Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Հայաստանի կառավարությանը շարունակում են մեղադրել «ֆաշիստ» Գարեգին Նժդեհին հերոսացնելու համար: Դրանով զբաղվում են և՛ Ադրբեջանի իշխանությունները, և՛ որոշ ուժեր Ռուսաստանում՝ հայերի կողմից «Հիտլերի աջակցի» հանդեպ հարգալից վերաբերմունքի և «բանդերականության» միջև զուգահեռներ տանելով: Բայց արդյո՞ք Նժդեհը Բանդերայի նման ֆաշիստ էր, չե՞ն փորձում, արդյոք, չեղած բանի պատճառով գժտեցնել Մոսկվային ու Երևանին: Ըստ Yerkir.am-ի` այսպիսի հարցադրումներ է անում ռուսական «Վզգլյադ» թերթը:
Ըստ հոդվածագիր Դմիտրի Բավիրինի՝ Հայրենական մեծ պատերազմի պատմության վերանայման փորձերը հիմնականում ցավագին են ընկալվում Ռուսաստանում, իսկ Հիտլերի քաղաքական դաշնակիցների հանդեպ վերաբերմունքը նախկին խորհրդային տարածքում կտրուկ բացասական է, ու թեև որոշ պատմաբանների գնահատականով Նժդեհը «ֆաշիստ» է, սակայն այն, որ Ադրբեջանի իշխանություններն անընդհատ մատնանշում են դա ու պահանջում հանել Երևանում տեղադրված՝ Նժդեհի արձանը, ռուսների «կռիվը չէ»:
«Պետք է հստակ իմանալ, որ նրա անվան հետ կապված պատերազմը մեր պատերազմը չէ: Ի դեմս Ադրբեջանի նախագահի՝ ունենք մարդու, որը դիտավորյալ սեղմում է մեր պատմական հիշողության ցավոտ կետերը և այդպիսով փորձում վատացնել երկու դաշնակիցների՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, քանի որ Հայաստանը նրա համար պարզապես թշնամի է»,- գրում է Բավիրինը:
Ըստ նրա՝ թյուրքերին այդ հնարքը հաջողվել է կիրառել առնվազն երեք անգամ:
«XIX-ХХ դարերի սահմանագծին ազգայնական Դաշնակցություն կուսակցությունն ակտիվ քաղաքական և ահաբեկչական պայքար էր մղում Ռուսաստանի դարավոր հակառակորդ Օսմանյան կայսրության դեմ՝ նպատակ ունենալով դրա հայկական մասը դարձնել անկախ պետություն: Հայաստանի մյուս մասն այդ ժամանակ Ռուսական կայսրության կազմում էր, սակայն դրա ու ռուս պաշտոնյաների հետ կոնֆլիկտներ ունենալը Դաշնակցության անդամներին խստիվ արգելվում էր, քանի որ, առանց Պետերբուրգի հետ դաշնակցային հարաբերությունների, օսմանների հետ հաղթանակը հիմնավորաբար ընկալվում էր որպես անհնար: Այնուամենայնիվ, նավթային մուսուլմանական լոբբիի ջանքերով հնարավոր եղավ Նիկոլայ Երկրորդին համոզել, որ Դաշնակցությունը հսկայական վտանգ է կայսրության ամբողջականության համար: Որպես կանխարգելող քայլ՝ կայսրը բռնագրավեց Հայոց եկեղեցու ամբողջ ունեցվածքը՝ հօգուտ պետության, ինչից հետո դաշնակցականները Պետերբուրգը գցեցին թշնամիների ցուցակը, գնացին բոլշևիկների հետ համագործակցության ու իրենց գործունեությունը սկսեցին նաև Ռուսական կայսրության տարածքում:
Նժդեհը մեղադրյալ էր դաշնակցականների դեմ դատավարություններից մեկում և ռուսական բանտում անցկացրեց մոտ 3 տարի: Իսկ հայ ազգայնականների և կայսերական իշխանության այդ հակամարտությունից օգուտ քաղեցին առաջին հերթին բոլշևիկները և այլ հեղափոխականներ, ապա՝ օսմանները՝ Առաջին աշխարհամատում Պետերբուրգի ապագա հակառակորդները: Սա առաջին հնարքն էր»,- նշում է հոդվածագիրը:
Երկրորդը, ըստ նրա, վերաբերում է պատերազմում Օսմանյան կայսրության պարտությանը և Սևրի խաղաղ պայմանագրի կնքմանը, ըստ որի՝ կայսրության արևմտյան տարածքներն անցնում էին այն ժամանակ արդեն անկախ Հայաստանին:
«Հայտնի է, որ դա տեղի չունեցավ Աթաթուրքի՝ և՛ ռազմական, և՛ դիվանագիտական ճակատներում հաջող գործողությունների շնորհիվ: Նրան հաջողվեց իր կողմը քաշել Խորհրդային Ռուսաստանին, որն այդ ժամանակ ցանկացած միջազգային աջակցության սուր կարիք ուներ: Որպես հետևանք՝ Հայաստանը ոչ միայն չընդլայնվեց այն հողերի հաշվին, որոնք նրան տրվել էին Անտանտայի կողմից, այլև բաժանվեց Թուրքիայի և ԽՍՀՄ-ի միջև»,- գրում է Դմիտրի Բավիրինը՝ նշելով, որ «Բարեկամության և եղբայրության մասին» թուրք-խորհրդային պայմանագիրը խզեց Ստալինը՝ 1945-ի գարնանը. թեև Թուրքիան պատերազմի ժամանակ չեզոքություն էր հանդես բերում, սակայն թույլատրում էր գերմանական նավերի մոտենալը խորհրդային ափերին՝ հակառակ Մոնտրյոյի կոնվենցիայի: Ստալինը Թուրքիայից պահանջեց վերադարձնել ռուսական կայսրության կազմում եղած հայկական հողերը: Սակայն Արևմուտքը պաշտպանեց Թուրքիային, և Մոսկվայի այդ քայլի հետևանքը եղավ Թուրքիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Խրուշչովը Կոմկուսի հայտնի՝ XX համագումարում այդ պատճառով մեղադրանքներ հնչեցրեց Ստալինի հասցեին:
«Երրորդ դեպքը ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակահատվածում էր: Չնայած պատմական վիրավորվածությանը՝ Հայկական ԽՍՀ բնակչությունն ու քաղաքական վերնախավը կենտրոնական իշխանության հանդեպ բավականաչափ լոյալ էին, առնվազն ավելի լոյալ, քան վրացիները: Բեկումը՝ հօգուտ ազգայնականության և անջատողականության, տեղի ունեցավ Ղարաբաղի համար պատերազմի պատճառով, ավելի ճիշտ՝ այն բանի, որ այդ հակամարտությունում խորհրդային ղեկավարությունը նախնական փուլում աջակցեց Ադրբեջանին: Դա զարմանալիորեն նման էր ԽՍՀՄ-ի արշալույսին նույն՝ ղարաբաղյան հարցը լուծելու փորձին. չնայած հատուկ կառավարական հանձնաժողովի՝ հօգուտ հայերի կայացրած որոշմանը՝ Ղարաբաղը տրվեց ադրբեջանցիներին, քանի որ Բաքուն սպառնում էր առանց նավթի թողնել խորհրդային իշխանությանը: Ժամանակակից Երևանի և Բաքվի վատ, ավելի ճիշտ՝ շատ վատ հարաբերությունները ցանկության դեպքում կարելի է բնորոշել նույն բառով՝ Ղարաբաղ»,- գրում է հոդվածագիրը:
Ինչ վերաբերում է հայերի ազգային հերոս Նժդեհին, ըստ նրա, ադրբեջանցիներին նրա կերպարը նյարդայնացնում է նաև 1918-1920 թթ. հայ ադրբեջանական պատերազմում ունեցած ակտիվ ու նշանակալի դերի համար, սակայն նրանք միաժամանակ օգտվում են Նժդեհի անունից՝ նրան ներկայացնելով որպես «ֆաշիստ», հայկական Բանդերա կամ Շուխևիչ, որպեսզի սառնություն մտցնեն Մոսկվայի և Երևանի հարաբերություններում:
«Պարզություն մտցնենք՝ Նժդեհի ու նրանց միջև, որոնց անվանում ենք բանդերաշուխևիչներ, անդունդ է, եթե դիտարկենք նրանց ժամանակակից Ռուսաստանից: Նժդեհն իսկապես հայկական ազգայնականության՝ ցեղակրոնության, երբեմն բավականին արմատական և նույնիսկ միստիկ գաղափարախոսության հիմնական տեսաբանն է: Սակայն դրա և ուկրաինական ազգայնականների գաղափարախոսության սկզբունքային տարբերությունն այն է, որ Ռուսաստանը գլխավոր թշնամու և պատմական հակառակորդի դերում չէ: Առանց ռուսատյացության՝ ուկրաինական ազգայնականությունը պարզապես հնարավոր չէ, դա նրա հիմքն է և կրող կառուցատարրը, մինչդեռ ցեղակրոնությունը, ռուսական տեսանկյունից, մնում է «իրը՝ ինքն իր մեջ»: Նաև այդ պատճառով Նժդեհի կերպարը հայ ազգի համար միավորող է: Եթե Բանդերան Ուկրաինան բառացիորեն պառակտում է Արւմուտքի և Արևելքի, ապա Նժդեհին հարգանքով ու համակրանքով են վերաբերվում և՛ արևմտամետ կողմնորոշում ունեցող հայերը, և՛ ռուսամետները»,- գրում է հոդվածագիրը՝ եզրակացնելով, որ երբ Ալիևը փորձում է Ռուսաստանին հրահրել Հայաստանի ներկայիս իշխանությունների դեմ, նրանց ներկայացնելով որպես «ֆաշիստի պաշտպան», նաև օգտվում առիթից, որ նրանց հանդեպ որոշակի անվստահություն կա Ռուսաստանում, հարկավոր է հիշել, որ Նժդեհի արձանը կանգնեցվել է նախորդ իշխանությունների կողմից, հետևաբար՝ Նժդեհի պատճառով Երևանի հետ գժտվել՝ նշանակում է գժտվել ոչ թե ազգայնականների կամ արևմտամետների, այլ, որպես այդպիսին, հայերի հետ, առավել ևս, որ Նժդեհի գաղափարախոսությունը Ռուսաստանի համար «թունավոր» չէ:
«Մեզ համար լավ կլինի ընդհանրապես չարծարծել պատմության մեր պատկերացումներին հայերի ազգային հերոսի համապատասխանության թեման, քանի որ դա անխուսափելիորեն Հայաստանին կհրահրի հակափաստարկներ բերելու: Եկեղեցու ունեցվածքի բռնագրավումը, Թուրքիայի հետ դավադրությունը և Նժդեհի մահը խորհրդային բանտում՝ ահա, թե ինչ կհիշեցնեն մեզ՝ ի պատասխան: Առավել ևս, որ Նժդեհի ներգրավվածությունը Հիտլերի հետ դաշինքում բոլորովին այլ է, ինչ ուկրաինական «նացիկներինը»: Նա շատ և հաջողությամբ մարտնչել է կյանքի առաջին շրջանում, այդ թվում՝ Առաջին աշխարհամարտում, ինչի համար պարգևատրվել է ռուսական մի շարք շքանշաններով: Իսկ նրա համագործակցությունը նացիստական Բեռլինի հետ երրորդական էր և բացառապես՝ քաղաքական: Ապրելով Բուլղարիայում, ուր 1922-ին տեղափոխվել էր Խորհրդային Ռուսաստանից, Նժդեհը PR անողի դեր էր խաղացել վերմախտի Հայկական լեգեոնի ստեղծման ժամանակ: Եթե ավելի ճշգրիտ լինենք՝ քարոզում էր հայ ռազմագերիներին, որ մտնեն լեգեոն, քանի որ ԽՍՀՄ-ի պարտության մեջ տեսնում էր անկախ Հայաստանի ստեղծման հնարավորություն: Նա չի ստեղծել այդ լեգեոնը, նա չի ղեկավարել այն, նա չի եղել դրա հրամանատարը, նա խորհրդային ճակատում ընդհանրապես ոչ մի անգամ չի եղել: Նրա դերը, որպես հայ ազգայնական-տեսաբանի, ահռելի է, բայց որպես հայ «ֆաշիստի»՝ չնչին: Սակայն դա բավարար եղավ, որ Նժդեհը ձերբակալվի խորհրդային ռազմական հակահետախուզության կողմից Բուլղարիայում և ԽՍՀՄ-ում դատապարտվի 25 տարվա ազատազրկման, այնտեղ էլ մահացել է 1955-ին»,- գրում է Դմիտրի Բավիրինը:
Ամփոփելով՝ հոդվածագիրը նշում է, որ Նժդեհի գործունեությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում որևէ զգալի վնաս չի հասցրել խորհրդային իշխանությանը: Նրա գաղափարախոսությունը՝ հարաբերական արմատականությամբ հանդերձ, ռուսատյացություն, որպես գաղափար, չի պարունակում: Դա, ըստ հեղինակի, բավարար է՝ հասկանալու համար, որ Նժդեհին ու Բանդերային համեմատելը սխալ է:
«Հարկ է հաշվի առնել նաև այն, որ Նժդեհն ուներ բոլշևիկներին ատելու բոլոր բավարար հիմքերը՝ հայերի ցեղասպանության հետքերով թուրքերի հետ Հայաստանը բաժանելու համար: Եթե խորհրդային իշխանությունը վերջին հաշվով իրագործեց Բանդերայի՝ ուկրաինական հողերը միավորելու գաղափարը, ապա Հայաստանի պարագայում տեղի ունեցավ ճիշտ հակառակը, այնպես որ՝ «անշնորհակալությունը», որում խորհրդային հայրենասերները»մեղադրում են ուկրաինացիներին, հայերի վրա տարածել չի կարելի»,- գրում է Դմիտրի Բավիրինը և եզրափակում, որ մոտ դաշնակցի հետ ոչ էական բաների պատճառով գժտվելը հիմարություն է, Նժդեհի հետ պատերազմը ռուսներինը չէ, այլ Իլհամ Ալիևինը, որը, սեփական շահերից ելնելով, փորձում է դրա մեջ ներքաշել Մոսկվային, ինչը թուրքերին մեկ անգամ չէ, որ հաջողվել է: