կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-28 23:10
Հասարակություն

Հայոց լեզու՞ն է խանգարում բարձունքի հասնել. Արթուր Խաչատրյան

Հայոց լեզու՞ն է խանգարում բարձունքի հասնել. Արթուր Խաչատրյան

«Այստեղ հավաքված են գիտության, արվեստի, մշակույթի գագաթին գտնվող մարդիկ: Ես ընդամենը ֆիզմաթ գիտությունների թեկնածու եմ, և իմ գիտական ներդրումն անհամեմատելի է այստեղ  գտնված մարդկանց ներդրման հետ: Ձեզանից որևէ մեկին հայոց լեզո՞ւն խանգարել է մշակույթում, արվեստում և գիտության մեջ բարձունքին հասնելու ճանապարհին: Սեփական օրինակով գոնե նայենք, և հետո այդ նայածի պրիզմայի միջով նայենք այսօրվա վարվող քաղաքականությանը», - ըստ Yerkir.am-ի՝ այսօր մեկնարկած «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովին, անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության ներկայացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծում տեղ գտած վիճելի դրույթներին, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը:

Անդրադառնալով «գիտական էսթետիզմին»՝ Խաչատրյանը փաստեց. «Գիտություն՝ հանուն գիտության, եթե լավ գիտնական ես՝ ինչո՞ւ է պետք, որ լեզու իմանաս: Լեզուն, վստահ, ձևավորում է մտածելակերպը, մտածելակերպը բերում է գործողություններին, և այդ գործողությունները նաև կերտում են տնտեսական մոդելը, որը կա տարբեր երկրներում: Ես հիշում եմ՝ երբ դեռ ուսանող էի, այն ժամանակ շվեդական սոցիալիզմի մասին շատ պոպուլյար էր խոսելը, և առիթ ունեցա լսել Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և Շվեդիայի վարչապետ Ինգվար Կառլսոնի խոսքը, որտեղ նա ասեց՝ ի՞նչ եք ուզում, շվեդական սոցիալիզմը շվեդների համար է, դուք ձեր սեփական մոդելը մշակեք»:

Ա. Խաչատրյանն իր խոսքը շարունակեց հարցադրումներով. «Կա՞ լավ գիտնական, ով լեզու չգիտի: Իհարկե՝ կա: Բայց այդ գիտնականը կամավո՞ր է հրաժարվել լեզու սովորելուց, թե՞ որոշակի դժբախտ հանգամանքերի հետևանքով լեզու չի իմանում: Ես հիշում եմ՝ 1990-ական թթ. սկզբներին Իգոր Մուրադյանն ռուսերեն ինչ-որ բան ասաց, և ՀՀՇ-ականները վրա տվեցին, նա, պատասխանելով՝ ասաց. «это мое несчастье»»::

Ըստ բանախոսի՝ բոլոր գիտնականները, նաև՝ հայ գիտնականները, որոնք լեզու չգիտեն, կամավոր ընտրությամբ չէ, որ լեզու չգիտեն, այլ դժբախտ հանգամանքերի հետևանքով է, որ չգիտեն:

«Այդ դեպքում՝ ինչու՞ ենք մենք զրկում այսօրվա լավ գիտնականներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով երեխա ժամանակ՝ տանը, ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում լեզու չեն սովորել, լեզու սովորել բուհում: Ինչու՞ ենք անարդար վարվում այդ երիտասարդ, պոտենցիալ գիտնականների նկատմամբ», - նշեց նա:

ՀՅԴ ԳՄ անդամն օրինակներ է բերում. «Եթե հարցնենք վատ պարողին՝ հազար պատճառ կբերի, ցածր առաջադիմությամբ ունեցող ուսանողին, չկայացած գիտնականին որ հարցնես՝ կասի՝ ես ուզում էի սովորել, բայց չթողեցին, տրական հոլովը սեռականից չէի տարբերում ինձ դուրս գցեցին համալսարանից»:

Ա. Խաչատրյանն ընդունում է, որ Օքսֆորդի համալսարանն ավարտած տնտեսագետը, ֆիզիկոսն ու մաթեմատիկոսն ավելի բարձր են իրենց գիտելիքներով, քան ԵՊՀ-ն ավարտած մասնագետները:

«Բայց արդյո՞ք լեզուն է պատճառը: Եվ եթե մենք ուզում ենք մեր կրթական մակարդակը հասցնել եվրոպական և ամերիկյան մակարդակի, արդյո՞ք ճիշտ տեղից ենք սկսում: Թե՞ ինչ-որ մի թաքնված օրակարգ կա, որի մասին մեզ չեն տեղեկացնում», - այսպիսի հարցադրումներով իր խոսքն ավարտեց Արթուր Խաչատրյանը:

Ավելի վաղ  Yerkir.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանի ու Արծվիկ Մինասյանի պատասխանատվության ներքո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել է «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովը՝ բուհական և ակադեմիական շրջանակների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչների, առանձին մտավորականների և քաղաքագետների մասնակցությամբ: 

Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են ազգային պետականությանը, կրթական, մշակութային և լեզվական քաղաքականություններին առնչվող հարցեր, փորձ է արվել ուղենշել մտավորականության և պետական կառույցների անելիքներն ու խնդիրները: