Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երիտասարդությունը սոսկ շարժիչ ուժ չէ: Վճռականության, կամքի կոփման, կաղապարներ փշրելու, երբեմն նույնիսկ բնության երևույթներին ու բացառմանը հակասելու կենսահատված է: Երիտասարդությանը խորթ է տեղապտույտը: Կես քայլն էլ թռիչքային առաջընթաց է անսահմանաչափ երազանքի ճանապարհին: Հասարակական կարծրատիպեր ու կարծիք, ավագների թերահավատ հայացքներ… Ու մի կարճ կյանք: Հասցնելու ու սխրագործելու համար ուժ է պետք: Եվ դա ներշնչում է երիտասարդությունը: Թռիչք՝ հանուն երազանքի: Բարձունքը նրանց անդավաճան պաշտպանն է: Երբեք թիկունքով չի շրջվի: Սակայն պոպուլիզմը ձյունահյուսք է, որը գահավիժման անհրաժեշտ չափաբաժնին է սպասում: Ներքևում հավերժական լճացումն է, վերևում գահավիժելու անխուսափելիությունը: Ձևականությունը ժամանակավոր է, քանի դեռ չեն կտրվել խամաճիկային թելերը: Արհեստական ծագմամբ բոլոր կապող-բանտողները՝ պարաները, ամրալարերը, ցանցերը և մյուս բոլոր միջոցները, որոնք, ի տարբերություն երկրի ու բարձունքի ձգողության, ժամանակավոր են: Հավերժականն ընթացքն է՝ ժամանակատարածքային անսահմանությամբ: Ուղղությունն էլ անդավաճան ուղեկից է՝ անգամ քաոսային շարժման դեպքում: Այսպես ուրեմն, բնության 5-րդ ու 6-րդ տարերքներն են երիտասարդությունն ու շարժումը: Անգամ հետքայլի ճկումն է բացառում տեղապտույտը: Թռիչքից առաջ զսպանակվելն ու ճկումն աքսիոմա է: Իրական առաջընթացը հենց ֆիզիկայի ու բնության չհայտնագործված ու չգրված օրենքներով թռիչքն է դեպի՝ դեռևս ուտոպիա համարվող բարձունք: Եվ ով է բացառել, որ ուտոպիան հնարվել է որպես տիեզերքի ու շարժման չափման միավոր, կամ գոյի անտեսանելի տարածությունը բանաձևելու փորձ:
Հակառակ դեպքում, ինչպես 20-25 տարեկան Ալեքսանդր Մեծի ուտոպիան գոյության կկոչեր հելլենիզմը, որից հանապազօրյա սնունդ են առնում բոլոր ժամանակների մշակույթներն ու ընթացքը: Տիգրան Մեծը, ում կանխակալորեն անփորձ էին համարում, ստեղծեց հայոց պատմության առաջին /ու էլի ուտոպիա. չեմ ասում վերջին/ կայսրությունը, որը ցայժմ հպարտության զգացումն ապրելու բերկրանք է տալիս՝ ահել թե ջահելի: Պետք է միայն հիշել այն անհույս լճացումը, որում հայտնվել էր երկիրը մինչև Տիգրանի գահակալումը: Ընդամենը 3 տարում երիտասարդ Հիսուսն անշրջելիորեն շրջեց մարդկային պատմության ընթացքի վեկտորը, մարդու հոգևոր աշխարհը:
Նրանց երազանքներն ու աշխարհայացքները, գաղափարներն, իրենց ժամանակի ուտոպիա էին: Բայց թռիչքն անպայման ինչ-որ տեղ հասցնում է: Հիսուսից առաջ ուրիշ մեսիաներ չհաջողեցին: Նա հաջողեց, որովհետև նախորդները բարձունքին մոտ թռիչքի մեկնակետ էին թողել: Մաշտոցն ու աշակերտները հազիվ թե հաջողեին գրերի գյուտից անմիջապես հետո հայոց պատմությունն ու մշակույթը լուսավորել «Ոսկեդարով», եթե մեկնակետ չունենային՝ հեթանոսական մշակույթի խոյակները:
«Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ երկրագունդը». Սա է արքիմեդյան ուտոպիան: Իսկ երկրագունդն արդյոք արդեն ձեռք չի բերել այդ հենման կետն ու անշրջելիորեն գլորվում է, թեկուզ ասենք՝ ոչ Արքիմեդի թեթև ձեռքով: Երկիր մոլորակի մեր ժամանակների օրհասական կծկումներն ինչ-որ մե՜ծ, բա՜րձր թռիքից առաջ ճկվելու դիրք է հիշեցնում: Այդ թռիչքի բարձրության ու երկիր մոլորակի ձգողության ճնշումները երիտասարդության թևերին է ծանրացած: Նրանք գալիս են նորի, ձևույթի, ներշնչանքի, արկածախնդրության, ինքնահաստատման, հեղափոխելու, վազանցելու և տիրանալու անհագ մոլուցքով: Գալիս են այնտեղից, ուր սարդոստայնապատ անկյուններում բահն ու մանգաղն արդեն հանձնվել են պարապությանը, և իզուր է, որ դեռևս թանգարանային նմուշների ցանկում իրենց պատվավոր տեղը չունեն: Ոչ ոք իրեն արժանի բարձունքում չի համարում: Ու սկսում է քաոսային մրցավազքը: Պայքար՝ կենսատարածքի, դիրքի, էգի, արուի, բանկային վարկերի հերթերի արտահերթ սողոսկումների, սելֆային լայքահավաքության, սիլիկոնային շրթունքների, ընդգծված բարեմասնություններն ի ցույց դնելու վազանցի, մարմնի ու հոգու առևտրի, համացանցային երջանկության պատրանքի, քաղաքական խամաճիկային ներկայացումներում դեր ստանալու համար…
…Երիտասարդության տարերքն անբռնազբոսիկ ճախրանքն է, բարձրության անկանխատեսելի վեհությունը: Ու այդ երիտասարդությունն արդեն ճանաչում է իր բարձունքը: Եվ ոչ մի պայմանականություն չի կապում նրա թևերը:
Վան Նովիկով