կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-25 17:04
Տարածաշրջան

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանի իշխանությունների սադրանքներն անխուսափելի էին դարձրել պատերազմը Ղարաբաղում»

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանի իշխանությունների սադրանքներն անխուսափելի էին դարձրել պատերազմը Ղարաբաղում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր «Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո»․ հայտնում է minval.az կայքը:

«Վերջերս տեղի ունեցած ամեն ինչի համար պատասխանատու է Հայաստանի կառավարությունը, որը ձեռնարկել է բազմաթիվ սադրիչ քայլեր, գործողություններ և հրահրել պատերազմը»,- ուրբաթ ասել է թշնամական պետության ղեկավարը՝ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին:

Նա հիշեցրել է, որ «ՀՀ պաշտպանության նախարարը (ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանը) հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի նոր տարածքների համար, ինչը բացահայտ սպառնալիք էր Ադրբեջանի համար: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ բանակցություններին պետք է մասնակցի նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը»:

«Իրականում դա ոչ միայն դեմ էր մեր շահերին, այլ նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների կողմից մշակված ձևաչափին: Հայաստանի ղեկավարության մեկ այլ սադրիչ հայտարարություն այն էր, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Սա փաստացի վերջ դրեց  ցանկացած բանակցության»,- ասել է Ալիևը:

Նա նաև մեղադրել է Հայաստանին, որ 2020 թվականին «շփման գծում և Ադրբեջանի հետ պետական սահմանին իրականացրել է երեք ռազմական սադրանք, որի արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ»:

«Այսպիսով՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր, և դա բոլորի համար պարզ էր»,- ավելացրել է Ադրբեջանի նախագահը: