կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 17:12
Աշխարհ

ԱՄՆ-ը խուսափեց հեղափոխությունից. «Վզգլյադ»

ԱՄՆ-ը խուսափեց հեղափոխությունից. «Վզգլյադ»

ԱՄՆ-ում անկարգություններն ավարտվեցին նույնքան հանկարծակի, որքան սկսվել էին: Երկիրն ամոքում է վերքերն ու հաշվում վնասը: Ցուցարարների կողմնակիցները պնդում են` ոստիկանությունը կբարեփոխվի, իսկ որոշ քաղաքներում ընդհանրապես չի լինի, բայց, ըստ ամենայնի, նրանց գործողություններն ընդամենը նպաստելու են Թրամփի` երկրորդ ժամկետով ընտրվելուն. ըստ Yerkir.am-ի` կարծիք է հայտնում ռուսական «Վզգլյադ» թերթը և պարզաբանում, թե ինչու ԱՄՆ-ը խուսափեց հեղափոխությունից, և ինչու բոլորին թվաց, թե «սևերի ապստամբություն» է սկսվել:

«Երբ զանգվածային անկարգությունները նոր էին սկսվել, ոչ ոք պատրաստ չէր ենթադրություն անելու, թե ինչ թափ կստանա ապստամբությունը և որքան կձգվի: Արդյունքում` ցուցարարները դիմացան 10 օր, և հիմա հարկ է  ընդունել, որ շատերը գերագնահատեցին ԱՄՆ-ում տեղի ունեցած իրադարձությունները, ընդ որում ` դա վերաբերում է և՛ ցույցերի կողմնակիցներին, և՛ դրանց հակառակորդներին:

Ներքևից դուրս գալով կարանտինից` ԱՄՆ-ը ցնցվեց, սակայն մնաց ոտքի վրա և ներկայումս վերադառնում է բնականոն կյանքին: Ու թեև երկրում երաշխավորված է տնտեսական անկումը, ինչպիսին չի եղել մոտ 100 տարի, որոշ կարևոր ցուցանիշներ սկսել են արագ վերականգնվել` ներառյալ այս պահին ամենակարևորը` աշխատատեղերը»,- գրում է թերթը:

ԱՄՆ քաղաքական համակարգի կայունության գաղտնիքներից մեկն, ըստ պարբերականի, այն է, որ ամեն ճգնաժամից նա դուրս է գալիս նորացված, դաս քաղած և նոր հենարան գտած, սակայն այս անգամ որևէ սկզբունքային փոփոխություն չի կանխատեսվում: Եվ ոստիկանության բարեփոխումները, որոնք պահանջում էին իրականացնել ցուցարարները, մոտ ժամանակներս չեն լինի, բացի երկու վերապահությունից: Առաջին` Մինեապոլիսում, որտեղ սկսվեց ամեն ինչ, ոստիկանություն չի լինի: 400 հազարանոց բնակչություն ունեցող քաղաքում կարգուկանոնի պահապանների գործառույթը կիրականացնի ստեղծվելիք ժողովրդական աշխարհազորը` միլիցիան, սոցիալական  ծառայությունների, օրինակ` փրկարարների հետ համագործակցությամբ: Սա փորձ է, որի արդյունավետությանը ոչ ոք վստահ լինել չի կարող, սակայն տեղական իշխանությունները «ցանկանում են փորձել»:

Երկրորդ վերապահումն ավելի էական է` Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու և նախկին փոխնախագահ Ջո Բայդենը խոստացել է հաղթանակի դեպքում  ստեղծել  դաշնային վերահսկողական մարմին, որը կհետևի ոստիկանության աշխատանքին և անհրաժեշտության դեպքում այն կկարգավորի: ԱՄՆ-ի համար դա ապարատային փոքր հեղափոխություն է, քանի որ ոստիկանության համար պատասխանատու են միշտ եղել տեղական իշխանությունները` նահանգն ունի իր ոստիկանները, քաղաքը` իր, շրջանը` իր, և բոլորը միասին ատում են «դաշնայիններին»:

«Բայց այդ խիզախ նախաձեռնությունն իրականացնելու համար Բայդենը նախ պետք է նախագահ ընտրվի, իսկ այդ հարցում խնդիրներ կան: Ամեն ինչ կարող է փոխվել` կտրուկ փոփոխությունների դարաշրջան է, և Դոնալդ Թրամփի`  նոյեմբերյան ընտրություններում հաղթելու ներկայիս շանսերն ավելի մեծ են, չնայած այն բանին, որ երկրում նրա վարկանիշն ավելի ցածր է, քան նախկին փոխնախագահինը:

Կարելի է երկար թվարկել պատճառները: Սկսենք նրանից, որ Բայդենը (նախկինում` վառ հռետոր) զգալիորեն ծերացել է, խառնում է ժամանակն ու տարածությունը, ինչի պատճառով էլ գործող նախագահը նրան մականուն է տվել` «քնկոտ Ջո»: Իսկ ավարտենք նրանով, որ նախագահական ընտրություններում հաղթանակի համար հարկավոր է հաղթել կոնկրետ նահանգներում,այլ ոչ թե ամբողջ երկրում (2016-ին, ընդհանուր առմամբ, երկրում հաղթել էր Հիլարի Քլինթոնը` նախևառաջ մեծ ու լիբերալ Կալիֆոռնիայի և Նյու Յորքի հաշվին):

Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունն, անշուշտ, այդ ամենը գիտի, այդ պատճառով փորձեցին անգործությունից և փողի պակասից բորբոքված հակակարանտինային ակցիաները ներկայացնել որպես պատերազմ «ռասիստ Թրամփի» դեմ և սևամորթ հանրության ապստամբություն ընդդեմ դաշնային իշխանության: Սակայն իրականում միասնական սևամորթ հանրություն ԱՄՆ-ում չկա»,- գրում է թերթը և ներկայացնում սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներ:

Դրանց համաձայն` Թրամփի վարկանիշն աֆրոամերիկացիների շրջանում ցույցերի ֆոնին աճել է մինչև 40 տոկոս, որը ռեկորդային է Թրամփի համար, նաև`հանրապետականների` Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից ի վեր:

Կարելի է ենթադրել, ըստ, թերթի, թե ինչպիսին է այդ 40 տոկոսի սոցիալական կազմը` տարեց մարդիկ` ջարդարարների մայրերն ու հայրերը, նաև միջին խավը, որի ներկայացուցիչները կայացել են ամերիկյան հասարակության մեջ և չեն զգում «համակարգված ռասայական ճնշումը»:

«Նույնիսկ մարդկանց, որոնք ավանդաբար քվեարկում են դեմոկրատների օգտին, երկրում տիրող անկարգությունները ստիպել են համակրել պահպանողական Թրամփին, որը խոստանում է կարգուկանոն և «ամերիկյան Ամերիկա», այսինքն` ազգային ինքնություն, որն ավելի բարձր է ռասայականից:

ԱՄՆ-ի սևամորթ քաղաքացիները բազմաթիվ սոցիալական խնդիրներ ունեն, դրանք հայտնի են: Տեղական ոստիկանությունն անթույլատրելի հաճախ սպանում է մարդկանց և հեռու է իդեալական լինելուց: Սակայն Ամերիկայում տեղի ունեցածը «վաղուց կանխատեսված` սևերի ապստամբություն» չէր, այլ ավանդական հուզումներ, որոնք բնորոշ են համարյա ցանկացած սերնդի ձախ հայացքներով երիտասարդությանը: Դա հենց սերունդների, այլ ոչ թե ռասաների պայքար է»,- կարծիք է հայտնում ռուսական պարբերականը` ընդգծելով, որ դրա համար այս անգամ, ըստ ամենայնի, խթան դարձավ կորոնաճգնաժամը:

«Ամերիկայում երբ կողմերից մեկն արմատականություն է ցուցադրում, ընտրողների մեծ մասն աջակցություն է հայտնում մյուս կողմին: Լիբերալները չորս տարի ծախսեցին, որ ապացուցեն ` Թրամփը վտանգավոր արմատական է: Սակայն պարզվեց, որ արմատականն ամենևին էլ նա չէ: Եվ եթե որևէ առանձնահատուկ բան տեղի չունենա, 2020-ի նախագահական ընտրությունները շատ ձանձրալի կլինեն` արդյունքի ակնհայտության պատճառով»,- եզրափակում է «Վզգլյադը»: