Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է մնալ Փենսիլվանիայի հանրապետականների գլխավոր խաղաքարտը, գրում է AFP լրատվականը։
«Ես ձեզ խոստանում եմ, որ առաջիկա շատ, շատ, շատ կարճ ժամանակահատվածում դուք շատ երջանիկ կլինեք», - ասել է Թրամփը իր կողմնակիցներին՝ Լատրոուբ քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ:
Մասնակիցներից Լեսլի Բոսվելը ասել է, որ եկել է «զվարճանալու եւ քվեարկելու Թրամփի օգտին» կամ առնվազն հանրապետականներին:
Թրամփի կողմնակիցների համար երեքշաբթի օրը հանրապետականների հաղթանակը կօգնի իրենց հերոսի համար ճանապարհ հարթել իշխանության հաղթական վերադարձի համար:
«Նա միակն է, ով արժանի է նախագահի պաշտոնին», - ասաց 39-ամյա Բոսվելը:
Նախկին նախագահը քրտնաջան աշխատում է քարոզարշավի վերջին օրերին՝ այցելելով Այովա եւ Ֆլորիդա, ինչպես նաեւ Փենսիլվանիա։
Շաբաթ օրը Թրամփը հավանություն է տվել Սենատի հանրապետական թեկնածու Մեհմեդ Օզին, ով պայքարում է դեմոկրատ Ջոն Ֆեթերմանի դեմ, որը ներկայումս նահանգի փոխնահանգապետն է:
Սենատը հավասարապես բաժանված է հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ. վճռորոշ ձայն ունի դեմոկրատ փոխնախագահ Կամալա Հարիսը: Փենսիլվանիայի հաղթողը կարող է որոշել Կոնգրեսի վերին պալատի վերահսկողությունը, հետեւաբար, նաեւ նախագահ Ջո Բայդենի օրակարգի ճակատագիրը:
Մինչ Թրամփը հարյուրավոր աջակիցների եւ անթիվ դրոշների ներքո բեմ է դուրս գալիս, տեղական թեկնածուները հերթով հավաքել են իրենց հետեւորդներին մեկ կարգախոսի շուրջ՝ գնաճ, գնաճ, գնաճ: Միացյալ Նահանգները ներկայումս պայքարում է 1980-ականներից ի վեր չգրանցվախ գնաճի դեմ:
«Եթե ցանկանում եք դադարեցնել մեր երկրի կործանումը եւ փրկել Ամերիկյան երազանքը, ապա երեքշաբթի օրը պետք է հսկա կարմիր ալիքով քվեարկեք հանրապետականների օգտին», - ասել է Թրամփը՝ նածազգուշացնելով որ «ԱՄՆ-ը կարող է հայտնվել միջուկային պատերազմի մեջ», իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «չգիտի, թե ինչ է անում»։
«Սա ամենամեծ վտանգն է, որին բախվել է այս երկիրը իր ստեղծման օրվանից՝ զենքի հզորության պատճառով, եւ մենք ունենք մարդ, ով չգիտի, թե ինչ է անում», - ասել է Թրամփը։
Թրամփը հերթական անգամ ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չէր լինի, եթե ինքը իշխանության ղեկին մնար։ Նա նաեւ պնդել է, որ իր վարչակազմը կանխել է Հյուսիսային Կորեայի հետ միջուկային պատերազմը, որը, նրա կարծիքով, կարող էր տեղի ունենալ, եթե դեմոկրատները 2016 թվականին իշխանության ղեկին մնային:
Նրա խոսքով, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենավատ նախագահը, ով «ճանաչողական խանգարումներ» ունի, ղեկավարում է իշխանությունը։
«Նա խոսում է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մասին, որը կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը եւ ամենակործանարարը, որը երբեւէ եղել է, զենքի պատճառով, որի մասին ոչ ոք նույնիսկ չի ուզում խոսել», - ընդգծել է Թրամփը: