահնվող և մի շարք երկներում հեռարձակվող թուրքական հեռուստասերիալները՝ ինչպիսիք են Օսմանյան կայսրության հիմնադիր Օսմանի հոր՝ Էրթողրուլի, օսմանյան սուլթանների՝ այդ թվում արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի մասին, քարոզում են ակնհայտ թշնամություն: