կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-01 21:28
Հասարակություն

Մոնթե նշանակում է բարձունք, այս վարժարանը բարձունքի վրա է, այն ձերն է. Վիգեն Սարգսյան

Մոնթե նշանակում է բարձունք, այս վարժարանը բարձունքի վրա է, այն ձերն է. Վիգեն Սարգսյան

Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա կապակցությամբ, Դիլիջանում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, զինված ուժերի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ՀՀ կառավարության և հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Բարձրացվել են Հայաստանի Հանրապետության պետական և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դրոշները, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի ձեռամբ կատարվել է տնօրհնեքի արարողություն: Մոնթեականներին ուղղված իր խոսքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարևորելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր շենքային պայմանները, հորդորել է ուսումնառության ընթացքում բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:

«Երանի մեզ, որ ականատես եղանք, թե ինչպես է Հայաստանի ամենակարևոր ուսումնական հաստատություններից մեկը տեղափոխվում ամենահարմարավետ պայմաններով, դրախտային մի անկյունում գտնվող հիասքանչ ուսումնական համալիր: Որպես մարդ, ով տեսել է աշխարհի շատ ուսումնական հաստատություններ, վստահեցնում եմ, որ իր պայմաններով, այս համալիրը չի զիջում ոչ մեկին: Դա մի կողմից շատ հաճելի է, մյուս կողմից պարտավորեցնող»,- մոնթեականներին ուղղված շնորհավորանքի խոսքում նշել է նախարարը` հավելելով, որ վարժարանի նոր մասնաշենք տեղափոխելու միտքն իր մոտ ծագել է, երբ նախորդ տարի, այցելելով ռազմամարզական վարժարան, տպավորվել է ուսումնական հաստատության ձեռքբերումներով, սակայն նույնչափ էլ մտահոգվել՝ ծանոթանալով վարժարանի շենքային պայմաններին:

«Մոնթե նշանակում է բարձունք: Այնպես է ստացվել, որ այս վարժարանը բարձունքի վրա է: Այս բարձունքը ձերն է, բայց շատ կարևոր է, որպեսզի բարձունքը չլինի վերջնակետ, այլ լինի ճանապարհ դեպի ավելի մեծ հաղթանակներ: Մեր կարգախոսն է` «ճանապարհ դեպի բարձունք»»,- եզրափակել է իր խոսքը նախարարը` բարի երթ մաղթելով վարժարանի սաներին:

Հանդիսավոր միջոցառումից հետո նախարարը, հյուրերի հետ, շրջել է վարժարանի տարածքում, այնուհետև «Արիության դաս» անցկացրել մոնթեականների համար: