կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 15:04
Տնտեսական

Նախարարը, տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը դարձյալ կպարգևատրվե՞ն ակնհայտ ձախողման համար

Նախարարը, տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը դարձյալ կպարգևատրվե՞ն ակնհայտ ձախողման համար

Առիթ ունեցել ենք բազմաթիվ անգամներ անդրադառնալու պետական բարձր պաշտոն զբաղեցնողների ինքնապարգևատրումների ու պարգևատրումների արատավոր գործընթացին, որն արդեն ունի հույժ գաղտնի բնույթ, նաև՝ անօրինական դրսևորումներ:

Զուգահեռաբար փաստել ենք՝ իշխանափոխությունից հետո աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում հետաձգվում են համակարգային բնույթի, հրատապ մի շարք բարեփոխումներ, արձանագրվել են ընթացիկ կառավարման բազմաթիվ ձախողումներ: Առարկայական խնդիր է նաև այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի ցածր որակը: Այս խնդիրների համար յուրային ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել:

Փոխարենը՝ «նոր» Հայաստանի առաջին օրերին բացառապես սուբյեկտիվ դրդապատճառներով բազմաթիվ մասնագետներ կորցրեցին իրենց աշխատանքը պետական համակարգում, որին միշտ են վերաբերվել նվիրումով, աշխատել են՝ ջանք չխնայելով, և որ ամենակարևորն է՝ ազնիվ մղումներով:

Ցավոք, պետք է արձանագրենք, որ բերված փաստերն ավելանում են նոր օրինակներով:

Մասնավորապես՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ի՝ ՀՀ կառավարության նիստի օրակարգում ներառված էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը, ըստ որի՝ կառավարությունը ամբողջությամբ վերաշարադրեց ընդամենը երեք շաբաթ առաջ այդ նույն նախարարության առաջարկով ընդունած իր որոշումը: Այս որոշմամբ նախատեսված էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել կապիտալ դրամաշնորհ՝ 1,9 միլիարդ դրամի չափով, մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու նպատակով: Որոշման ամբողջական փոփոխության համար բերված հիմնավորումն էլ հետևյալն է՝ փոփոխությունը պայմանավորված է որոշման մեջ առկա խնդիրները կարգավորելու, հնարավոր բացթողումները վերացնելու անհրաժեշտությամբ, որի արդյունքում կապահովվի մանկատների շրջանավարտների բնակարանի հարցի լուծման արդյունավետ տարբերակ:

Եվ այս նոր տարբերակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզել է որոշման ընդունումից հետո՝ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ կադաստրի կոմիտեի հետ ունեցած քննարկումների արդյունքում:

Փաստորեն, ստացվում է, որ, առանց անհրաժեշտ բովանդակային քննարկումների, նախարարությունը կառավարությանն առաջարկում է որոշման նախագիծ: Ընդունում են որոշում: Հետո նոր՝ որոշման իրականացման ընթացքում քննարկումներ են ունենում: Եվ քննարկումների արդյունքում պարզվում է՝ որոշման ընդունումից ընդամենը երկու շաբաթ անց պետք է ամբողջությամբ փոխվի իրենց որոշումը և հաստատվի նոր կարգ:

Իհարկե, առանձին խնդիր է նաև այս որոշման իրականացման բուն գործընթացի կազմակերպումը ոլորտային կառավարման այսպիսի պայմաններում:

Պետական թափանցիկ կառավարման առումով էլ ակնհայտ խնդիր է այն, որ խնդրահարույց այս նախագիծը ՀՀ կառավարության նիստի օրակարգում էր ընդգրկվել որպես չզեկուցվող հարց: Եվ ընդունվեց՝ առանց կառավարության նիստում բարձրաձայնվելու:

Բնական հարց է առաջանում՝ այս ակնհայտ խնդիրների համար առաջնային պատասխանատու հանդիսացող բարձրաստիճան պաշտոնյաները պետք է շարունակե՞ն ստանալ պարգևատրում՝ իրենց աշխատավարձի չափով, թե՞ ...

Իրավական առումով հատկանշական է այն, որ գործող օրենքով պետական պաշտոնյան պարգևատրվում է իր աշխատանքի կատարողականի արդյունքներով՝ հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի համար: Իսկ ակնհայտ ձախողումների համար առանձին խումբ բարձրաստիճանների պարգևատրման՝ օրենքով սահմանված հիմքեր դեռևս չկան:

  

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ