կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-16 15:45
Առանց Կատեգորիա

Վանյանը դժգոհ է ադրբեջանական ֆիլմերի փառատոնի ձախողման համար

Վանյանը դժգոհ է ադրբեջանական ֆիլմերի փառատոնի ձախողման համար

Լրագրող. «Դուք հավասարության նշան դնո՞ւմ եք Սումգայիթի եւ Խոջալուի միջեւ»:

Գեորգի Վանյան. «Այո, ես հավասարության նշան դնում եմ, որովհետև երկուսն էլ ծրագրավորվել են նույն կենտրոնի կողմից»:

Լրագրող. «Ո՞ր կենտրոնի: Ո՞վ է իրագործել: Ասեք, մենք «չգիտենք»:

Գեորգի Վանյան. «Կրեմլից: Մեր եւ ադրբեջանցիների ձեռքերով»:

Այս երկխոսությունը հատված է Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանի լրագրողների հետ այսօրվա հանդիպումից: Նա բազմիցս է նման էկզոտիկ հայտարարություններ անում` ադրբեջանական մամուլին հարզացրույցներ տալիս: Իսկ այսօր երկար-բարակ մանեւրելուց հետո Վանյանը եւս մեկ անգամ արտահայտեց իր տեսակետը` այս անգամ արդեն հայ լրագրողների համար:

 

Այն, որ լրագրողները հետեւողականորեն փորձում էին ստանալ իրենց հարցերի պատասխանները (թեեւ Վանյանն էլ ոչ պակաս հետեւողականորեն խուսափում էր հարցերին պատասխանելուց), Վանյանը «տեռոր» որակեց. «Իմ բոլոր հրապարակային ելույթները ուղեկցվել են այս նույն շանտաժով, այս նույն տեռորով` իրեն դատարան հռչակած հայրենասերների կողմից»:

 

Ողջ ասուլիսի ընթացքում «խեղճ» Վանյանը բողոքում էր մեր «ոչ տոլերանտ» հասարակության դեմ, որը «արգելափակել» է իր ֆիլմերի փառատոնը: Թե ինչու՟ ձախողվեց փառատոնի անցկացումը, Վանյանը պատասխանեց. «Փաստարկվում էր, թե Գեորգի Վանյանը հակահայկական պրոպագանդայի ֆիլմեր է ուզում ցուցադրել եւ զոմբիացնել հայ հասարակությանը: …Հայրենասերները հասան իրենց նպատակին»:

 

Ներկաներից բլոգեր Տիգրան Քոչարյանը հարց տվեց, թե արդյո՟ք Վանյանն իրեն քաղաքական էմո չի համարում, քանի որ իր այդ «լացուկոծը» այդպիսի տպավորություններ է ստեղծում, Վանյանը պատասխանեց. «Ոչ չեմ համարում»:

 

Թե ի՟նչ բովանդակությամբ են այն ֆիլմերը, որոնք պիտի ցուցադրվեին փառատոնի ժամանակ, այդպես էլ Վանյանը չներկայացրեց: Լրագրողներից մեկը խնդրեց, որ Վանյանը գոնե մի ֆիլմի սյուժեն հակիրճ պատմեր: Պատասխանը հետեւյալն էր. «Ես Ձեզ համար ֆիլմ պատմող չեմ, երիտասարդ»:

 

Այն հարցին, թե ինչու՟ Վանյանը որեւէ կերպ չի արձագանքել Մանվել Սարբեկյանի մասնակցությամբ ադրբեջանական վերջին ֆիլմին, Վանյանը պատասխանեց. «Ես եմ որոշում` ինչին արձագանքեմ եւ ինչին չարձագանքեմ»:

 

Նշենք, որ փառատոնը փոխադարձության սկզբունքով չէր կազմակերպվելու, այսինքն` ադրբեջանական ֆիլմերը ցուցադրվելու էին Հայաստանում, այնինչ` Ադրբեջանում հայկական մշակութային որեւէ միջոցառում չի կազմակերպվում: Հարցին, թե ինչու՟ Բաքվում էլ հայկական ֆիլմերի փառատոն չեն կազմակերպում, Վանյանն ասաց. «Թե Ադրբեջանում ինչ կանեն` իմ անելիքը չէ: Ես խնդրում եմ` թեմայից մի շեղվեք»:

 

Հիշեցնենք, որ 2009 թվականի նոյեմբերից սկսած Գեորգի Վանյանը փորձում է Երեւանում կազմակերպել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, սակայն դրանք չեն կայանում. դահլիճի տնօրենները տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են տարածքը տրամադրել: